Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Օգոստոս 13,2006 00:00

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գլուխ տասներկուերորդ

ՀՈԳԵՎՈՐ ՖՈՒՏԲՈԼ

Մի քանի վայրկյան անց արդեն մտքիս մեջ «Հայր մերն» էի դնդնում, որովհետեւ էդ օրը եկեղեցի չէի գնացել ու աղոթքս չէի արել, եւ երբ «Հայր մերից» հետո արդեն երրորդ անգամ կրկնեցի՝ «փառքդ շատ, Տե՛ր Աստված», հենց էդ ժամանակ տուգանայինի մոտերքում կադիսցիները Զիդանին շատ փիս խփեցին, ու դատավորը տուգանային նշանակեց, եւ մինչ Կառլոսը, Զիդանն ու Բեքհեմն իրար ականջի ինչ-որ բան կքչփչային, ես հասցրի եւս երկու անգամ «փառքդ շատ, Տե՛ր Աստված» մրմնջալ, եւ հենց էդ պահին Բեքհեմը շատ կարճ փոխանցում կատարեց Զիդանին, եւ Զիդանն էլ ո՛չ թե հարվածեց, այլ գնդակը գետնին մեխեց ու, փաստորեն, մատուցեց Կառլոսին, եւ հեռվից թափ առած Կառոսը «Կադիսի» պատի ընդամենը մի գնդակաչափ արանքով գնդակը մխրճեց դարպասի ներքեւի ամենաաջ անկյունը, ու ես, չնայած վերստին շահելու որեւէ հույս չունեի, այնուամենայնիվ, միանգամայն բավարարված էի՝ որ խնդրանքս տեղ հասավ, եւ երբ արդեն երախտագիտությա՛նս «փառքդ շատ, Տե՛ր Աստված»-ն էի մրմնջում, էդ պահին դարձյալ նույն տեղում վայր գցեցին նույն Զիդանին, եւ դարձյալ՝ տուգանային, եւ դարձյալ Կառլոսն արդեն խորամանկ ժպտալով՝ Զիդանի ու Բեքհեմի ականջներին ինչ-որ բան շշնջաց, ու էդ պահին Մելիքբեկյան Արմենն ասաց՝ «զարմանալի կլինի, եթե նույն տեղից էլի գոլ խփեն», եւ մյուս հաղորդավարն ասաց՝ «ո՛չ միայն զարմանալի կլինի, այլեւ՝ շատ հետաքրքիր», ու մինչ իմ հերթական «փառքդ շատ, Տե՛ր Աստված»-ն էի մրմնջում, եւ մինչ ամեն ինչից անտեղյակ հաղորդավարներն ասում ու խոսում էին, նույն տեղից Բեքհեմը վերստին կտրուկ ու կարճ փոխանցում կատարեց, Զիդանը վերստին գնդակը մեխեց գետնին, ու վրա հասած Կառլոսը ո՛չ թե գնդակին հարվածեց, այլ, ընդհակառակը, գնդակի վրայից ճարպկորեն թռավ, եւ աջից վրա հասած Բեքհեմը գնդակը պտտեցնելով՝ մխրճեց «Կադիսի» դարպասի ամենավերեւի ամենաաջ անկյունը, եւ էդ ամենը տեղի ունեցավ խաղի ութսունութերորդ րոպեին, այսինքն՝ պարտության եզրին գտնվող արքայական թիմն ընդամենը երկու թե երեք րոպե անց արդեն հաղթողի դերում էր, եւ հաշիվն արդեն երկու-մեկ էր, բայց ես դեռեւս պարտվողի՛ դերում էի, որովհետեւ, ինչպես ասացի, ինձ հարկավոր էր, որ «Ռեալն» առնվազն երկու գնդակի տարբերությամբ խաղը շահի, այսինքն՝ արդեն ո՛չ միայն «Ռեալի» գործն էր անհամեմատ հեշտացել, այլեւ՝ Աստծունը, այսինքն՝ եթե ընդամենը երկու թե երեք րոպեների ընթացքում Աստված ինձ ու «Ռեալին» ամբողջ երկու գոլ էր պարգեւել, հիմա արդեն տասը րոպեի ընթացքում Իրենից ընդամենը մեկ գոլ էր պահանջվում, բայց ես, հասկանալի է, ո՛չ թե պահանջում էի, այլ նույն ոգով եւ նույն առոգանությամբ շարունակում էի խնդրել, ավելի ճիշտ՝ ո՛չ թե խնդրում էի, այլ նույն հաջողակ տեքստս էի մրմնջում՝ «փառքդ շատ, Տե՛ր Աստված», ու էդ հաջողված տեքստս մրմնջալով հանդերձ՝ հոգեպես ինձ միանգամայն բավարարված էի զգում ու մտքումս նույնիսկ ամաչում է՛լ էի, որ Աստծուց երրորդ գոլն է՛լ եմ ուզում ու հավատաքննությունս էդքան բարեհաջող հանձնելով՝ նաեւ դրամակա՛ն շահում եմ ակնկալում, եւ իմ հերթական «փառքդ շատ, Տե՛ր Աստված»-ն ասելով ու զուգահեռաբար նաեւ էդ բաները մտածելով՝ աչքս գցեցի Ամիրյանի «Տոտոյի» ամենամեծ հեռուստաէկրանին եւ տեսա, թե ինչպես Ռոբինյոն տեսավ, որ «Կադիսի» դարպասապահն ահագին առաջ է եկել, ու էդ հանգամանքը նկատելով՝ երիտասարդ ու խոստումնալից բրազիլացին հեռվանց գնդակը կախեց «Կադիսի» դարպասի վրա, եւ «Կադիսի» դարպասապահը հետ-հետ գնալով՝ թռավ ու մատներով քսվեց գնդակին, բայց դա բավարար չէր, որ իր թիմին փրկեր երրորդ գոլից, եւ միանգամայն բավարար էր, որ ես ո՛չ միայն հետ ստանամ դրածս քսանհինգ հազար խաղադրույքս, այլեւ՝ մոտավորապես մի էդքան էլ շահում ստանամ, այսինքն՝ ընդհանուր առմամբ մոտավորապես հիսուն հազար դրամ, բայց, ինչպես երեւի հասկանում եք, հոգեբանական ու մանավանդ հոգեւոր առումներով շահումս անհամեմատ մեծ էր լինելու, քան՝ էդ հիսուն հազարն էր, բայց Ռոբինյոյի գոլից մինչեւ իմ շահումն ամբողջ վեց րոպե կար, չհաշված՝ դատավորի ավելացնելիք րոպեները, եւ ես էդ երկար ու ձիգ վեց եւ մյուս մի քանի րոպեների ամբողջ ընթացքում իմ հաջողակ տեքստն էի մրմնջում ո՛չ միայն էն պատճառով, որ գիշերվա երեքին դատարկ գրպանով ու ոտով տուն չգնամ, այլեւ է՛ն պատճառով, որ չլինի թե՝ իմ ու իմ Աստծո էդ ամենաուղիղ ու ամենաարդյունավետ կոնտակտը հանկարծ հօդս ցնդի, ու էդ անվերջանալի վեց ու մի քանի րոպեներն իրար հրմշտելով՝ ինձ ստիպում էին առավել հոդաբաշխ ու գրեթե լսելի՛ մրմնջալ հաջողակ տեքստս, եւ երբ էդ երկարաշունչ րոպեները վերջապես սպառվեցին, եւ երբ իր խաղադրույքը «Կադիսի» վրա դրած Տիկոն ինձ հարցրեց՝ «ապե՛, կարող ա՞ էսօր մոմ էիր վառել», եւ երբ իրեն պատասխանեցի ու ասացի՝ «հա», Տիկոն ասաց՝ «սրանից հետո ես է՛լ եմ խաղերից առաջ ժամ էթալու», եւ երբ հիսուն հազարս ստացա, Տիկոյին երկու հազար տաքսու փող տվի, որովհետեւ էդ գիշերվա կեսին ու ձնաբքին Երրորդ մաս պիտի հասներ, ու չնայած ինքս է՛լ կարող էի նույն տաքսիով հետը գնալ ու Կայարան իջնել, բայց չգնացի ու երկու հազար վեց թվականի հունվարի լույս քսաներեքի էդ ձնաբքի միջով մինչեւ Կայարան ոտով ու հաճույքով քայլեցի՝ ողջ ճանապարհին ըմբոշխնելով իմ ու իմ Աստծո ամենաուղիղ ու ամենաարդյունավետ կոնտակտներից էդ մեկը:

Այսինքն, ուզում եմ ասել, Աստված ամենուր է, եւ եթե որոշ մարդիկ Աստծուն ընդամենն ու միայն եկեղեցիներում են փնտրում ու գտնում, դա իրե՛նց իրավունքն է, եւ եթե էդ մարդիկ էդքանով ու էդպիսով հաջողացնում են փրկել իրենց հոգիներն ու իրենց հավատքը, դա բնավ չի նշանակում, որ իրենք իրավունք ունեն էդ հարցում պակաս հաջողակներիս արգելել մեր Աստծուն միշտ ու ամենուր փնտրել, մանավանդ որ՝ մեր էս փնտրտուքը բնավ էլ մեր Առաքելական եկեղեցու փնտրտուքին հակառակ չէ, քանզի ու վասնզի մեր Առաքելական եկեղեցին է՛լ է մեր Աստծո ամենուր լինելն ու գտնվելն ընդունում, ու էս ասածս ընդամենն ու միայն է՛ն մարդկանց դեմ է, ովքեր համարում են, որ մեր Աստված միայն ու միայն վանքապատկան տարածքներում ու եկեղեցապատկան գրաբարի մեջ է առկա, ու չնայած էդպես կարծողներն ընդամենն իներցիայո՛վ են էդպես կարծում, բայց չափազանց ակտիվ ու չափազանց անհանդուրժող են, որովհետեւ իրենց էդ իներցիան իրենց մտքից ու հատկապես իրենց հոգուց մշտապես առաջ է ընկած, եւ իրենք անհանդուրժող են հատկապես լեզվի՛ հարցում եւ առավել անհանդուրժող են մեր առաքելական հավատքը սպասարկո՛ղ լեզվի հարցում, ու էս հարցում մեր էդ քաղաքացիական հագուստովներն ավելի՛ անհանդուրժող ու ագրեսիվ են, քան նույնիսկ՝ մեր հոգեւոր դասի բարձրագույն ներկայացուցիչներն ու շարքային տերտերները, ովքեր աշխատանքի ու դեպքերի բերումով ամե՛ն Աստծո օր են եկեղեցի գնում եւ ամեն Աստծո օր իրենց իսկ պայծառատես աչքերով տեսնում են, որ եկեղեցում մշտապես մոմ վառողներն ու աղոթողները ո՛չ թե քաղաքացիական հագուստավոր ու լեզվապաշտպան մեր մտավորականներն են, այլ՝ միանգամայն հասարակ ու նույնիսկ քաղաքացիական հագուստ չունեցող ցնցոտիավոր մարդիկ, ովքեր ամեն Աստծո օր իրենց սրտի ու իրենց հոգու խոսակցականով իրենց աղոթքն են մրմնջում Աստծո զանազան տաճարներում, ու չնայած էս հասարակները վերջնականապե՛ս են համոզվել, որ Աստված ամենուր է, բայցեւ իրենց հոգու պարտքն են համարում Աստծուն նաեւ վանքապատկան տարածքներում փնտրել, այսինքն՝ էս հասարակներն Աստծո ստեղծած աշխարհը միասնական ու ներդաշնակ են ուզում գտնել, իսկ ասածս էդ քաղաքացիականները, որ շարունակ մեր եկեղեցին ու մեր ոսկեղենիկ լեզուն են բոլորիցս պաշտպանում, ընդամենը հարսանիքների ու կնունքների առիթներով են եկեղեցի ոտք դնում ու մեր ոսկեղենիկ գրաբարին էլ էդ առիթներով են հաղորդակից, բայց, այդուհանդերձ, երբեք չեն ներում հավատքից ու գրաբարից մեր նույնիսկ ամենաաննշան շեղումները եւ երբեք չեն հոգնում մեզ չներելուց եւ երբեք չեն հոգնում իրենց էդ դարավոր ու անխափան իներցիայից եւ երբեք չեն հոգնում կրկնվելուց եւ էնքան կենսունակ ու ագրեսիվ են, որ երբեմն փառք ես տալիս Աստծուն, որ սրանց տարրական հավատք ու լեզվական տարրական գիտելիք չի տվել, թե չէ՝ բզիկ-բզիկ կանեին բոլորիս, բայց ժամանակ առ ժամանակ նաեւ մտածում ես, որ Աստված սրանց էդ տարրական բաները չի տվել, դրա՛ համար են էսքան ագրեսիվ, էսքան չարացած ու էսքան վտանգավոր:

Հիմա կասեք՝ դու է՛լ ես կրկնվում, եւ շատ էլ ճի՛շտ կասեք, որովհետեւ ես էլ եմ հիշում, որ նախորդ հատորիս մեջ էլ եմ էս տեսակ մի էքսկուրս կատարել եւ ամենայն մանրամասնորեն անդրադարձել էդ մշտական ու ինքնակոչ հավատաքննիչներին ու լեզվաքննիչներին, եւ հիմա ստիպված եմ կրկնվում, որովհետեւ էս ընթացքում իրենք նույն ոգով շարունակում են իրենց էդ հավատաքննությունն ու լեզվաքննությունը, ու հիմա նաեւ մտածում եմ, որ մարդկանց էդ տեսակը հավատաքննության ու լեզվաքննության մշտական ունի, ու էդ հավատաքննիչները նույնիսկ ինձանից ու ձեզանից են ավելի անհավատ, ու էդ լեզվաքննիչները նույնիսկ ինձանից ու ձեզանից վատ լեզու ու քերականություն գիտեն ու մեր ոսկեղենիկ լեզվի հետ էլ էնքանո՛վ կապ ունեն, որ իրենք մշտապես ոսկու ու ոսկեղենի պաշտամունք ունեն, եւ եթե իրենցից որեւէ օգտակար բան եք ուզում իմանալ, ցանկացած պահի նրանցից կարող եք իմանալ ու ճշտել ոսկու գրամի տվյալ պահի գինն ինչպես համաշխարհայի՛ն շուկայում, այնպես էլ՝ մե՛ր ոսկու շուկայում, ու նրանց մեջ հավասարապես պատահում են ծագումով համզաչիմանցիներ, արամուսցիներ, ղարաբաղցիներ, ալավերդցիներ, սիսիանցիներ եւ այլտեղացիներ, ու սրանց խոսակցությունից դժվար է ջոկել՝ ով որտեղացի է՝ ո՛չ թե էն պատճառով, որ կողմնակիներս դժվարանում ենք ջոկել, ասենք, Սիսիանի բարբառը ղարաբաղյանից, այլ է՛ն պատճառով, որ սրանք բոլորն էլ ժարգոնով են խոսում, ընդ որում՝ ո՛չ թե երեւանցու խոսակցականով՝ ինչպես իրենք են կարծում, այլ՝ հենց ոսկու շուկայի՛ ժարգոնով, եւ եթե երբեմն-երբեմն իրենց հայրենի բարբառներով էլ խոսում են, էդ պահերին իրենց թվում է՝ մաքուր գրականով են խոսում, որովհետեւ Հրանտն էդ տեղերի հնչերանգը հասցրեց գրական լեզվի աստիճանի ու մի բան էլ է՛ն կողմ, ու էդ մարդիկ, Հրանտին չընդունելով հանդերձ, իրենց բուն առոգանության ու գրականի էդ նույնացումը միանգամայն ընդունում են, եւ եթե երբեմն մեծահոգաբար նաեւ Հրանտին են ընդունում, պարտադիր նաեւ հայտարարում են, որ Հրանտի քաղաքակա՛ն հայացքները չեն ընդունում, ու երեւի դուք արդեն հասկացաք, որ էս մարդիկ ո՛չ թե մեր մայրաքաղաքի բուն ոսկու շուկայում առեւտուր անողներն են, այլ՝ միանգամայն մեծապատիվ ու հոգո՛ւ առեւտրականներ, եւ եթե հիմա ասում եմ, որ էդ մարդիկ մինչեւ էսօր իմ պոեզիայով են զբաղված, դա նշանակում է, որ հենց էս պահից ի վեր գրիչ են վերցնելու եւ հարձակվելու են էս արձակիս վրա, առանց հասկանալու, որ որեւէ նորմալ երկրում որեւէ լուրջ մարդ սերիալների դեմ հոդված չի գրում, եւ եթե էս ասելուցս հետո է՛լ գրեն, էլի ներողամտությո՛ւնս է հաղթելու, որովհետեւ էդ մարդիկ առեւտրից ազատ ժամերին իրենց ծննդավայրը հատկապե՛ս են կարոտում, եւ կարոտի էդ չափազանց մարդկային պահերին փափագում են իրենց հայրենի բարբառները երեւանյանից ազատագրված ու մաքրված տեսնել, եւ քանի որ իրենք չափազանց զբաղված եւ իրենց շուրջօրյա առեւտրի մեջ են, պահանջում են, որ իրենց փոխարեն է՛դ էլ դու անես, եւ եթե կարեցածիդ չափով էդ է՛լ ես անում, էլի չեն գոհանում, որովհետեւ իրենց մշտական պատկերացման մեջ գրողը հատկապես երեւանցի՛ չպիտի լինի, ու, ընդհակառակը, հենց ոսկու շուկայի առեւտրակա՛նը պիտի երեւանցի լինի, ու էսպես մտածելով՝ չեն էլ ենթադրում, որ եթե իրենք շուկայի քո դախլն իրենցով զբաղեցրել են, գրագետի ու գրողի իրենց տեղն էլ հենց երեւանցո՛ւ համար պիտի ազատվեր, ու էսքան երկար-բարակ որ խոսում եմ, չկարծեք, թե էս աստիճանի չարացած եմ էդ մարդկանց դեմ, պարզապես էնքան հազվադեպ եմ էդ մարդկանց բանավոր կամ գրավոր անդրադառնում, որ անդրադարձս էսքան ծավալուն ու էսքան խորքային է ստացվում, իսկ ընդհանուր առմամբ էդ մարդկանց միանգամայն ըմբռնումով եմ վերաբերվում ու միանգամայն մտնում եմ իրենց վիճակների մեջ, որովհետեւ էդ մարդիկ մինչեւ ուղնուծուծն առեւտրի մեջ խրված լինելով՝ էս ասածներիս շուրջ մտածելու հնարավորություն ու ժամանակ չեն էլ ունեցել ու մտածելու կարիք էլ երբեւէ չեն զգացել, որովհետեւ սովորաբար առանց մտածելու են խոսում ու ելույթներ ունենում, եւ հեչ չեմ զարմանա, եթե սրանցից մեկնումեկն օրերից մի օր միանգամայն ա՛յլ ելույթ ունենա ու ինձ «հայ նորագույն գրականության հիմնադիր» հորջորջի՝ ինչպես ժամանակին տարաբախտ Աբովյանին են հորջորջել, այսինքն, շատ հնարավոր է, որ մի օր էլ ի՛նձ էդ տեսակ որեւէ կոչումով պատվեն, որովհետեւ էդ մարդկանց լեզուների տակ ոսկոր չկա ու եթե լիներ էլ, դժվար թե դիմանար սրանց երկսայրի ու մշտապես պահանջատեր լեզուներին:

Էս ասածներս ղափանցի Լիզային բնավ չեն վերաբերում, մանավանդ որ՝ էն թվերին Երեւանում ոսկու շուկա չկար, ու գլուխս էլ էսպիսի փուչ ու երկրորդական բաներով լեցուն չէր, ու չնայած Լիզան է՛լ էր խոսակցականիս առումով ինձ շարունակ դիտողություն անում, բայց ինքը միանգամայն մաքուր սրտով էր էդ բանն անում, ավելի ճիշտ՝ էդ բաներն անում էր, որ անհեթեթ ու վտանգավոր լռությունը չշուրջկալեր մեզ, եւ մենք «Սեւան» ռեստորանի ծխի ու ժխորի մեջ հերթապահ բառեր ու մտքեր էինք փոխանակում, եւ էդ բառերն ու մտքերն էական որեւէ բան չէին կարող պարունակել, որովհետեւ արդեն կեսգիշեր էր, եւ երկուսս էլ տանը մեզ անհամբեր սպասողներ ունեինք, ու չնայած երկուսս էլ, փաստորեն, առաջին անգամ էինք ռեստորան ոտք դնում, բայց արդեն ոչնչից չէինք տպավորվում եւ, կարելի է ասել, արդեն հոգնել էինք հերթական բառերից ու Նորոյի ոչ մի կերպ չավարտվող «Երեքնուկից», ու չնայած գիտեի, որ մեր տանն էլ մա՛յրս էր ինձ անհամբեր ու անհանգիստ սպասում, բայց էդ մասին Լիզային ոչինչ չէի ասում, որովհետեւ ամոթ էր:

– Ասում ես՝ մինչեւ տուն չգնաս, քույրդ չի քնի՞,- հարցրի ես:

– Էդ թեման փակենք,- ասաց Լիզան.- մոռանա՛նք:

– Մոռանա՛նք,- համաձայնվեցի ես:

– Էս առաջին ռեստորանս քթի՛ցս ա բերելու:

– Ասում ես՝ մոռանանք, բայց դո՛ւ ես մի գլուխ հիշում:

– Մոռանա՛նք,- ասաց Լիզան:- Պարե՛նք:

– Պարենք,- ասացի ես՝ մեջքն ավելի՛ ամուր գրկելով:

– Էս Նորայրը երգելուց չի հոգնո՞ւմ:

– Երեւի չի հոգնում. արդեն հինգերորդ անգամ ա սկսում:

– Վերջացնում ա,- ասաց Լիզան.- արդեն վերջին տունն ա երգում:

– Ի՛նձ ես ասում, բայց դու է՛լ առանձնապես գրական չես խոսում:

– Քեզանի՛ց վարակվեցի:

– Նորոն երեւի արդեն հոգնեց. ճակատի քրտինքն ա սրբում:

– Ո՛չ միայն հոգնեց, այլեւ հոգնեցրեց:

– Մարդ իրա գործը պիտի հաճույքով անի:

– Դու քո գործը հաճույքով ե՞ս անում:

– Հա:

– Ի՞նչ գործ ես անում:

– Պարում եմ:

– Ավելի շատ խոսում ենք, քան՝ պարում:

– Առանց խոսալու տանգո պարելը լրիվ անիմաստ ա:

– Երեւի ճիշտ ես ասում:

– Հաստա՛տ ճիշտ եմ ասում: Ուզո՞ւմ ես՝ մի քիչ էլ առանց խոսալու պարենք:

– Փորձենք:

Մենք մի քանի վայրկյան լռեցինք, եւ ես ասացի.

– Անհեթեթություն ա, չէ՞:

– Ի՞նչն է անհեթեթություն:

– Առանց խոսալու պարելը:

– Չդիմացար. ընդամենը մի քանի վայրկյան կարողացար լուռ մնալ:

– Երբ զրուցակիցդ հաճելի ա, լուռ մնալը լրիվ ապուշություն ա:

– Շատախոսությունն է՛լ մի բան չի:

– Ուզում ես ասես՝ շատախո՞ս եմ:

– Շատախոս չե՞ս:

– Ընդհանրապես՝ չէ, բայց որ հաճելի զրուցակից եմ ունենում՝ շատախոս եմ դառնում:

– Ուզում ես ասել՝ հաճելի զրուցակից եմ:

– Դո՛ւ ասացիր:

– Բա դո՞ւ ինչ ես ասում. հաճելի՞ զրուցակից եմ, թե՝ չէ:

– Անտարակույս:

– Անտարակույս՝ հա՞, թե՞ անտարակույս՝ չէ:

– Անտարակույս՝ այո:

– Լավ էլ գրական լեզվով ճտպտում ես:

– Քեզանի՛ց վարակվեցի:

– Աշխատիր միշտ էդպիսի հարցերում վարակվել:

– Երբ հաճելի զրուցակից եմ ունենում, հետը գրական լեզվով եմ խոսում:

– Իմ մոտ ճիշտ հակառակն ա. հաճելի մարդկանց հետ խոսակցականո՛վ եմ խոսում:

– Ուզում ես ասել՝ ես հաճելի՞ մարդ եմ:

– Ո՛չ թե՝ ուզում եմ ասեմ, այլ՝ ասո՛ւմ եմ:

– Հաճելի է լսել:

– Շատ ա՞ հաճելի:

– Միանգամայն, օրիո՛րդ:

– Մոռացա:

– Ի՞նչը մոռացար:

– Բա՛ռը:

– Ի՞նչ բառ:

– Օրիորդի հակառակը ո՞րն էր:

– Օրիորդի հակառակը տիկինն ա:

– Տիկինը չէ. տիկինը գիտե՛մ: Տղամարդու օրիորդին ո՞նց են ասում:

– Էդ բառը հայհոյանքի պես բան ա. ո՞նց ասեմ:

– Էդ հայհոյանքի պես բառը քեզանից լավ գիտեմ: Չամուսնացած տղամարդուն ո՞նց են ասում:

– Ազապ:

– Ազա՛պը չէ՝ մյո՛ւսը:

– Ամուրի:

– Ամուրին է՛լ չէ. երրորդ բառն է՛լ կա:

– Էդ երրորդը չգիտեմ:

– Ամուրիին գրաբար կամ արեւմտահայերեն ո՞նց են ասում:

– Ամուրին վայ թե հենց գրաբար ու արեւմտահայերեն ա: Ուրիշ բառ չկա:

– Կա՛,- լարվեց Լիզան:- Լեզվիս ծերին ա. հիմա կասեմ:

– Դե ասա՛:

– Գրաբարո՛ւմ եմ հանդիպել:

– Ուրեմն՝ իսկական գերազանցիկ չես: Փաստորեն, քույրդ ճիշտ է ասում:

– Ի՞նչն ա ճիշտ ասում:

– Գիշերները քիչ պիտի ֆռֆռաս, շուտ պիտի տուն գնաս, որ իսկական գերազանցիկ դառնաս:

– Մենակ քո դաստիարակությունն էր ինձ պակաս:

– Դե լավ, մոռանա՛նք:

– Դո՛ւ հիշեցրիր:

– Ես ի՞նչ հիշեցրի:

– Քրոջս մասին:

– Ասում եմ՝ էդ ամուրիի՛ն մոռանանք:

– Ախր լեզվիս ծերին ա:

– Անցա՛ծ լինի:

– Թող անցած ըլնի: Աստված իրա հետ,- ասաց Լիզան:

– Ավելի լավ է իսկական՝ ժիվո՛յ ամուրիներով զբաղվես:

– Ուզում ես ասես՝ ամուսնացած չե՞ս:

– Ուզում եմ ասել՝ ամուրի եմ:

– Փաստորեն, իրար համապատասխանում ենք:

– Ուզում ես ասել՝ դու է՞լ ամուսնացած չես:

– Իմ տարիքում հազարից մեկն ա ամուսնանում:

– Գյուղերում ամուսնանում են:

– Գյուղերում ամուսնանում են, բայց համալսարանում չեն ամուսնանում:

– Գյուղացիք համալսարանում է՛լ են շուտ ամուսնանում:

– Ես արդեն մի տարվա քաղաքի գրանցում ունեմ:

– Ղափանի՞:

– Չէ՝ Երեւանի՛:

– Էդ վարձով տանն ե՞ս գրանցված:

– Չէ. Մասիվի հանրակացարանում:

– Բա ինչո՞ւ հանրակացարանում չես ապրում:

– Համալսարանից շատ ա հեռու: Ես առավոտները շատ դժվար եմ զարթնում:

– Լրիվ իրար համապատասխանում ենք. ես է՛լ եմ առավոտները դժվար արթնանում: Առավոտվա քունն ամենաքաղցրն է:

– Խռմփացնո՞ւմ ես,- անսպասելի հարցրեց Լիզան:

– Ե՞րբ,- զարմացա ես:

– Քնած վախտ:

– Ասում են՝ խռմփացնում եմ, բայց ես չեմ զգացել:

– Դու ո՞նց պիտի զգայիր: Ո՞վ ա ասում, որ խռմփացնում ես:

– Տնեցիք:

– Տնեցիք ուրիշ բան չեն ասո՞ւմ:

– Ի՞նչ պիտի ասեն:

– Չեն ասո՞ւմ, որ ամուսնանալուդ ժամանակն ա:

– Ասում են. ո՞նց չեն ասում: Ճիշտն ասած, արդեն ես է՛լ եմ էդ մասին լրջորեն մտածում:

– Ընտրություն կատարե՞լ ես:

– Ի՞նչ ընտրություն:

– Ուզում եմ ասեմ՝ մեկը կա՞:

– Կա, բայց մեկը չի. մեկից ո՞նց ընտրություն կկատարես:

– Ուզում ես ասես՝ դոնժուա՞ն ես:

– Զգացվում է, որ արտասահմանյան գրականությունից լավ ես:

– Վատ չեմ:

– Բայց գրաբարդ է՛ն չի:

– Ինչի՞ց ենթադրեցիր:

– Ամուրիի հոմանիշը չգիտես:

– Գրաբարից է՛լ վատ չեմ. ուղղակի էդ բառը չեմ կարում հիշեմ: Լեզվիս ծերին ա, բայց…

– Չես կարողանում հիշել:

– Հիմա արդեն դու գրականով ես խոսում, իսկ ես՝ ժարգոնով:

– Էդպես է՛լ է պատահում: Խոսակցականն ու ժարգոնն է՛լ իրարից չես տարբերում:

– Տարբերությունը ո՞րն ա:

– Որ իսկական գերազանցիկ լինեիր՝ կիմանայիր:

– Տես՝ Թամրազյանն ու Նորան ի՜նչ երջանիկ են:

– Թամրազյանը հաստատ էդ բառը կիմանա:

– Կարծում ես՝ դրա համա՞ր է երջանիկ:

– Երջանկությունից գաղափար չունեմ:

– Մեջներն ավելորդ լարվածություն չկա, դրա համար էլ երջանիկ են:

– Մեր մեջ լարվածություն կա՞:

– Քո մեջ չգիտեմ, բայց իմ մեջ կա:

– Քրոջդ հաշվով ե՞ս ասում:

– Թեկուզ. քիչ պատճառ ա՞:

– Մոռանա՛նք:

– Դու ասում ես՝ մոռանանք, բայց րոպեն մեկ հիշեցնում ես: Կա-չկա՝ դու է՛լ էդ տեսակ մտահոգություն ունես:

– Ի՞նչ տեսակ մտահոգություն:

– Հաստատ քեզ է՛լ են տանը սպասում:

– Ի՞նչ մեղքս թաքցնեմ. մինչեւ տուն չեմ գնում՝ մայրս չի քնում:

– Այսինքն, քո վրա էլ ա՞ ժամ դրված:

– Փաստորեն՝ այո՛:

– Մինչեւ քանի՞սը:

– Հիմա քանի՞սն է:

– Արդեն տասներկուսն ա,- ասաց Լիզան՝ դարձյալ ժամացույցին նայելով ու ժամացույցով ձեռքը կզակիս քսելով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել