Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթերում բորշչ է ու ջրիկ սուպ»

Փետրվար 21,2007 00:00

Երեկ «Ուրբաթ» ակումբում կայացած ասուլիսում նման կարծիք հայտնեցին հեղինակ-կատարողներ Արմեն Մովսիսյանն ու Վահան Արծրունին:

Արմեն Մովսիսյանի կարծիքով, այսօր շատերը միայն թանկարժեք ներքնաշորեր ունենալու համար են ձգտում աստղ դառնալ: Այս համոզման է նաեւ Վահան Արծրունին: «Մեր հեռուստաալիքներով անընդհատ ցուցադրում են, որ հոլիվուդյան ինչ-որ աստղի տուն մի քանի միլիոն արժե կամ ներքնաշորը՝ մի քանի հազար: Դրա համար էլ բոլորը Հայաստանում մտածում են՝ ինչպե՞ս անեն, որ այդ ներքնաշորից ունենան, իսկ այդ երազանքն իրականացնելու ճանապարհներից մեկը Հայաստանում աստղ դառնալն է»,- ասուլիսի ժամանակ նշեց Ա. Մովսիսյանը: Նա եւ Վ. Արծրունին խոսեցին երաժշտական ասպարեզում տիրող մոնոպոլիայի մասին՝ նեղսրտելով, որ TV-ների նախընտրությամբ շատ անվանի արվեստագետներ, նաեւ իրենք, եթերում հաճախ չեն հայտնվում: «Պահ կա, երբ բավական դրական վերաբերմունքի ես արժանանում, պահ էլ կա՝ ոչ: Իսկ այն, ինչ մատուցվում է հեռուստատեսությամբ, գոնե հանրության փոքրամասնության՝ 10%-ի ճաշակին չի համապատասխանում: Ինչո՞ւ պիտի հեռուստադիտողը պարտադրված դիտի տափակ հումորային հաղորդումներ եւ սերիալներ կամ ստիպված լինի միացնել ռուսական ալիքներ, որպեսզի ստանա այն, ինչի կարիքն ունի»,- ասաց Արմեն Մովսիսյանը: Վահան Արծրունին էլ նկատեց, որ ցածրորակ երաժշտության պահանջարկ այնուամենայնիվ կա. «Օրինակ, Արմենչիկի ֆենոմենը ֆանտաստիկ է: Ընդամենը 2-3 ամսվա քարոզի շնորհիվ նա կարողացավ 2 անգամ լցնել Մարզահամերգային համալիրը»: Այս առիթով Ա. Մովսիսյանն էլ հիշեց, որ ժամանակին ադրբեջանցի Զեյնաբ Խանլարովան էր կարողանում լցնել մի ողջ մարզադաշտ: Վերջինս ափսոսանքով նշեց. «Մեր մշակույթն ու մտավորականները այսօր մանրադրամ են դարձել փող ունեցողների, իշխանության ձգտողների եւ այլոց ձեռքին: Դա մտածված ջախջախման քաղաքականություն է, ինչի միջոցով բոլորին կարողանան տանել այն կզարանը, որտեղ ստիպված փողով պիտի երգես ինչ-որ դեպուտատի ընտրության ժամանակ»: Ըստ Վ. Արծրունու, հասարակությունը տառապում է տգիտությամբ, իսկ ըստ Ա. Մովսիսյանի՝ անտարբերությամբ: Նրանց խոսքով՝ «հայաստանյան TV-ներով այսօր մատուցվող երաժշտությունը բորշչ է, քանի որ դրանք (հրամցվող երգիչ-երգչուհիները- Լ. Օ.) լավ «ռաստկրուտկա» լինող, մակերեսային յուղով, ջրիկ սուպ են»:

«Հասել ենք նրան, որ մեր եթերով պորտապար է ցուցադրվում (նկատի ունի «ԱրմենԱկոբը»- Լ. Օ.), մի բան, որ քաղաքակիրթ աշխարհում միանշանակ անամոթություն է համարվում»,- ասաց Վ. Արծրունին:

Արվեստագետները նշեցին, որ համերգներով, ձայնասկավառակներով եւ հյուրախաղերով են վաստակում իրենց հանապազօրյա հացը եւ չեն ծախվելու էկրանին երեւալու համար:

Վ. Արծրունին փաստեց. «Այսօր պարզ չէ, թե արվեստագետն ինչպես կարող է լուծել իր սոցիալական խնդիրները՝ առանց վնասելու ստեղծագործականը: Օրինակ, ջազմենները գտել են իրենց տեղը՝ նվագում են գիշերային ակումբներում, կամ հանրամատչելի երաժիշտներն ու երգիչները աշխատում են սաունաներում, պրիվատ երեկույթներում, իսկ դասական արվեստ ներկայացնող որոշ կոլեկտիվներ օժանդակություն են ստանում արտերկրից: Փոխարենը ազատ արվեստագետները հանրային հնչեղություն ունենալու հնարավորություն չունեն, չեն կարողանում հիշեցնել իրենց գոյության մասին, որովհետեւ հեռուստատեսությունները շաղկապված են իրենց հովանավորների ու ռեստորանների հետ, վերջիններս էլ՝ իշխանությունների»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել