Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱԴԻՎԱՆՔԸ՝ ԻՆՉՊԵՍ ՈՐ ԿԱ

Հոկտեմբեր 20,2007 00:00

\"\"ԼՂ Շահումյանի շրջանի այս գյուղը 1000 խնդիր ունի

«Կուզեի, որ մեր դպրոցական դասագրքերը լավ վիճակում լինեն, որպեսզի դրանցով կարողանայինք դաս սովորե: Երազում եմ, որ մեր դպրոցի շենքը մեծանա ու բարեկարգվի, գյուղում շատ մարդիկ ապրեն: Մեր ունեցած ներկայիս մեկական վոլեյբոլի ու բասկետբոլի ցանցերից բացի, ֆիզկուլտուրայի մարզադահլիճ ունենանք»,- ԼՂ Շահումյանի շրջանի Դադիվանք գյուղի 13-ամյա բնակիչ Գուրգեն Բադալյանն այսպիսի ցանկություններ ունի: 1995-ին հիմնադրված գյուղում ընդամենը 23 տուն կա եւ 100 բնակիչ: Այստեղ ապրում են ոչ միայն ղարաբաղցիներ, այլեւ ՀՀ մարզերից վերաբնակեցվածներ: Օրինակ՝ Գուրգենի ընտանիքը, որը եկել է Արտաշատի Նշավան գյուղից, Դադիվանքում ամենաբազմազավակն է: «Ունեմ 9 եղբայր եւ 3 քույր: Ամենամեծը Լուսինեն է՝ 25 տարեկան, որն արդեն ամուսնացել է: Իսկ ամենափոքրը 4 տարեկան Գեւորիկն է: Ինը տարի այս գյուղում ենք ապրում: Սկզբում մեզ մի հին տուն տվեցին, իսկ երբ 10-րդ երեխան ծնվեց՝ նոր տուն, ավտոմեքենա եւ հեռուստացույց նվիրեցին»,- պատմեց Գուրգենը: Նրա հետ ծանոթացանք գյուղի տարածքում հիմնված վաղմիջնադարյան հայտնի հայկական վանքային համալիրի՝ Դադիվանքի բակում: Գուրգենը մոմ էր վաճառում: Հետո զրույցը ծավալվեց ու հասավ նրան, որ պատանին պատմեց իրենց առօրյայի մասին. «Ապրում ենք, էլի: Մայրիկս դպրոցում տնտեսվար է աշխատում, հայրս սկզբում եկեղեցում էր աշխատում, հիմա ընկույզ հավաքելու գործով է զբաղված: Դասերից հետո մենք էլ ենք գնում նրան օգնելու: Որտեղ ասես՝ ընկույզ կա, այն լիքն է անտառներում: Հոն էլ ենք հավաքում ու մեր գյուղի մի բնակչի հանձնում: Մեր ապրուստը հիմնականում ընկույզ, հոն, պնդուկ հավաքելով ենք վաստակում, խոզ ենք պահում, հող մշակում»:

Հետաքրքրվեցինք, թե դասերից ու աշխատանքից բացի, ուրիշ ինչո՞վ է զբաղվում Գուրգենը: «Գյուղում հեռուստացույցը լավ չի ցույց տալիս, ընդամենը մի քանի հայկական ալիք է բռնում, մնացածը թուրքական են: Այստեղի բնությունն է իմ հետաքրքրության առարկան, այս սարերն ու անտառները»,- պատասխանեց նա: Կես կատակ-կես լուրջ Գուրգենին հարցրինք, թե գյուղում հարուստներ կա՞ն: «Այս քարերի մեջ ի՞նչ հարուստներ»,- զարմացավ պատանին: Հետո էլ մեզ տարավ իրենց տուն: Այստեղ էլ զրուցեցինք նրա մոր՝ Կարինե Ալավերդյանի եւ հոր՝ Գեղամ Բադալյանի հետ: «Ոնց կլինի, որ խնդիր չունենանք: Մշտական աշխատանք չունենք, եղածն էլ քիչ է վարձատրվում: Բարերարներ չկան, գյուղապետարանը հնարավորություն չունի օգնելու: Հողը մշակելով՝ հազիվ ալյուր ենք գնում»,- ասաց Կ. Բադալյանը: Նրա ամուսնուց էլ հետաքրքրվեցինք, արդյոք գյուղում խոսո՞ւմ են քաղաքականությունից. «Մենք ի՞նչ գործ ունենք քաղաքականության հետ: Մեր թեման գյուղական հոգսերն են, մտածում ենք մի գործ գտնենք, երեխաներին պահենք»:

Այցելեցինք նաեւ գյուղի՝ 1999-ին կառուցված Արմենակ Արմենակյանի անվան միջնակարգ դպրոց: Այստեղ սովորում է 21 աշակերտ, չկան 3-րդ եւ 4-րդ դասարանցիներ: Մոտ տարիքային խմբերի երեխաները միեւնույն դասարանում են սովորում: Օրինակ՝ մի դասարանում սովորում են երկու 9-րդ եւ մեկ 8-րդ դասարանի աշակերտներ: Հիմնադրման օրվանից դպրոցն ունեցել է 18 շրջանավարտ, որոնցից 3-ն ընդունվել է Արցախի բուհեր: «Երեխաներն այդպես էլ հստակ չգիտեն, թե ով է եղել Արմենակյանը: Թռուցիկ գիտենք, որ պատգամավոր է եղել, մասնակցել ղարաբաղյան ազատագրական պայքարին, սպանվել է 1999-ի հոկտեմբերի 27-ին: Բազմիցս դիմել եմ Հայաստանի Հանրապետության պատասխանատու մարմիններին, ցանկացել ավելի հարուստ տեղեկություններ ստանալ, այդպես էլ չեն տրամադրել»,- հայտնեց տնօրեն Մարուսյա Հայրապետյանը: Հետո էլ ներկայացրեց, թե դպրոցում ինչպես են կազմակերպում ուսումնական գործընթացը. «Քանի որ չունենք համապատասխան մասնագետներ, մի մասնագետը մի քանի առարկա է դասավանդում: Օրինակ, գյուղատնտեսը՝ քիմիա, կենսաբանություն է դասավանդում, մեկ ուրիշ մասնագիտության տեր ուսուցիչը՝ պատմություն, աշխարհագրություն: Եղած-չեղածն էլ ինը ուսուցիչ է»: Եվ աշակերտները, եւ դպրոցի տնօրենը մտահոգված էին դասագրքերի պակասով: Մ. Հայրապետյանի կարծիքով՝ Դադիվանքի համալիրի մոտակայքում գտնվելը մեծապես նպաստում է դպրոցի գործունեությանը. «Քանի որ մեծ է հետաքրքրությունն այս ճարտարապետական հուշարձանի նկատմամբ, հաճախ բարերարներ են այցելում մեր դպրոց: Օրինակ, վերջերս հատկացված գումարով համակարգիչ կգնեմ, կարի մեքենա, որպեսզի այն երեխաները, որոնց ծնողները ուսանող պահելու հնարավորություն չունեն, գոնե կարուձեւ սովորեն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել