Լրահոս
Օրվա լրահոսը

«ՇԱՏԵՐԻՆ ԹՎՈՒՄ Է՝ ԵՎՐԱԻՆՏԵԳՐՈՒՄԸ ԳԼԽՆԵՐԻՍ ԵՆ ՓԱԹԱԹԵԼ»

Հունիս 26,2007 00:00

\"\"Ասում է ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ Ավետ Ադոնցը, որը պատրաստվում է «Եվրոստան-ույուտով», «Բելաջիոյով» եւ «Ավշարով» գնալ դեպի
Եվրոպա եւ ՆԱՏՕ:

Խորհրդարանում ձեւավորված նոր կառույցներից է եվրաինտեգրման հարցերի հանձնաժողովը, որի նախագահ՝ ԲՀԿ-ական Ավետ Ադոնցը երեկ անցկացրեց մշտական հանձնաժողովի անդրանիկ նիստը: Նիստից հետո հանձնաժողովի անդամները «Նաիրի» կոնյակ խմեցին, եւ այդ հանձնաժողովի նախագահի նորընտիր տեղակալ (ընտրվել է քաղաքական համաձայնությունների շրջանակում), ՀՀԿ-ական Մանվել Բադեյանը («Եվրոստան-ույուտ») բոլորին հրավիրեց միասին նշելու համատեղ աշխատանքի առաջին օրը: Նույն հանձնաժողովի անդամ Գրիգոր Մարգարյանը («Բելաջիոյի Գրիշը») տեղից նկատեց՝ «տեղն ասա, տեղը»: Մանվել Բադեյանը իրեն չկորցրեց եւ հստակեցրեց. «Դե, պարզ չէ՞, տեղը «Բելաջիոն» է, էլ որտե՞ղ»: Այսպիսի «կառուցողական» համագործակցության եւ միասին աշխատելու տրամադրվածությամբ էլ հանձնաժողովը սկսելու է եվրաինտեգրման գործընթացը: Դատելով հանձնաժողովում ընդգրկված գործարարների սեփական բիզնեսի անվանումներից՝ կարելի է վստահաբար ասել, որ եվրաինտեգրման հարցերը նույնպես հուսալի ձեռքերում են:

Քանի որ հանձնաժողովի նախագահ Ավետ Ադոնցը արտակարգ եւ լիազոր դեսպանի կոչում ունի, նրա հետ զրույցում մենք մեր զարմանքը հայտնեցինք, թե ինչո՞ւ այդքան բարձր կոչում ունեցող մեկը եկել եւ փակվել է խորհրդարանում, երբ, մեր կարծիքով, դիվանագետի ամենօրյա աշխատանքը շատ ավելի հետաքրքիր է: Պարոն Ադոնցը ի պատասխան ասաց. «Այսօր խորհրդարանում մենք մի շատ կարեւոր բաց ունենք, որը պետք է լրացնել, դա խորհրդարանական դիվանագիտությունն է: Այսօր խորհրդարանական դիվանագիտության տեղը եւ դերը աշխարհում շատ բարձր է, եւ մասնավորապես ես, որպես ԱԺ պատգամավոր, որպես մի մարդ, որն ունի դիվանագիտական աշխատանքի փորձ, բավականին օգտակար կարող եմ լինել այստեղ»: Հանձնաժողովում երկու քյավառցիների («Բելաջիոյի Գրիշի» եւ Մանվել Բադեյանի), ինչպես նաեւ «Ավշար» օղու բիզնեսմեն Արամայիս Գրիգորյանի առկայությունը հաշվի առնելով՝ հետաքրքիր էր իմանալ՝ ինքը՝ հանձնաժողովի նախագահը խմելու հանդեպ սեր ունի՞: Պարզվեց՝ խմել չի սիրում, բայց ուրախանալ կարող է. «Ուրախանալ շատ եմ սիրում, իսկ խմել՝ չեմ խմում ընդհանրապես»: Տեղում խմելուց եւ ուրիշներին խմել սովորեցնելուց հրաժարվեց նաեւ քյավառցի Մանվել Բադեյանը եւ հայտարարեց. «Վերջին մեկ տարում ընդհանրապես չեմ խմում, ոչ մի գրամ չեմ խմում, չնայած չեմ համարում վատ բան է: Սովորեցնելու մարդիկ այստեղ չկան, ովքեր արդեն սովորել են՝ սովորել են, ովքեր մինչեւ հիմա չեն սովորել խմել՝ դժվար թե սրանից հետո սովորեն»:

Ավետ Ադոնցի ասելով, իր գլխավորած հանձնաժողովի բոլոր անդամները հնարավորինս համապատասխանում են հանձնաժողովի առջեւ դրված խնդիրներին. «Հանձնաժողովի առջեւ դրված է երեք հիմնական խնդիր՝ առաջինը, Եվրոպայի խորհրդի հետ հարաբերություններ, մասնավորապես՝ ԵԽԽՎ-ի հետ, երկրորդը՝ Եվրամիության հետ, եւ երրորդը՝ օրենսդրության ներդաշնակեցումը եվրոպական չափանիշներին: Երեքն էլ կարեւոր են, եւ շատ ցանակալի կլիներ, որ ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության կազմում ընդգրկվեն մարդիկ, ովքեր հենց այս հանձնաժողովի անդամներ են, կարծում եմ, սա կբարձրացներ հանձնաժողովի աշխատանքների արդյունավետությունը Ատրասբուրգում: Ինքս անձամբ ԲՀԿ-ի կողմից ներկայացված եմ ԵԽԽՎ պատվիրակության եւ Եվրամիության պատվիրակությունների կազմում եւ շատ կուզեի, որ մյուս խմբակցություններն էլ այդպես առաջնորդվեին»:

Ավետ Ադոնցը առաջարկություններ ուներ նաեւ խորհրդարանական համագործակցության կոմիտեում հայաստանյան պատվիրակության վերաբերյալ: Նա գտնում է, որ «տարին մեկ անգամ հանդիպել եւ դրանով սահմանափակել համագործակցությունը Եվրոպական խորհրդարանի հետ, այսուհետեւ չի կարելի, ես առաջարկելու եմ ավելի ակտիվ քայլեր»:

Նկատեցինք, որ մինչեւ Ավետ Ադոնցը՝ հայոց խորհրդարանում շատ էր խոսվում եվրոպական արժեքների, եվրոպական չափանիշների եւ եվրաինտեգրման կարեւորության մասին: Գրեթե նույն բառապաշարով էր ժամանակին խոսում «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ, այն ժամանակ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը: Մինչդեռ, հիմա լսելով Ավետ Ադոնցին, տպավորություն ես ստանում, որ մինչեւ պարոն Ադոնցը ոչինչ չի արվել եւ ամեն ինչ սկսվելու է նորից: Հասկանալի է, որ մեր զրուցակիցը մեզ հետ համամիտ չէր. «Ես իմ բառապաշարը չեմ ուզում համեմատել Արթուր Բաղդասարյանի բառապաշարի հետ, վստահ եմ՝ նրա բառապաշարը ավելի հարուստ է, իսկ ինչ վերաբերում է եվրոպականին, ասելը քիչ է, պետք է անել, բայց անելու հետ մեկտեղ պետք է զուգահեռ աշխատել հասարակական կարծիքի ձեւավորման ուղղությամբ: Իսկապես, շատ բան է արված, բայց փորձը ցույց է տալիս, որ այդ ամենը դեռ չի մարսվում, որովհետեւ մարդկանց մենթալիտետը, կարծիքը դեռ պատրաստ չէ: Շատերին թվում է, թե եվրաինտեգրումը գլխներիս փաթաթել են: Պետք է բացատրել, աշխատել շատ ակտիվ հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների հետ, եւ դա լինելու է մեր հանձնաժողովի հիմնական ուղղություններից մեկը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել