Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԴ-ՈՒՄ ՄԱՏՐՈՍՈՎՆԵՐ ՉԿԱՆ

Մարտ 02,2007 00:00

\"\"Արձանագրում է Սահմանադրական դատարանի անդամ Ֆելիքս Թոխյանը

– Սահմանադրական փոփոխություններից հետո ՍԴ-ն բավականին գործ ունեցավ անելու, եւ այսօր շատ ավելի ծանրաբեռնված եք աշխատում, քանի որ քաղաքացիները եւս կարող են ձեզ դիմել։ Արդյո՞ք աշխատանքի շատանալուն զուգահեռ՝ նաեւ ձեր հնարավորությունները մեծացան եւ վիճակը լավացավ:

– Այո, սահմանադրական հանրաքվեից հետո ՍԴ-ի կարգավիճակը լրջորեն փոխվեց, եւ այժմ մենք բավարարում ենք մեզ ուղղված դիմումների մեծ մասը: Դա ոչ այնքան մեր գերակտիվության ապացույցն է, որքան խորհրդարանի օրենսդրական գործունեության որակի: Ես կարեւորում եմ այն, որ փոփոխություններից հետո եւ հատկապես՝ ՍԴ-ի մասին նոր օրենքների ընդունմամբ մեծացան Սահմանադրական դատարանի անկախության երաշխիքները:

– Իսկ ՍԴ-ի, այսպես կոչված, սոցիալական վիճակը կարծես նույնն է՝ ձեր վերելակը ստեղծման օրվանից կարծեմ չի աշխատում:

– Դուք շատ ճիշտ նկատեցիք, մեր վերելակը տասը տարուց ավելի է՝ չի աշխատում, իսկ ՍԴ-ում աշխատում են մարդիկ, ովքեր, բառիս բուն իմաստով, դժվարանում են ոտքով բարձրանալ հինգ կամ չորս հարկ: Վերելակի հարցն այս տարի մի կերպ մտցրինք բյուջե, հիմա սպասում ենք, թե երբ են հարցը լուծելու: Այլ խնդիրներ եւս կան, մասնավորապես՝ ծառայողական մեքենաները հնամաշ են, հեռախոսակապն անբավարար է, ՍԴ-ի դատավորների աշխատավարձը այդպես էլ չբարձրացրին: Մեր վիճակը ուղղակի համեմատելի չէ այլ երկրների, հեռուն չգնանք՝ հենց Ռուսաստանի Դաշնության նույն դատարանի դատավորների վիճակի հետ: Մեզանում երբեմն բացակայում են ամենահասարակ պայմանները, ասենք՝ նյութատեխնիկական հարցերը նորմալ լուծված չեն, բացի ՍԴ նախագահից՝ մյուսներն արտոնություններ չունեն: Եվ չափազանցած չեմ լինի, եթե ասեմ, որ մեր դատարանի մի քանի անդամներ ուղղակի աղքատության շեմին են: Այդ պատճառով շատերս դասախոսում ենք: Սակայն ՍԴ-ում այսօր աշխատում են կայացած, կենսագրություն ունեցող, փորձությունների բովով անցած մարդիկ, ովքեր, ինչո՞ւ ոչ, ուզում են իրենց բալիկների համար լավ ապագա տեսնել եւ ստեղծել:

– Սակայն գաղտնիք չէ, որ ՍԴ-ն միշտ էլ եղել է քաղաքականացված մարմին եւ կատարել է իշխանության պատվերը:

– Ես միշտ էլ ասել եմ, որ ինքս երբեք ոչ մի պատվեր չեմ կատարում, ոչ էլ ՍԴ-ն է, իմ համոզմամբ, ինչ-որ պատվեր դիտավորյալ կատարել: Ես վստահ եմ դրանում, եւ չպետք է կարծել, որ, ինչպես ցանկացած այլ դատարանում, այնպես էլ ՍԴ-ում հերոսներ են նստած: ՍԴ-ում եւս «մատրոսովներ» նստած չեն: Միայն հետեւյալը կասեմ. հանրությունը պետք է ավելի ուշադիր լինի ՍԴ-ի նկատմամբ:

– Քանի որ սահմանադրական փոփոխությունների արդյունքում հիմա ավելի շատ թվով մարդիկ կարող են ընտրությունների կեղծման փաստերով դիմել ՍԴ, դուք մտավախություն չունե՞ք, որ ընտրություններից հետո կհեղեղվեք դիմումներով եւ ձեր նշած վատ պայմանների դեպքում ինչպե՞ս եք հասցնելու գործերը:

– Ունենք նման մտավախություն, բայց ժամկետներն այնպես են սահմանված, որ մեզ չեն հեղեղի: Նախկինում բոլոր նման գործերը մենք պետք է նայեինք մեկ ամսվա ընթացքում: Ընդ որում՝ հնարավոր է մեկ գործ համամասնականի վեճ եւ մեծամասնականի՝ մի քանի գործեր: Համամասնականի դեպքում մեզ տրված է 15 օր, ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակումից հետո յոթ օրվա ընթացքում: Այո, դարձյալ ժամկետը քիչ է, բայց, կարծում եմ, ՍԴ-ն կանի ամեն ինչ, որ այդ օրերի ընթացքում այլ գործեր չենք նայի: Այսքանը խորհրդարանականի մասով: Իսկ նախագահական ընտրությունների վեճերով մեր ժամկետները փոքրացվել են, հիմա մենք ունենք 10 օր: Օպերատիվությունը այս դեպքում շատ կարեւոր է, որովհետեւ ինչքան երկար ժամկետում է ՍԴ-ն քննարկում եւ վճիռը կայացնում, այնքան քաղաքական վիճակը երկրում անորոշ է:

– Սակայն ՍԴ-ն հայտնի է որպես իշխանությունների պատվերը կատարող մարմին, այսինքն՝ որեւէ մեկը չի կասկածում, որ ՍԴ-ն միշտ էլ անելու է այնպես, ինչպես կորոշեն օրվա իշխանությունները: Եվ ի՞նչ երաշխիք, որ դուք ընտրությունների հետ կապված դարձյալ նույնը չեք անելու:

– Եթե տեղյակ եք ՍԴ վերջին որոշումներին, ապա դրանք միանշանակ ցույց են տալիս ՍԴ-ի անկախության չափը: Մի մոռացեք, որ մենք խորհրդարանի կողմից ընդունված եւ նախագահի կողմից ստորագրված օրենքներ ենք անվավեր ճանաչել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել