Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ-Ն, ՆԱՐԴԻՆ ԵՎ «ՀՈԳԻՍ»

Հունիս 11,2007 00:00

\"\"Խճանկար Միջերկրականի ափերից

Հունիսի 1-ին Մադրիդում, «Ռաֆայել Ալբերտին» գրադարանի դահլիճում կայացավ իսպանահայ մշակույթի տոն: Առաջին անգամ անցկացվող այս միջոցառումը կազմակերպել էր «Հոգիս» հայ-իսպանական մշակութային միությունը: «Սկզբում մտադրվել էինք ներգրավել միայն Մադրիդի բնակիչներին, բայց ստացվեց այնպես, որ Վալենսիայի հայերն էլ մասնակցեցին՝ իրենց շնորհալի կատարողներով: Սա, այսպես ասած՝ փորձնական միջոցառում էր: Սեպտեմբերին նախատեսել ենք Հայաստանի անկախությանը նվիրված մեծ համերգային ծրագիր, որին կմասնակցեն արդեն Իսպանիայի բոլոր մարզերը»,- «Առավոտին» տեղեկացրեց միության նախագահ Վահագն Հայրապետյանը:

Ընդամենը ինը մասնակից ունեցող միջոցառումը դահլիճի ուշադրությունը բեմին գամեց շուրջ 2 ժամ: Ներկայացվեցին հայկական ժողովրդական երգ ու պար, ասմունք, գործիքային եւ նույնիսկ դասական ժանրի վոկալ կատարումներ: Տեղեկացնենք, որ նրանց թվում էր իսպանական ու եվրոպական բեմերին բավականին հայտնի օպերային երգիչ Վանո Թադեուն (տենոր):

«Վասյուկին՝ շախմատի քաղաք»

Ոչ թե «Վասյուկիում», այլ Վալենսիայի մարզի Միսլատա քաղաքում, եւ ոչ թե շախմատի, այլ՝ նարդու առաջնություն է կազմակերպվում, այն էլ՝ երեք տարի անընդմեջ: Հունիսի 1-ին ամփոփվեց հերթական առաջնությունը՝ հաղթողի գավաթին արժանացնելով Արմեն Մաթեւոսյանին: «Դա մեր ավանդական խաղերից է եւ հայերն այստեղ էլ հաճույքով ազատ ժամանակը տրամադրում են նարդուն: Կփորձենք մեծացնել առաջնության աշխարհագրական սահմաններն ու դարձնել համաիսպանական»,- մեզ հետ զրույցում ասաց կազմակերպիչ, Միսլատայի «Արարատ» միության նախագահ Արարատ Ղուկասյանը: Մինչ մրցանակաբաշխությունը կսկսվեր, նարդու սեղանի մոտ իր ուժերը փորձեց նաեւ Միսլատայի քաղաքապետ Մանուել Կոռեդերա Սանչեսը: Հետո նա եւ իր խորհրդականները հանձնեցին մրցանակները: «Առավոտին» տված կարճ հարցազրույցում պարոն Սանչեսն ասաց. «Միսլատայում 97 ազգության ներկայացուցիչներ են ապրում, հայերի թիվը 350 է: Անձնական մտերմություն չունեմ, բայց լավ հարաբերություններ ունեմ հայերի հետ, օգնում եմ՝ ինչով կարող եմ: Հայերն առանձնանում են մյուսներից իրենց ակտիվությամբ, շատ միջոցառումներ են կազմակերպում, միակ օտար ազգն է, որ մասնակցեց այս տարվա մեր տոնավաճառին ու ներկայացրեց շատ հետաքրքիր տաղավար: Նույնիսկ ցանկություն ունեմ, որ Միսլատան եւ Հայաստանի քաղաքներից մեկը եղբայրանան»: Իսկ կա՞ «հայկական» առանձնահատկություն, որ քաղաքապետի սրտով չէ: Պարզվում է՝ կա. «Մի քիչ ինքնահավան եւ ցցուն են իրենց դրսեւորում»:

Երեկոն ավարտվեց շամպայնով, հայկական երգ-երաժշտությամբ ու պարով:

«Որ մեր սխալները չկրկնեք»

Հունիսի 2-ին Վալենսիայի «Նիգ-Ապարան» միության նախագահ Լեւոն Պետրոսյանի հրավերով այստեղ էին ժամանել ՀՅԴ ներկայացուցիչ Ռիչարդ Անանյանը եւ Փարիզի «Այբ» FM ռադիոկայանի տնօրեն, ՀՅԴ անդամ Վարդան Գաբրիելյանը: Միության անդամների հետ կայացած հանդիպումը նպատակ ուներ՝ ներկայացնելով ֆրանսահայ համայնքի փորձը, ուղղություն տալ դեռեւս ձեւավորման փուլում գտնվող իսպանահայ համայնքին: «80-ամյա ֆրանսահայ գաղութը շատ բացթողումներ է ունեցել, եւ մենք ուզում ենք, որ դուք, չկրկնելով մեր սխալները, նաեւ ժամանակի զուր կորուստ չունենաք, իմանաք՝ ինչից կարելի է սկսել եւ ինչին ձգտել: Իսպանիան Եվրոպայի կարեւոր մասն է կազմում եւ զորեղ համայնք դառնալով, դուք Եվրոպայի մյուս գաղթօջախների հետ միացյալ ուժերով կարող եք Հայաստանին շատ օգտակար լինել»,- ասաց Վ. Գաբրիելյանը: Ըստ նրա՝ առաջին կարեւոր քայլերից է հայերենի ուսուցման «սիրողական» դասարանների փոխարեն ստեղծել հայկական թեքումով բարձր մակարդակի դպրոց: Հետո խորհուրդ տվեց մասնակցել ՀՅԴ սկաուտական եւ երիտասարդական կազմակերպությունների ծրագրերին:

Այս եւ այլ առաջարկությունների քննարկման, ինչպես նաեւ նոր ծրագրերի մտահղացման համար մասնակիցները որոշեցին հանդիպել աշնան սկզբներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2007
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930