Լրահոս
Օրվա լրահոսը

Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ

Օգոստոս 08,2007 00:00

Անհնար է այլ կերպ անվանել ԿԸՀ հաղորդագրությունն ԱԺ ընտրությունների կազմակերպման եւ անցկացման մասին

Երեկ տեղեկացրել ենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքէջում տեղադրվել է հաղորդագրություն՝ ԱԺ մայիսի 12-ի ընտրությունների կազմակերպման եւ անցկացման մասին: Այստեղ մասնավորապես պարզաբանումներ կան ԿԸՀ ստացած 76 դիմում-բողոքների կապակցությամբ: Նշենք, որ 40 բողոք վերաբերել է նախընտրական քարոզչության կազմակերպմանն ու անցկացմանը, դրանցից 21-ը՝ ԶԼՄ-ների կողմից քարոզչության լուսաբանմանը, 2 դիմում՝ նախընտրական հիմնադրամներին: 7 դիմում վերաբերել է քվեարկության կազմակերպմանն ու անցկացմանը:

Քարոզ՝ մինչեւ քարոզչության սկիզբը

Անդրադառնալով այն բողոքներին, թե առանձին կուսակցություններ մինչեւ նախընտրական քարոզչության՝ օրենսդրությամբ սահմանված պաշտոնական մեկնարկն էին սկսել քարոզչությունը, ԿԸՀ-ն պարզաբանում է, թե օգտվելով Սահմանադրության եւ «Կուսակցությունների մասին» օրենքի ընձեռած հնարավորություններից՝ նրանք «ազատ տարածել են տեղեկություններ իրենց գործունեության վերաբերյալ, քարոզել իրենց նպատակները եւ խնդիրները: Կուսակցությունների այս գործունեությունը, եթե նույնիսկ այն պարունակել է քարոզչության տարրեր, չի կարող նույնացվել նախընտրական քարոզչության հետ»: Նշված է. «Քաղաքական քարոզչությունը կամ քաղաքական գովազդը, ինչպես էլ որ մեկնաբանվեն, միեւնույն է, օրենսգրքի իմաստով նախընտրական քարոզչություն չեն, քանի որ չկա սուբյեկտը, այն է՝ թեկնածուն»:

Հավասար չեք՝ բացարձակ իմաստով

Ընտրական օրենսգրքի 20-րդ հոդվածի համաձայն՝ հեռուuտառադիոընկերությունները պարտավոր են հավաuար պայմաններ ապահովել ընտրություններին մաuնակցող բոլոր թեկնածուների եւ կուuակցությունների համար: «Արդյոք «հավասար» բառը պե՞տք է հասկանալ բացարձակ իմաստով»,- հարցադրում է արված հաղորդագրության մեջ, որտեղ կա նաեւ պատասխանը՝ Վենետիկի հանձնաժողովի «Ընտրական հարցերում բարենպաստ գործունեության կանոնագրքի» 2.3 կետում ասվում է. «Կախված խնդրո առարկայից՝ հավասարությունը կարող է լինել «խիստ» կամ «համամասնական»: Մեր ընտրություններում, փաստորեն, կուսակցությունները եղել են համամասնորեն հավասար՝ պայմանավորված «իրականացվող միջոցառումների ինտենսիվությունից, քարոզարշավի աշխարհագրությունից, ներկայացվող ծրագրերի ու նպատակների նկատմամբ հասարակության հետաքրքրությունից եւ ժամանակի ընթացքում հասարակության մեջ այդ հետաքրքրության աճից կամ նվազումից»:

ԿԸՀ-ն նաեւ անդրադարձել է հեռուստաընկերությունների հեղինակային հաղորդումներին այս կամ այն կուսակցության ներկայացուցչին հրավիրելու կամ չհրավիրելու հանգամանքներին եւ նշել, թե «Զանգվածային լրատվության մասին» օրենքն արգելում է ԶԼՄ-ի նկատմամբ տեղեկատվություն տարածելուն կամ այն տարածելուց հրաժարվելուն նպատակաուղղված որեւէ հարկադրանք կիրառելը: Նաեւ մեջբերում է արված ԵԽ նախարարների կոմիտեի «ԶԼՄ-ներով նախընտրական քարոզչության լուսաբանումն ապահովելու միջոցների մասին» երաշխավորությունից, ըստ որի՝ վճարովի գովազդի դեպքում է, որ հաղորդումը պարտադիր պետք է ուղեկցվի այդ մասին համապատասխան լուսագրով. «Վերոշարադրյալի հաշվառմամբ՝ հեղինակային կամ լրատվական տեղեկատվական ծրագրերում քարոզչության ընթացքում ներկայացվածը չի կարող համարվել վճարովի հիմունքներով եթերաժամանակ եւ հաշվարկվել նախընտրական հիմնադրամի ծախսերում»:

Պաշտոնյաների քարոզելու մասին

Ընտրական օրենսգրքի 22.1 հոդվածի համաձայն՝ «Արգելվում է նախընտրական քարոզչության իրականացումը պաշտոնական պարտականությունները կատարելիս»: ԿԸՀ-ն սրա բացատրությունն էլ ունի՝ «Անհրաժեշտ է տարբերակել ու չնույնացնել «պաշտոնական պարտականություններ» եւ «աշխատանքային ժամեր» հասկացությունները»: Նաեւ նշված է, թե պաշտոնատար անձի պաշտոնական պարտականությունները նրան Սահմանադրությամբ եւ օրենքով վերապահված լիազորություններն են. «Սահմանադրությամբ եւ օրենքով չնախատեսված որեւէ այլ գործունեություն, իրականացվի դա աշխատանքային ժամերին թե դրանից դուրս, չի կարող համարվել պաշտոնական պարտականությունների կատարում»:

Նախընտրական ծախսեր ու բարեգործություն

ԸՕ համաձայն՝ նախընտրական քարոզչության համար կարող են ծախսվել բացառապես նախընտրական հիմնադրամի միջոցները: Սակայն ԿԸՀ-ն այս հաղորդագրությամբ արդարացնում է, թե քարոզչության փուլում էլ կուսակցությունները շարունակում են իրենց՝ «որպես կուսակցություն, բնականոն գործունեությունը, որի ֆինանսավորումը նախընտրական հիմնադրամների միջոցներից կատարելու պարտականություն կամ որեւէ պահանջ օրենսգիրքը չի սահմանում»:

Արդարացված է նաեւ բարեգործական ծրագրերին կուսակցությունների մասնակցությունը. «Մինչեւ նախընտրական քարոզչության սկիզբը կուսակցությունները կարող են իրականացնել բարեգործական ծրագրեր, քանզի նման օրենսդրական արգելք գոյություն չունի: Չնայած օրենսդրական արգելքի բացակայությանը, մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կուսակցություններն ընդամենը աջակցել են բարեգործական կազմակերպությունների կամ անհատ քաղաքացիների միջոցների հաշվին բարեգործական ծրագրերի իրականացմանը»:

Սխալվել են. հետո՞ ինչ

ԿԸՀ-ն խնդրում է հաշվի առնել, որ ընտրական տեղամասերում մեկ քվեարկության արդյունքների ամփոփման համար օրենսգրքով սահմանված ժամկետում մայիսի 12-ին միաժամանակ ամփոփվել է 2 քվեարկության արդյունք, «ինչի պատճառով հանձնաժողովներն աշխատել են ծանրաբեռնված, որն առանձին դեպքերում հանգեցրել է օրենսգրքի ընթացակարգային որոշ նորմերի չպահպանմանը, թերացումների: Թերացումները հիմնականում տեխնիկական բնույթ են կրել՝ թվաբանական սխալներ, թվերով եւ տառերով գրված տվյալների անհամապատասխանություն կամ նմանատիպ այլ բացթողումներ, բայց ոչ մի դեպքում թեկնածուների կամ կուսակցությունների օգտին կողմ քվեարկած քվեաթերթիկների մասով, եւ չէին կարող ազդել ընտրությունների արդյունքների վրա»: Ըստ հաղորդագրության՝ արձանագրություններում թերացումները հիմնականում վերաբերում են տեղամասային ընտրական հանձնաժողովին հատկացված քվեարկության ծրարների եւ քվեաթերթիկների թվերին, քվեաթերթիկների ելունդների համարներին:

Իրավունք ունեի՞ն ուղղելու

ԿԸՀ-ն ընդունում է այն փաստը, որ վերացրել է անհամապատասխանությունները «հանձնաժողովին հատկացված քվեարկության ծրարների թիվը», «հանձնաժողովին հատկացված քվեաթերթիկների թիվը», «ելունդների համարները» տողերում եւ վավերացրել համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կնիքով:

Ուղղումներ անելու՝ օրենքով իրեն չվերապահված գործառույթը հաղորդագրության մեջ այսպես են փորձել արդարացնել, թե ԸՕ 63.2-րդ հոդվածի համաձայն՝ ԿԸՀ-ն ամփոփում է համապետական ընտրությունների արդյունքները եւ արձանագրությամբ վավերացնում դրանք. «Իրավանորմում նշված «ամփոփում» դրույթը չունի իր օրենսդրական բնորոշումը: Ամփոփում իրականացնելով՝ ԿԸՀ-ն ստացված տվյալները բերում է հանրագումարի, սակայն դրանցում բացահայտ անճշտություններ, վրիպակներ, բացթողումներ եւ նմանատիպ այլ թերություններ հայտնաբերելու պարագայում չի կարող ցուցաբերել մեխանիկական մոտեցում. հանձնաժողովն ամփոփում է քվեարկության բուն պատկերը եւ ոչ թե ստացված թվերի մեխանիկական հանրագումարը»: Դարձյալ պնդում է արված, թե իրենց ճշտումներով չեն փոխել քվեարկության արդյունքները, այլ միայն ճշգրտվել են մեխանիկական կամ թվաբանական թերությունները:

Դեռ պիտի չբողոքեի՞ն

Այս ամենից հետո՝ ԿԸՀ-ն դեռ ընդվզում է, որ ԱԺ ընտրությունների արդյունքները բողոքարկվել են. «Մեզանում վատ ավանդույթ է դարձել քաղաքական խնդիրներն իրավական հարթություն տեղափոխելն ու իրավական գործընթացները քաղաքականացնելը: Ընտրական բարի ավանդույթների պակասի, ինչպես նաեւ՝ ընտրական գործընթացներում սեփական սխալներն ընդունելու ու գնահատելու համարձակություն չունենալու պատճառով, համամասնական ընտրակարգով ընտրությունների եւ 1 մեծամասնական ընտրատարածքում ընտրությունների արդյունքների վերաբերյալ դիմումներ են ներկայացվել ՍԴ»: Դաս տալով ՍԴ դիմածներին, թե «Ժողովրդավարական ընտրությունները ենթադրում են նաեւ պարտությունն արժանապատվորեն ընդունելու կարողություն»՝ ԿԸՀ-ն հայտարարում է. «Մեկ կամ մի քանի, նույնիսկ մի քանի հարյուր ընտրողի ընտրական իրավունքի խախտումը, որը հաստատվել է սահմանված կարգով, ինքնին չի կարող հիմք հանդիսանալ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու համար, քանզի հակառակ պարագայում կոտնահարվի ընտրված թեկնածուի, կուսակցության կամ նրան կողմ քվեարկած հարյուր հազարավոր ընտրողների ընտրական իրավունքը, կխեղաթյուրվի ու կիմաստազրկվի ընտրությունների ինստիտուտն ընդհանրապես»:

Հ. Գ. Հայաստանում ընտրությունների ինստիտուտն իրականում արդեն վաղուց է խեղաթյուրվել եւ իմաստազրկվել, բայց դրա պատճառներն այլ են թերեւս: Եվ պատճառների շարքում կարեւորներից մեկը, մեր կարծիքով, հետեւյալն է, որ ընտրական գործընթացները կազմակերպելու, դրանց անցկացման օրինականությանը հետեւելու կոչված մարմինները՝ օրենսդրության դրույթները կատարելու կամ դրանց պահպանմանը հետեւելու փոխարեն, այնտեղ սողանցքներ են փնտրում եւ պատճառաբանություններ մոգոնում՝ սեփական անգործությունը եւ օրինախախտումներն արդարացնելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2007
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031