Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՈԼԵՋԸ ԿԴԱՌՆԱ «ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ»

Օգոստոս 08,2007 00:00

Վարդենիսում միջին մասնագիտական ուսումնական հաստատությունը պահելու համար տնօրենը պատրաստ է այնտեղ նույնիսկ վարսավիրանոց բացել:

«Միջին մասնագիտական եւ մասնագիտական կրթության նպատակը մեր ուսանողների զբաղվածության խնդրի լուծումն է: Այս իմաստով պետք է քայլ կատարվի դեպի գործատու, որոնց հետ հստակ պայմանավորվածության արդյունքում կկարողանանք մեր լավագույն շրջանավարտներին տեղավորել աշխատանքի: Հեռավոր Վարդենիսում գործատուներ գտնելու լուրջ խնդիրներ ունենք»,- «Առավոտի» հետ զրույցում նշեց Վարդենիսի պետական քոլեջի տնօրեն Արամ Կարապետյանը: Մի շարք մասնագիտությունների գծով (իրավագիտություն, հայոց, ռուսաց եւ օտար լեզուների դասավանդում, դասավանդում տարրական դասարաններում, էկոնոմիկա, հաշվապահական հաշվառում ու աուդիտ եւ այլն) քոլեջն ակնկալում է ունենալ շուրջ 100 դիմորդ: Այդքան էլ եղել է նախորդ տարի: Ա. Կարապետյանը փաստեց, որ այսօր գրեթե նույն վարձավճարներն ունեն ոչ պետական բուհերն ու քոլեջները եւ իրենց համար արդեն լուրջ խնդիր է ուսանողներ հավաքագրելը, քանի որ քիչ թե շատ ֆինանսապես կայուն ուսանողն ընտրում է ոչ թե պետական քոլեջ, այլ որեւէ մասնավոր բուհ. «Ոչ մի դիմորդ բարձրագույն կրթություն ստանալու հնարավորությունը բաց չի թողնի եւ քոլեջ գնա: Ոմանք էլ քոլեջ են ընդունվում, որպեսզի 2-3 տարի անց կարգավորեն ֆինանսական միջոցները եւ միանգամից համալսարանի 2-րդ կամ 3-րդ կուրս տեղափոխվեն»:

Տնօրենի խոսքերով, իրենց արտաբյուջետային միջոցները շատ խղճուկ են, չեն կարողանում նույնիսկ գրադարանը համալրել նոր գրականությամբ: Ըստ նրա, մասնագիտական գրականություններից 1-2 օրինակ են գնում, որը, իհարկե, ուսանողներին չի բավարարում: Վերջին մի քանի տարում գրադարանը գրեթե չի թարմացվել, խորհրդային շրջանից մնացած ժառանգության հույսին է: Քոլեջում ուսուցանվում են նաեւ նախկինում պրոֆտեխուսումնարանների մենաշնորհը հանդիսացող մասնագիտություններ՝ եռակցողի, ներկարարի, դերձակի, վարսահարդարի, խոհարարի: Այս տարվանից էլ ներդրվել է նոր մասնագիտություն՝ գյուղացիական տնտեսության կազմակերպում (ֆերմեր), որի համար արդեն գրանցվել է 4-5 դիմորդ: Հաջորդ տարի ԿԳՆ-ից նյութատեխնիկական օգնություն ստանալու դեպքում մտադիր են պատրաստել կահույքագործներ:

«Արդեն պետք է հստակեցվի, թե Վարդենիսում ինչ մասնագետների կարիք է զգացվում, բայց եթե միայն դրա վրա կանգ առնենք ու լայն մասնագիտությունների գծով ընդունելություն չկազմակերպենք, չենք կարողանա մեր արտաբյուջեում գումարներ տնտեսել, որպեսզի քոլեջի գոյությունը պահենք: Փնտրտուքների մեջ ենք եւ մտադիր ենք քոլեջի շենքն օգտագործել այնպիսի վճարովի ծառայությունների մատուցման համար, որոնցից ստացված միջոցները կուղղենք մեր նպատակների իրականացմանը»,- ավելացրեց Ա. Կարապետյանը: Քոլեջն այս տարի Խաղաղության կորպուսի ծրագրով շահել է 6 համակարգիչ, սեպտեմբերի 1-ից գործելու է նաեւ համակարգչային լսարան: Ազատ ժամերին այս համակարգիչները նույնպես վճարովի հիմունքներով ծառայություններ կմատուցեն հասարակությանը: Բյուջեն լցնելու ակնկալիքով, տնօրենի հավաստմամբ, պատրաստվում են քոլեջի շենքում նաեւ վարսավիրանոց բացել: «Այս տարվանից կառավարությունը կարծես քոլեջներին լուրջ ուշադրություն է ուզում դարձնել՝ կապված ուսումնանյութական բազայի հետ, տեսնենք»,- հուսաց տնօրենը: Նրա համար անակնկալ էր, որ այս տարի մինչ այս պահը իրենց քոլեջում գրանցվել է անգլերեն լեզվի համար ընդամենը մեկ դիմորդ, մինչդեռ նախորդ տարիներին այդ մասնագիտության համար լուրջ պայքար է եղել: Օտար լեզվի հանդեպ անտարբերությունը տնօրենը պատճառաբանեց հաշվապահական հաշվառում եւ աուդիտ մասնագիտության ներդրմամբ, որը մեծ աշխուժություն է առաջացրել քոլեջում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել