Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանությունն աշխատում է

Ապրիլ 23,2007 00:00

Մանրամասներ «Վստրեչում» կատարվածի մասին

ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքում երեկ նոր մանրամասներ էին տեղադրվել ապրիլի 19-ին Արցախի եւ Ռոստովյան փողոցների խաչմերուկում՝ «Վստրեչում», տեղի ունեցած մահափորձի դեպքի առնչությամբ: Հիշեցնենք, որ այդ փողոցի սկզբնամասում անհայտ անձինք կրակահերթ էին արձակել եւ պայթուցիկ սարք էին նետել «Վստրեչի Ապեր» մականունով հայտնի թաղային հեղինակություն Արամ Վարդանյանի եւ նրա ընկերների ուղղությամբ:

Ըստ երեկ տարածված պաշտոնական հաղորդագրության, ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն են ներկայացել 1970 թ. ծնված Արսեն Գ.-ն, 1970 թ. ծնված Գարիկ Հ.-ն եւ 1981 թ. ծնված Բաբկեն Ղ.-ն: «Առավոտի» տեղեկություններով, հաղորդագրության մեջ նշված Գարիկ Հ.-ն նույն ինքը թիվ 13 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված նախկին թեկնածու Գարիկ Հակոբյանն է՝ ԱԺ պատգամավոր Գեւորգ Հակոբյանի՝ «Կոմբիկերի Վլադի» եղբոր տղան, իսկ Արսեն Գ.-ն՝ Արսեն Գասպարյանն է, ովքեր մի քանի տարի առաջ անցնում էին նաեւ «ՏԷՑ-ի կրուգում» տեղի ունեցած քրեական «ռազբորկայի» քրգործով: Իսկ մատնանշված երեք երիտասարդներն էլ «Վստրեչի Ապերի» այն ընկերներն են, ովքեր ապրիլի 19-ին նրա հետ միասին գտնվել են դեպքի վայրում եւ իրենք էլ իրենց մոտ եղած հրազենից կրակահերթ են բացել մահափորձի կազմակերպիչների վրա: Ըստ ՀՀ ոստիկանության, Արսեն Գ.-ն ներկայացրել է «ԱԿՍՈՒ» տիպի ինքնաձիգը՝ պահունակով, եւ հայտարարել, որ ապրիլի 19-ին գտնվելով դեպքի վայրում՝ նշված ինքնաձիգից կրակահերթ է արձակել: Երեկ ոստիկանության Էրեբունու բաժին է զանգահարել անհայտ քաղաքացին ու հայտնել, որ տեղի ունեցած կրակոցների ժամանակ օգտագործված «ՏՏ» տիպի ատրճանակն ինքը թողնում է Գլինկայի փողոցից դեպի Տիգրան Մեծի պողոտա տանող ճանապարհի աջ կողմում: Նշված վայրից հայտնաբերված «ՏՏ» տիպի ատրճանակը եւ ներկայացված ինքնաձիգն ուղարկվել են ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն: Մեր աղբյուրների ասելով, իրավապահները կասկածներ ունեն, որ «ՏՏ» տիպի ատրճանակը հնարավոր է օգտագործված լինի այլ հանցագործություն կատարելու ժամանակ եւս:

Դեռ ապրիլի 19-ին հիշյալ անձինք իրենք էին ներկայացել ՀՀ ոստիկանություն՝ որպես տուժողներ, բայց, մեր տեղեկություններով, երեկվանից նրանց ազատ չեն արձակել: Ավելին, նրանք ձերբակալվել են եւ հնարավոր է, որ մեղադրվեն ապօրինի զենք կրել-պահելու մեջ:

Երեկ տեղեկություններ կային, որ տեղի ունեցած «ռազբորկային» որոշակիորեն առնչվում է նաեւ ՀՀ ԱԺ գործարար պատգամավոր Գրիգոր Մարգարյանը՝ «Բելաջիոյի Գրիշը»: Ըստ մեր աղբյուրների, նա երեկ եղել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում եւ հարցաքննվել է դեպքի առնչությամբ: Այս տեղեկությունները մենք փորձեցինք ճշտել հենց պարոն Մարգարյանից: Տպավորությունն այն էր, որ նա տարածված այդ շշուկների մասին արդեն տեղյակ էր: Գ. Մարգարյանը բացի այն, որ հերքեց ոստիկանությունում լինելու եւ առավել եւս հարցաքննվելու, «Ապերի» հետ խնդիրներ ունենալու մասին տեղեկությունները, նաեւ վրդովված ավելացրեց. «Ապերն» իմ 15 տարվա ընկերն է, եւ ես ցավում եմ, որ Հայաստանում կան մարդիկ, ստոր մարդիկ, ովքեր փորձում են մարդու դժբախտության ու արյան գնով իրենց հարցերը լուծել եւ փող աշխատել՝ ուրիշին մրոտելու գնով»: Որքան հասկացանք, Գ. Մարգարյանը ենթադրում է, թե ով կարող էր իր անունը շահարկել այս դեպքի համատեքստում, բայց անուն տալ չցանկացավ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել