Լրահոս
Օրվա լրահոսը

ՋԱԶԱՅԻՆ-ԷՍՏՐԱԴԱՅԻՆ ՔՈԼԵՋԸ «SOS» Է ՀՆՉԵՑՆՈՒՄ

Փետրվար 21,2007 00:00

\"\"2005-ի օգոստոսից Երեւանի ջազային-էստրադային պետական քոլեջի շենքը հոսանքազրկված է

Քոլեջի տնօրեն Ակսել Բակունցի հավաստմամբ՝ հոսանք ունենում են միայն այն օրերին, երբ իրենց դահլիճում անցկացվում է «Ընտանեկան լոտոյի» հերթական խաղարկությունը: Փաստորեն, եթե մշակույթի նախարարությունը քոլեջի դահլիճը վարձակալությամբ չտար լոտոյի գրասենյակին, մինչեւ այսօր այս կրթօջախում լույսի երես չէին էլ տեսնի: «Չնայած հոսանքի բացակայությանը՝ դասերը չենք դադարեցրել, բայց դրանք որակապես տուժում են, որովհետեւ էստրադայի, ջազի պարապմունքների նորմալ անցկացման ժամանակ հոսանքը մեծ դեր ունի: Ստիպված երաժշտությունն ապահովում ենք մագնիտոֆոններով, դրանք էլ՝ մարտկոցներով, ինչը ավելորդ ծախս է»,- ասաց Ա. Բակունցը: Հոսանքազրկումն ու ջրազրկումը՝ նրա հավաստմամբ, Երիտասարդական պալատի տարածքը սեփականաշնորհած «Ավանգարդ Մոթորս» ընկերության պատճառով է: «Ձեւականորեն պատճառաբանում են, թե իրենց սեփականաշնորհած տարածքում տեղակայված էլեկտրական հոսանքի ենթակայանը չի դիմանում ծանրաբեռնվածությանը եւ անջատվում է: Իրականում իրենք են դիտավորյալ հոսանքն անջատում, որպեսզի զզվենք՝ թողնենք-հեռանանք: Էլեկտրացանցում մեզ ասել են, որ ենթակայանը կրկնապատիկ լարմանն էլ կարող է դիմանալ: Այսինքն՝ «Ավանգարդ Մոթորսի» պատճառաբանությունը հիմնավոր չէ, ուղղակի վատություն են անում»,- մեկնաբանեց Ա. Բակունցը:

Նա հիշեց դեռ երեք տարի առաջ իր եւ «Ավանգարդ Մոթորսի» տերերից Էդուարդ Ավետիսյանի միջեւ տեղի ունեցած միակ խոսակցությունը, որի ժամանակ գործարարը պնդել էր, որ քոլեջը ազատի տարածքը. «Էդուարդ Ավետիսյանին առաջարկեցի մեզ համար տարածք գնել, ինչպես պահանջում է օրենքը, ապահովել ամեն հարմարություններով, որից հետո պատրաստ կլինենք տեղափոխվել»: Ա. Բակունցի ձեւակերպմամբ, չնայած այս պայմանավորվածությանը, Էդ. Ավետիսյանը ոչ մի դրական քայլի չի դիմել, ընդհակառակը՝ դեռ մի բան էլ քոլեջը հոսանքազրկել է: Ի դեպ, ժամանակին էլեկտրացանցը նույնիսկ դատի էր տվել «Ավանգարդ Մոթորս» ընկերությանը՝ ենթակայանից հոսանքն անհարկի անջատելու համար եւ շահել էր դատը:

Ա. Բակունցը տեղեկացրեց, որ այս պատմություններից հետո մշակույթի նախարարությունն Մշակույթի քոլեջի շենքում իրենց տարածք է հատկացրել: Իսկ «Ավանգարդ Մոթորսի» վրա էլ օրենքով սահմանված կարգով պայման է դրվել, որ այդ տարածքը վերանորոգելու համար գումար տրամադրի: «Նրանք շատ քիչ են լինում Երեւանում, դրա համար էլ մինչ այսօր ոչ ֆինանսավորել են, ոչ վերանորոգել, մենք էլ նստած ենք առանց լույսի»,- ասաց Ա. Բակունցը: «Այնքան բաներ կան, որ ուզում ենք անել, բայց հնարավոր չէ: Օրինակ՝ ինձ նախարարությունից բողոքում են, թե ինչու ենք դիպլոմային աշխատանքների հանձնումը Ստանիսլավսկու անվան թատրոնում անցկացրել: Ասացի՝ լույս չունենք, որ մեզ մոտ կազմակերպենք»,- ասում է տնօրենը: «Օրինակ՝ խորեոգրաֆիայի դասերին համազգեստ չենք հագնում, շորերով ենք պարում, քանի որ լսարանում շատ ցուրտ է»,- պատմեց քոլեջի ուսանողուհի Անուշ Պետրոսյանը: Իսկ մեկ այլ ուսանողուհի՝ Ռուզաննա Հայրապետյանը, կտրված ձայնով ասաց, որ դասերի ժամանակ է մրսել եւ չի կարողանում երգել: Կոմպոզիտոր Ստեփան Բաբաթորոսյանն էլ կատակեց. «Մեր ուսանողները մորժ են դարձել: Նույնիսկ դասերից առաջ մի սառը դուշ են ընդունում»: «Մինչեւ նախագահ՝ նամակով դիմել եմ, բայց ոչինչ տեղից չի շարժվում: Երբեմն կատակով ասում եմ, որ Ամերիկայի դեսպանին էլ եմ նամակ գրելու: Մյուս կողմից հասկացել եմ մի սարսափելի բան՝ ինչ դատ էլ լինի, ինչ պայման էլ դնեն, եթե չեն ուզում հոսանքը միացնել՝ չեն միացնի, որովհետեւ իրենց թիկունքին համապատասխան մարդիկ կան»,- տխուր եզրակացության է եկել Ա. Բակունցը:

Հ. Գ. Մեր բոլոր ջանքերը՝ կապվել «Ավանգարդ-Մոթորսի» տնօրեն Արման Բարոյանի հետ, ապարդյուն անցան: Գործավարուհու փոխանցմամբ՝ մի քանի օր շարունակ, օրվա տարբեր ժամերի տնօրենը տեղում չէր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2007
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728