Լրահոս
Օրվա լրահոսը

Ավագանին նկուղն իրենով է արել

Դեկտեմբեր 21,2006 00:00

Քանաքեռ-Զեյթուն համայնքի նախկին ղեկավարության արած-չարածների համար ներկայիս ղեկավարությունը պատասխան չի տալիս:

Բազմաբնակարան շենքի նկուղը, աստիճանավանդակները, վերելակը, մուտքի դուռը եւ այլն, բնակիչների օգտագործման համար են: Քաղօրի 224 եւ «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքի 2-րդ ու 6-րդ հոդվածներով սահմանվում է, որ եթե բնակիչները ցանկանան՝ նկուղը կարող են սեփականացնել ու օգտագործել իրենց կարիքների համար, եթե այն արդեն սեփականացված չէ որեւէ այլ անձի: Սակայն Ազատության պողոտայի թիվ 14 բազմաբնակարան շենքի նկուղը բնակիչները 2003-ից սկսած փորձում են օրենքի սահմանած կարգով սեփականաշնորհել ու չի ստացվում: Արաբկիրի կադաստրի ստորաբաժանումը բնակիչների դիմումի պատասխանը տարիներով ձգձգելուց հետո նրանց անհիմն մերժել է: Չնայած արդարադատության նախարարությունից ի պատասխան բնակիչների բողոքների հավաստիացրել են, որ, իսկապես, բնակչի պահանջն օրինական է, բայց կադաստրը արդարադատության նախարարության տեսակետն անտեսելով՝ շարունակել է բնակիչների դիմումներին չպատասխանել: «Հետո ենք հասկացել, որ կադաստրը ժամանակ էր շահում, որովհետեւ այդ նկուղի հետ կապված հեռահար նպատակներ են եղել»,- այսպես է կարծում «Բնակիչների աջակիցների կենտրոն» հ/կ գործադիր տնօրեն Վահրամ Հարությունովը, որը ներկայումս Ազատության պողոտայի թիվ 14 շենքի բնակիչների լիազոր ներկայացուցիչն է:

Բանն այն է, որ այդ վիճահարույց շենքի նկուղի վրա աչք է ունեցել Քանաքեռ-Զեյթուն համայնքի նախկին ավագանու անդամ Վալերի Հարությունյանը, որն իր պաշտոնավարման ժամանակ օգտագործելով կապերը՝ կադաստրում այդ նկուղի համար, այսպես ասած՝ նախապես «բրոնյա» է արել: Ըստ Վահրամ Հարությունովի, «այդ է պատճառը, որ կադաստրը բնակիչների դիմումներին չի արձագանքել ու նրանց անունով նկուղը չի գրանցել: Արաբկիրի կադաստրի տարածքային ստորաբաժանման գործողությունը լրիվ անօրինական է»: Հետո արդեն, երբ ավագանու անդամի անունով նկուղի սեփականաշնորհման փաստաթղթերը պատրաստ են եղել, կադաստրից բնակիչներին պատասխանել են, որ այն արդեն սեփականացված է այլ անձի անունով եւ բնակիչները չեն կարող ուրիշի գույքն օգտագործել կամ սեփականաշնորհել:

Այս առնչությամբ պարզաբանումներ ստանալու համար դիմեցինք Քանաքեռ-Զեյթուն թաղապետարան. «Դա նախկին ղեկավարության օրոք է եղել, եւ մենք չենք կարող որեւէ բան ասել, պետք է բոլորովս հավաքվենք, խորհրդակցենք ու մի պատասխան տանք, թե չէ՝ իրավասու չենք որեւէ բան ասել»,- այսպես պատասխանեցին մեզ հողի գույքի բաժնից: Որեւէ այլ բաժնից նույնպես հրաժարվեցին պարզաբանումներ տալ՝ ասելով, որ այդ ժամանակ թաղապետը եղել է Ռուբեն Սինոյանը եւ նրա ու իր ավագանու անդամների հետ կապ չունեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել