Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄՆԱԼՈՒ ԵՆՔ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ»

Մարտ 21,2007 00:00

 \"\"Ի հեճուկս բոլոր սոցհարցումների՝ պնդում է Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ
Գուրգեն Արսենյանը

– Վերջերս հրապարակվող տարբեր սոցիոլոգիական հետազոտությունների արդյունքները ՄԱԿ-ի վերաբերյալ նույնն են, այն է՝ Ձեր ղեկավարած կուսակցությունն այլեւս տեղ չի գտնելու խորհրդարանում: Ըստ Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի տվյալների՝ ՄԱԿ-ի օգտին այժմ պատրաստ է ձայն տալ հարցվածների ընդամենը 0,8 տոկոսը: Ձեր կարծիքով՝ այս հարցումներն արտահայտո՞ւմ են օբյեկտիվ իրականությունը:

– Մենք ունենք ընդամենը մի չափորոշիչ՝ մայիսի 12-ի քվեարկության արդյունքները եւ դրանցով արձանագրված աջակցությունը: Մենք գիտենք ի՛նչ ենք անում, ո՛նց ենք անում եւ գիտենք մեր արածի արդյունավետությունը: Գիտենք, թե ինչ է ակնկալում հասարակությունը ու, թե մեզ ինչ գնահատական է տալիս հասարակությունը: Այդ գնահատականները մեզ համար շատ լավատեսական են:

Ընտրություններից 50 օր առաջ զգուշացնում եմ՝ սոցիոլոգիական հարցում անցկացնող բոլոր ընկերությունները թող հիմք նախապատրաստեն, որ կարողանան բացատրել մայիսի 12-ի ընտրությունների արդյունքով ՄԱԿ-ի արձանագրելիք քվեների քանակը եւ տոկոսը, քանի որ շատ տարօրինակ բան է ստացվելու, թե բոլոր սոցհարցում անցկացնող ընկերությունները մասնագիտական գործողություններ իրականացնելու խնդիր ունեն: Հիմա թող իրենք նախապատրաստվեն, որ բացատրություններ տան, թե ինչպես է ստացվում, որ իրենց մասնագիտական գործունեության իրականացումն անբավարար էր հասարակությանն իրականության վերաբերյալ գնահատականներ տալու հարցում: Անկեղծորեն ասում եմ, որ այդ մարդիկ խոսելու խնդիր են ունենալու, քանի որ մենք ընտրություններից հետո անելու ենք այդ հարցադրումը եւ ասելու, որ կա հմտությունների պակաս կամ մասնագիտական ծառայությունները կատարելու ընթացքում արդյունքներն ամփոփելիս խեղաթյուրելու գիտակցված ձգտում: Իրենք կա՛մ պետք է ասեն, թե հա՛, մեզ առաջադրանք էր իջեցված, որ մենք խեղաթյուրենք արդյունքները, կամ էլ՝ կներեք, մենք վատ մասնագետներ ենք: Ուրիշ բան չի մնում:

– ՄԱԿ-ն արդեն սկսե՞լ է այս տարեսկզբին խոստացածի պես՝ ԱԺ-ում իր կատարած օրենսդրական աշխատանքի հաշվետվությունները՝ բրոշյուրները բաժանել, թե՞ դա կանեք պաշտոնական քարոզարշավը սկսվելուց հետո:

– Այո, վաղուց ենք սկսել ներկայացնել մեր հաշվետվությունները, արդեն 2 թողարկում է եղել մեր գործունեության վերաբերյալ: Բայց մենք չենք սկսել քարոզարշավը: Սպասում ենք, որ օրենքով սահմանված ժամանակացույցով ու կարգով գրանցվի մեր կուսակցությունը՝ որպես ԱԺ ընտրությունների մասնակից: Եվ պաշտոնական ժամանակացույցի համապատասխան կսկսենք մեր քարոզարշավը: Չենք ցանկանում որեւէ կերպ մեր գործողություններով հակասել օրենքի ոգուն եւ տառին:

– Խնդրում եմ մեկնաբանել մի փաստ: Երբ Հարկային պետական ծառայությունը հունվարին հրապարակեց 300 խոշոր հարկատուների ցանկը՝ Դուք էլ հայտնվեցիք քաղաքականությամբ զբաղվող այն գործարարների շարքում, որոնք, ըստ մամուլի մեկնաբանությունների՝ 2006-ին փող էին հետ գցել ԱԺ ընտրությունների համար: Ձեր հիմնադրած «Արսօյլ» ընկերությունը 2005-ին, ըստ հրապարակումների՝ վճարել էր ավելի քան 1,9 մլրդ դրամ, իսկ 2006-ին՝ 1,6 մլրդ դրամ, այսինքն՝ մոտ 1 միլիոն դոլարով պակաս:

– Երբ մարդիկ վերլուծություն են անում՝ դրա մեջ պիտի հաշվի առնեն նաեւ եղած չափորոշիչները եւ փոփոխված պայմանները: Պակասել է ինձ պատկանող ընկերությունների կողմից վճարված հարկերի ֆիզիկական ծավալը: Դրամի արժեւորման հետեւանքն է այս տարբերությունը: Գոյություն ունեն իրացման ծավալներ, եւ հատկապես «Արսօյլ» ընկերությունը գործում է շատ թափանցիկ եւ օրինական դաշտում: Այս ընկերության վճարած հարկերը կախված են ներկրված ծխախոտի արկղերի քանակից:

– Քանի որ միակն էիք, որ խոստովանեցիք, թե գերշահույթ եք ստացել դրամի արժեւորումից՝ ենթադրելի էր, թե պիտի ավելանային նաեւ վճարված հարկերը:

– Ես խոստովանեցի, թե մեծացել է շահութաբերությունը՝ չեմ խոսել գերշահույթի մասին: Տնտեսագիտության մեջ չկա գերշահույթ տերմին՝ այն կարող է լինել միայն այն դեպքում, երբ կա հաստատված շահույթի նորմատիվ:

Իսկ մեր վճարած շահութահարկն իրոք ավելացել է: Չէ՞ որ հաշվարկն արվում է շահութահարկից, թե իսկապե՞ս մեծացել են եկամուտները: Կխնդրեի, որ Հարկային ծառայության խոշոր հարկատուների վարչության համապատասխան պաշտոնյային հարցնեք, թե ինչ գնահատական կտա «Արսօյլ»-ի գործունեությանը՝ պետության առջեւ իր պարտականությունների կատարման առումով: Հարցրե՛ք՝ ինքս չեմ ուզում ասել:

– Նախընտրական այս շրջանում անգամ կանխորոշված է թվում, թե որ ուժերը տեղ կգտնեն ապագա ԱԺ-ում՝ եւ հարցական են միայն տոկոսները: Ձեր գնահատականով, այնուամենայնիվ՝ կլինե՞ն անակնկալներ:

– Մեզ համար հստակ է, որ շարունակում ենք եւ շարունակելու ենք մնալ խորհրդարանական կուսակցություն: Իսկ իրավիճակի շուրջ կան տարբեր գնահատականներ՝ ՀՀԿ-ի, ընդդիմության եւ այլն: Այս բազմակարծությունն ամենակարեւորն է, որ մեզ ուրախացնում է՝ ընդդիմությունն ասում է՝ «վատ է լինելու ձեր վիճակը», իշխանության ներկայացուցիչներն էլ՝ «հարց չկա, լավ է լինելու, մենք խնդիր չունենք» եւ այլն: Կարծիքները պիտի բախվեն: Պիտի լինի հասարակական ու քաղաքական բանավեճ, որն իր լուծումը կստանա ընտրությունների արդյունքներով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել