Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«ՀՂՓԱՑԱԾ» ՕԲՅԵԿՏԱՏԵՐԵՐԸ ՀԱՃՈՒՅՔՈՎ ԵՆ ՏՈՒԳԱՆՎՈՒՄ

Հունիս 06,2007 00:00

\"\"Որպեսզի հետո շարունակեն խախտել մարդկանց գիշերային անդորրը

Ամռան գալուն պես մայրաքաղաքի բացօթյա սրճարանների, ռեստորանների, գիշերային ակումբների հարեւանությամբ բնակվողների մտահոգությունը մեկն է լինում՝ ե՞րբ պետք է դադարի բարձր երաժշտությունը, որպեսզի կարողանան քնել: Երեւանի զբոսայգիներում կողք կողքի տեղակայված սրճարանների այցելուներն էլ երբեմն ստիպված են լինում միաժամանակ հնչող տարբեր երաժշտությունների պարտադրված ունկնդիրը դառնալ. մանավանդ յուրաքանչյուր օբյեկտ մրցում է, թե ով ավելի բարձր կհնչեցնի:

Ղեկավարվելով ՀՀ «Վարչական իրավախախտումների», «Առեւտրի եւ սպասարկումների մասին» օրենքներով, Երեւանի քաղաքապետարանի առեւտրի եւ սպասարկումների վարչությունն արդեն գրավոր նախազգուշացրել է հանրային սպասարկում իրականացնող բոլոր անձանց՝ այն մասին, որ ժամը 24-ից հետո արգելվում է բարձր երաժշտությունը: Վերջինիս ձայնը չպետք է գերազանցի 30 դեցիբելը, իսկ բացօթյա սրճարաններում կեսգիշերից հետո այն ընդհանրապես չպետք է հնչի: Մեզ հետ զրույցում Երեւանի քաղաքապետարանի առեւտրի եւ սպասարկումների վարչության պետ Կարեն Գեւորգյանը, չբացառելով, որ քիչ չեն խախտումները, միաժամանակ փաստեց, որ բնակիչների բողոքները երբեմն իրականությանը չեն համապատասխանում: «Հաճախ բնակիչը պարզապես այդ կերպ «շանտաժի» է ենթարկում այս կամ այն սպասարկման կենտրոնի տիրոջը՝ նրանցից գումար շորթելու նպատակով»,- հայտնեց պրն Գեւորգյանը: Իսկ, ընդհանրապես, նրա տեղեկացմամբ, գիշերային լռությունը խախտողների նկատմամբ սահմանվում է 30-50 հազար դրամ տուգանք, օրինազանցության կրկնման դեպքում՝ շուրջ 200 հազար դրամ: 2006-ին, սահմանված ժամից հետո լռությունը խախտելու համար, 10-ից ավելի կենտրոններ են տուգանվել: Այս տարի դեռ ոչ մի կարգազանց կառույց չի հայտնաբերվել: Կ. Գեւորգյանը չժխտեց, որ այսօր Երեւանում գործող սպասարկման կենտրոնների համար վերոնշյալ տուգանքների չափը այնքան էլ «վախենալու» չէ. «Կան հղփացած կազմակերպություններ, որոնք «հաճույքով» են մուծում տուգանքները, այնուհետեւ հանգիստ խղճով շարունակում իրենց գործունեությունը: Այդ ժամանակ էլ այլ պատժամիջոց ենք կիրառում: Եթե նույն կազմակերպությունը 3-րդ անգամ է խախտում օրենքը, ապա նրա գործունեության հարցը վերանայվում է թաղապետարանում: 2006-ին 5-6 սպասարկման կենտրոնների, այդ թվում Խանջյան փողոցում գտնվող «Անդորր» սրճարանի, գործունեությունը ոստիկանության միջամտությամբ արգելվել է: Հետո թույլատրվել է վերստին աշխատել՝ օրենքին հետեւելու պայմանով»: Կ. Գեւորգյանն ավելացրեց, որ գիշերային անդորրն ավելի հաճախ խախտում են Կենտրոն համայնքում տեղակայված ժամանցի կենտրոնները: Այս առումով 2-րդ տեղում Արաբկիր համայնքն է:

Վարչության պետը հիշեցրեց նաեւ, որ սպասարկում իրականացնող կառույցները պարտավոր են պայմանագրեր ունենալ համապատասխան ծառայությունների հետ, որոնք կհսկեն տվյալ օբյեկտի ներսում եւ շրջակայքում գտնվողներին. «Հիմնականում կվերահսկվեն գինովցած մարդիկ, որոնք աղմուկ են բարձրացնում, վեճեր հրահրում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել