Լրահոս
Օրվա լրահոսը

Մարզպետը վռնդում է, դատարանը՝ վերադարձնում

Փետրվար 02,2007 00:00

Պաշտոնից ազատվելն ու դատական կարգով վերականգնվելը Գյումրիի թիվ 32 դպրոցի նախկին տնօրեն Հակոբ Մուշի համար խաղ ու պար է դարձել:

Օրերս մանկագիր Հակոբ Մուշը նորից սթրեսի մեջ գցեց իր հին կոլեկտիվին ու Շիրակի դաշնակցական մարզպետ Ռոմիկ Մանուկյանին՝ վերջինիս անսպասելիորեն դատի տալով ու նորից տնօրենի պաշտոնում վերականգնվելով: Ինչպես հայտնի է, նա աշխատանքից ազատվել էր երկու ամիս առաջ՝ կոլեկտիվի բողոքի ու կրթության ազգային ինստիտուտի կատարած ուսումնասիրությունների հիման վրա: Կոլեկտիվը Հակոբ Մուշին մեղադրում էր դպրոցի մթնոլորտը փչացնելու, «կլյաուզաներ» գրելու, ուսուցիչներին միմյանց դեմ լարելու մեջ: Ուսուցիչները նույնիսկ ընտրել էին տնօրենի դեմ բողոքի ծայրահեղ միջոց՝ սեպտեմբերի մեկին հացադուլ էին հայտարարել, որը հետագայում վերածվեց երկարաժամկետ գործադուլի: Դրա արդյունքում էլ կրթության նախարարի հրամանով Հակոբ Մուշին հեռացրին դպրոցից:

Նկատենք, որ արդեն երկրորդ անգամ է Ռոմիկ Մանուկյանը Մուշին ազատում աշխատանքից, սակայն վերջինս մարզպետին հուսախաբ է անում՝ դատական բոլոր ատյաններում հաղթանակ տանելով: Մեր աղբյուրները Մուշի անպարտելիությունը բացատրում են նրա իրավական «կանալների» պրոֆեսիոնալիզմով, եւ մարզպետարանի իրավաբանական բաժնի պետ Տիգրան Ղարիբյանի թերի աշխատանքով: Ասում են՝ մարզպետը մանկագրի հաղթանակի «գույժը» անասելի ծանր է տարել, չնայած ավելի վատ վիճակում են կոլեկտիվի անդամները: Նրանք «Առավոտի» հետ զրույցում տեղեկացրին, որ եթե Մուշը համարձակվի ոտք դնել դպրոց՝ «այս անգամ կախաղան կհանենք»: «Կրթության ազգային ինստիտուտի 15 հոգանոց փորձագիտական խումբը դպրոցում մանրազնին ուսումնասիրություններ կատարելուց հետո սարսափելի եզրակացություն է կայացրել տնօրենի մասին, անհասկանալի էր դատավոր Մարտին Սարոյանի վճիռը՝ հօգուտ Հակոբ Մուշի»,- զարմանում են ուսուցիչները:

Հիշեցնենք, որ ՀՀ կրթության ազգային ինստիտուտի ուսումնասիրող խմբի ղեկավար Ժ. Հովհաննիսյանի 30.10.2006թ. եզրակացության մեջ նշված է. «Նա անտարբեր կեցվածքով շրջում է դպրոցում՝ անտեսելով աշխատող ուսուցիչների լուռ արհամարհանքը: Չունենալով իր նախկին կաբինետը մտնելու իրավունք՝ Հակոբ Մուշը տեղավորվել է պահակատուն հիշեցնող մի սենյակում՝ գրպանում պահած կնիքը իբրեւ իր տնօրեն լինելու միակ վկայություն»: Նույն փաստաթղթում նաեւ նշվում է. «Տնօրեն Հակոբյանը չի իրականացնում դպրոցի ընթացիկ գործունեության ղեկավարում՝ կանոնադրության պահանջներին համապատասխան, չի ընդունում իր մեղքի բաժինը ուսումնադաստիարակչական աշխատանքների ու բարոյահոգեբանական մթնոլորտի խաթարման հարցում, չի զգում պատասխանատվություն ստեղծված անկառավարելի իրավիճակի համար»: Հակոբ Մուշն էլ հրապարակային իր ելույթներում կոլեկտիվին իր դեմ լարելու համար մեղադրում է դաշնակցականներին, ովքեր, ըստ նրա, միշտ աչք են ունեցել իր պաշտոնին:

Գյումրիի թիվ 32 դպրոցում այս պահին տնօրեն դեռ չկա: Ընտրությունները կկայանան փետրվարի 6-ին: Չի բացառվում, որ դրանք լինեն ձեւական, եւ պաշտոնը զբաղեցնի մարզպետի կուսակիցներից մեկը: Ուսուցիչները պատրաստ են աշխատել ցանկացածի հետ, բացի Մուշից. «Դաշնակ, թե հնչակ, ով ուզում է լինի, մենակ թե Մուշը չգա»: Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետ Սահակ Մինասյանը վստահեցրեց, որ դպրոցի տնօրենի ընտրությունները պարտադիր կկայանան՝ անկախ դատարանի վճռով Հակոբ Մուշի վերականգնումից, իսկ մարզպետը այդ վճիռը պարտադիր կբողոքարկի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել