Լրահոս
Օրվա լրահոսը

Հանգստացողները թունավորվել են

Հունիս 22,2006 00:00

Աղվերանում հանգստանալը կոլեկտիվի համար ավարտվել է ցանով ու քորով

Հայաստանի հանգստյան առավել հայտնի բնության գոտիները մասնավորեցված են: Հանգստանալու համար հատկապես ամռան սեզոնին ազատ տեղ չես գտնի, որտեղ գնում եւ կարպետը փռում ես, որ «պիկնիկ» անես, գլխիդ կանգնում են տվյալ հանգստյան գոտու տերերն ու զբաղեցրած տարածքի համար փող ուզում՝ սկսած 5 հազար դրամից մինչեւ 10-15 հազար: Ընդ որում, այս գումարը վճարում ես միայն երկաթե սեղանից, փայտե նստարաններից եւ լավագույն դեպքում՝ զուգարաններից օգտվելու համար: Կոտայքի մարզի Աղվերանի հանգստյան գոտին էլ սանտիմետր առ սանտիմետր մասնավորեցված է: Օրերս մի կոլեկտիվ (տվյալները խմբագրությունում են) հանգստանալու նպատակով մեկնել էր Աղվերան: Կոլեկտիվի բոլոր անդամներն առանց բացառության մի քանի ժամ հետո թունավորվել են, սակայն ոչ թե սննդից, այլ՝ արտաքին միջավայրից: Մարդիկ միանգամից սկսել են քոր զգալ ու մարմնով մեկ կարմիր բշտիկանման ցան է դուրս տվել: Աղվերան կատարած այցից արդեն անցել է 4-5 օր, սակայն մինչ օրս քորը չի դադարել եւ մարդիկ բարձր ջերմություն ունեն: Նույնիսկ ի վիճակի չեն աշխատանքի գնալ: Երբ այցելել են բժշկի, վերջինիս ախտորոշման համաձայն, հիվանդների մոտ ոչ թե ալերգիա է, այլ՝ թունավորում: Մեր տեղեկություններով, մոտ 8-10 օր առաջ Աղվերանի անտառները վնասակար միջատների դեմ ուղղաթիռով սրսկվել են եւ չի բացառվում, որ հենց դրանից էլ թունավորումը լինի: Կոտայքի մարզպետարանի բնապահպանության բաժնի ղեկավար Կամո Թումոյանը մեր այս դիտարկման հետ չհամաձայնեց, ասելով, որ «սրսկումը նշված հանգստյան գոտուց մոտ մեկ կմ հեռու է կատարվել, դեղը հակամիջատային է եւ չէր կարող մարդկանց մոտ նման երեւույթներ առաջացնել, մենք էլ ենք սրսկման պահին անտառում եղել եւ ոչ մեկս չենք տուժել: Բացի այդ, հեռուստատեսությամբ նախապես հայտարարել ենք, որ գյուղացիներն իրենց կենդանիներին մի քանի օր անտառ չթողնեն»: Մարզի բնապահպանության պատասխանատուն խոստացավ հենց այսօր իսկ մասնագետի հետ մեկնել նշյալ տարածք՝ ստուգելու ինչն ինչոց է:

Աղվերանում վճարովի հանգստյան գոտիները հիմնականում տեղակայված են գետի ափին եւ դրանք գյուղացիներին սեփականաշնորհված պտղատու այգիներ են, որոնք արդեն քանի տարի որպես այգի չեն ծառայում, քանի որ գյուղացիների համար հողատարածքը որպես հանգստյան գոտի շահագործելն ավելի ձեռնտու եւ եկամտաբեր է: Եթե նույնիսկ մարդիկ անտառների սրսկումից չեն տուժել, ապա դա, ամենայն հավանականությամբ, այգեգործների նախաձեռնած սրսկումներից է, ընդ որում՝ շատ ուժեղ «դոզայով»: Հանգստյան գոտու ծառերը հիմնականում խնձորենիներ են եւ որպեսզի չորդնեն ու տերեւների կանաչ գույնն ու փարթամությունը պահպանվի, գյուղացիները հաճախորդ չկորցնելու համար դեղի բարձր չափաքանակ են ներարկում՝ չանհանգստանալով մրգից թունավորվելու մասին, քանի որ դրանից, այսպես թե այնպես, չեն օգտվում:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել