Լրահոս
Օրվա լրահոսը

«ՌՈՒՍԱՄԵՏ ՆԱԽԱԳԻԾԸ» ՏԱՊԱԼՎԵՑ

Փետրվար 20,2007 00:00

\"\"Արա Աբրահամյանը կորցրել է հետաքրքրությունը դրա նկատմամբ

Մեզանում սովորաբար նախընտրական դաշինք կազմելու հակված են լինում հիմնականում քաղաքական, ֆինանսական եւ այլ տեսակի ռեսուրսների սակավություն ունեցող կուսակցությունները: Ավելի հզորները չնայած, որպես կանոն, չեն բացառում դաշինքով հանդես գալու հնարավորությունը, բայց առանձնապես ոգեւորված չլինելով այդ գաղափարով, ի վերջո, ինչպես ցույց է տալիս փորձը, միայնակ են գնում ընտրությունների: Թեեւ խորհրդարանական ընտրությունների պաշտոնական մեկնարկին այնքան էլ շատ ժամանակ չի մնացել, սակայն մինչ օրս էլ ընդդիմադիր դաշտում շարունակվում են բանավեճերը, թե ինչ հիմքի վրա պետք է ձեւավորվեն նախընտրական դաշինքները՝ լինեն գաղափարակա՞ն, թե՞, ինչպես հենց իրենք՝ ընդդիմադիրներն են որոշում՝ «աջաբսանդալային»: Առաջինի կողմնակիցը, կարծես թե, ՀԴԿ նախագահ Արամ Գ. Սարգսյանն է, որը, սակայն, զարմանալի օրինաչափությամբ, վերջում հայտնվում է միմիայն «աջաբսանդալային ֆորմատներում» (որպիսին էր «Արդարություն» դաշինքը): Այս անգամ էլ Արամ Սարգսյանը հայտարարում է, որ դաշինք է կազմելու միմիայն սոցիալ-դեմոկրատական գաղափարախոսությունը իր հետ կիսող եւ, ենթադրելի է, ռուսամետ գործընկերների հետ: Սա թերեւս նորություն չէ, եթե հիշենք նույն այդ կուսակցական առաջնորդի նախորդ տարիների նախընտրական քաղաքական «ռեպերտուարը»:

Այս տարվա առանձնահատկությունն այն է, որ Արամ Գասպարիչը, հավանաբար, հավակնություններ ունի այդ դաշինքներում առանցքային դեր ունենալ ու այդ մասին նա վերջերս հրապարակավ հայտարարեց իր մամուլի ասուլիսներից մեկում: Բանն այն է, որ ՀԴԿ ղեկավարի կարծիքով, այս անգամ նա ընտրություններին մոտենում է նախկինից անհամեմատ ավելի լավ մեկնարկային պայմաններում: Խոսքը, իհարկե, չի վերաբերում իր ղեկավարած կուսակցության կազմակերպչական կամ, առավել եւս, քաղաքական ռեսուրսներին: Հասկանալի է, որ ակնարկը վերաբերում է ֆինանսներին: Վաղուց արդեն գաղտնիք չէ, որ մոտ երկու տարի առաջ մշտապես ռուսամետ դաշտում տեղավորված Արամ Գասպարիչը կարողացավ որոշ ներքին քաղաքական եւ «համամարդկային» խնդիրների շուրջ լեզու գտնել Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հետ: Այս ամենի արդյունքում՝ վերջինս ոչ միայն «փակում» էր Ա. Սարգսյանի կուսակցության գրասենյակային եւ այլ ընթացիկ ծախսերը, այլեւ նույնիսկ ֆինանսավորում էր ՀԴԿ-ի կազմակերպած սեմինարները եւ այլ միջոցառումներ:

Ֆինանսական գործոնը Հայաստանում միշտ էլ կարեւոր դեր է ունեցել եւ քաղաքական ազդեցության աճի իրական գրավական է հանդիսանում: Արա Աբրահամյանի հետ կապերից առաջին հերթին հենց նման էֆեկտ էր ակնկալում Արամ Գասպարիչը, որը կարողացավ «ռուսամետ դաշինքի» գաղափարով վարակել մի շարք այլ քաղաքական ուժերի: Արամ Սարգսյանն այնքան էր ընտելացել «ռուսամետ դաշինքի» լիդեր դառնալու մտքին, որ արդեն լրջորեն մտածում էր ապագա դաշինքի լրատվական ռեսուրսներն իր վերահսկողության տակ վերցնելու մասին: Բայց եղավ այն, ինչ եղավ՝ քիչ թե շատ իրենից արժեք ներկայացնող քաղաքական ուժ այդպես էլ չցանկացավ դաշինք կազմել ոչ ՀԴԿ-ի, ոչ ՍԻՄ-ի, ոչ «Դաշինքի» հետ: Բացառություն կազմեց, թերեւս, պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի «Ազգային վերածնունդը», որի քայլին համակարծիք չէր նույնիսկ իր կուսակից-գործընկերը՝ Ալբերտ Բազեյանը: «Դարտմուդյան կոնֆերանսում» «թրծվածների» վիճակը շատ ավելի բարդացավ, երբ պարզ դարձավ, որ ընդդիմադիր այդ «նախագծի» գլխավոր հեղինակը՝ Արա Աբրահամյանը իրականում որոշել է աջակցել Հանրապետական կուսակցությանը: Եթե նա նույնիսկ շարունակի աջակցել այդ՝ ռուսամետ դաշինքին, ապա, լավագույն դեպքում, որպես «պահեստային տարբերակ», դա չի կարող վճռորոշ նշանակություն ունենալ խորհրդարանական ընտրություններում հաջողության հասնելու համար: Իսկ մյուս կողմից այս նախագծի նկատմամբ անվստահության մթնոլորտ ձեւավորվեց հենց ընդդիմադիր դաշտում, քանի որ ընդդիմադիրների համար ակնհայտորեն կասկածելի էին ինչպես այս «ռուսամետների» քաղաքական նպատակներն ու կապերը, այնպես էլ գործունեության ֆինանսական աղբյուրները:

Լավատեղյակ մարդիկ պնդում են, որ նույնիսկ ընտրություններում անհաջողության մատնվելու դեպքում Արամ Սարգսյանը ֆինանսական կրախի առջեւ դժվար թե հայտնվի, քանի որ վաղօրոք մտածել է «այլընտրանքային աղբյուրների» մասին:

Պատրաստակամ ենք հրապարակել նաեւ Արամ Գ. Սարգսյանի պարզաբանումները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել