Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ

Հունվար 25,2006 00:00

ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՊԱՏՄԵՑԻՆ ԹԱՏՐՈՆՈՒՄ 2007-ին բուհական ընդունելության քննությունները անց են կացվելու դպրոցներում Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի մեծ դահլիճը երեկ լեփ-լեցուն էր հանրապետության տարբեր մարզերից Երեւան եկած բարձր դասարանցիներով: Նրանց այստեղ էին ուղարկել իրենց ուսուցիչներն ու տնօրենները: 1000-ից ավելի աշակերտներից շատ քչերը գիտեին հավաքի բուն նպատակը: «Եկել ենք թատրոն նայենք»,- մեր հարցումներին ի պատասխան ասում էին նրանք՝ անգամ բեմադրության անվանումը չիմանալով: Բանն այն է, որ ԿԳ նախարարությունը որոշել էր աշակերտներին ցուցադրել Մուրացանի «Ռուզան» դրաման, բայց դրանից առաջ երեխաներին ծանոթացնել կրթական բարեփոխումներին: Մինչ այդ, ԿԳ նախարարն իր աշխատասենյակում հանդիպել էր 50-60 «ընտրյալ» աշակերտների հետ, որոնք կրթության ոլորտի բարեփոխումների մասին հարցեր են ուղղել նախարարին: Լրագրողներին, սակայն, տեղեկացված էր, որ հարցուպատասխանը լինելու է Մայր թատրոնում՝ աշակերտների եւ ուսուցիչների առավել լայն շրջանակում: Սակայն այստեղ, ներկայացումից առաջ, ամեն ինչ ավարտվեց նախարարի ելույթով: Միջոցառումն էլ բացեց 3 աշակերտ, որից 2-ը Երեւանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցի սան էր: Իսկ այդ դպրոցը նախկինում տնօրինում էր ԿԳՆ հանրակրթության վարչության ներկայիս պետ Նարինե Հովհաննիսյանը: Եվ այս երեխաների հետ մասնագետները հատուկ էին պարապել՝ բարեփոխումների մասին հոգեցունց մտքեր ասելու համար: Արմինե Թորգոմյանը, օրինակ, խոստացավ իր ծնողների հետ միասին ակտիվորեն մասնակցել բարեփոխումների գործընթացին: Իսկ 9-րդ դասարանցի Վռամ Խոջագորյանը բարեփոխված կրթական համակարգն ու ներկայիս համակարգն այսպես համեմատեց. «Մենք այսօր քարքարոտ ճանապարհի եւ վերանորոգված մայրուղու արանքում ենք: Շարունակենք ճանապարհը քարքարոտ ճանապարհո՞վ, թե՞ թեքվենք դեպի պայծառ ապագա»: Մեզ հետ զրույցում Վռամը պատմեց, որ բարեփոխումների մասին իրենց հետ զրուցել է դասղեկը, հետո առավել ակտիվ աշակերտներին որոշել են ուղարկել նախարարություն: Նոր կրթական համակարգի անցնելու մասին խոսելով՝ Վռամը մեզ հետ զրույցում մտավախություն էլ հայտնեց, ինչը շրջանցեց բեմում. «Մտածում եմ, որ կլինեն ճանապարհներ, որ թույլ կտան շրջանցել այդ բարեփոխումները, խոսքը հիմնականում ընդունելության քննությունների մասին է: Կարծում եմ՝ այդ բարեփոխումները 100 տոկոսով չեն իրականանա»: Երեւանի թիվ 179 դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ Շալո Խաչատրյանը եկել էր Մայր թատրոն, որովհետեւ լսել էր, որ նախարարն է գալու. «Ես գիտեմ, որ կրթության եւ գիտության նախարարը պետք է խոսի, դրա համար եմ եկել: Երեւի կխոսի, թե ինչ պետք է փոխվի կրթության մեջ, բայց տեղյակ չեմ ինչի մասին է խոսքը, դպրոցում էլ չեն ասել: Ես դասի չեմ գնում ինչքան ժամանակ, չգիտեմ, թե ինչի մասին է խոսքը»: Գեղարքունիքի մարզի Ճամբարակ գյուղի թիվ 3 դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ Դավիթ Քոչարյանին էլ դպրոցում ասել են, որ ժամը 12-ին լինի Սունդուկյանում. «Բարեփոխումների մասին մինչեւ այսօր լսել էինք, այսօր մի քիչ պատկերացում կազմեցինք, բայց ոչ՝ խորությամբ»: Իսկ ինչի՞ համար են այս բարեփոխումները. «Դե երեւի Հայաստանի բարգավաճման համար»,- եղավ պատասխանը: Այս ընթացքում որոշ բարեփոխումներ արդեն փորձարկվում են: Ճիշտ է՝ արդյունքներն այնքան էլ հուսադրող չեն: Արդեն հայտնի է, որ 2007-ից բուհական ընդունելության եւ դպրոցական ավարտական քննությունները նույնացվելու են եւ անցկացվելու են 2 տեսակ հարցաթերթիկներով՝ մեկը պարզապես դպրոցն ավարտողների եւ մյուսը՝ բուհ ընդունվելու ցանկություն ունեցողների համար: Մոտ մեկ ամիս առաջ Շիրակի մարզում անցկացված փորձարկումն այնքան էլ ցնցող արդյունքներ չի տվել: Նախարար Սերգո Երիցյանի ներկայացմամբ, աշակերտները դժվարացել են, այսպես ասած, բուհական տարբերակից, մասնավորապես՝ հայոց պատմությունից: Եվ ամենակարեւորը՝ մարզերը դեռեւս չունեն քննությունների անցկացման համար անհրաժեշտ պայմաններ: Այս գարնանը փորձարկում կարվի նաեւ Երեւանում, իսկ ընդունելության քննությունների անցկացման հարցում փոփոխություն այս տարի դեռ չի մտցվի: Ըստ նախարարի, կարող են լինել միայն տեխնիկական բնույթի նորամուծություններ, որոնց մասին նախապես կտեղեկացվի: Առաջիկայում Սերգո Երիցյանը նպատակ ունի հավաքել նաեւ ծնողներին՝ բարեփոխումներին ծանոթացնելու նպատակով: Ըստ ամենայնի, կընդգրկվեն այն ծնողները, ովքեր դպրոցական խորհուրդների անդամ են: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2006
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031