Լրահոս
Օրվա լրահոսը

«Ծուղակը չենք գցի»

Նոյեմբեր 20,2007 00:00

\"\"Երեկ խոստացան ավարտական եւ միասնական քննություն հանձնողներին օտար լեզուների քննական առաջադրանքների եւ Ուղեցույցների մշակման հանձնաժողովների նախագահները:

Գիտելիքների թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) երեկվա հյուրերը անգլերենի, գերմաներենի, ռուսերենի եւ ֆրանսերենի քննական առաջադրանքների եւ Ուղեցույցների մշակման հանձնաժողովների նախագահներ Ռուբինա Գասպարյանը, Յուրի Գաբրիելյանը, Նինա Տատկալոն եւ Արամ Բառլեզիզյանն էին: Նրանք խոսեցին նոր Ուղեցույցների եւ նոր համակարգով հանձնվելիք օտար լեզվի քննությունների մասին:

ԳԹԿ մամուլի քարտուղար Գայանե Մանուկյանը կրկին շեշտեց, որ բոլոր առարկաների Ուղեցույցները բաժանվելու են անվճար: Մաթեմատիկայի Ուղեցույցներն արդեն տպագրվել են, մյուսները դեռ տպագրության փուլում են եւ մինչեւ արձակուրդները կհանձնվեն աշակերտներին:

Բանախոսները երեկ տեղեկացրին, որ գերմաներենի թեստերի փորձարկմանը մասնակցել է 183 աշակերտ, 80 հնարավորի դեպքում միջին միավորը կազմել է 26,7, առավելագույնը՝ 71: Ֆրանսերենի փորձարկմանը մասնակցել է 192 շրջանավարտ, միջին միավորը 35,8 է, առավելագույնը՝ 76, ռուսերենին մասնակցել է 237 աշակերտ, միջին միավորը 46 է, առավելագույնը՝ 76, անգլերենի դեպքում պատկերը հետեւյալն է՝ 435/49/ 80:

Ռ. Գասպարյանը նշեց, որ անգլերենի թեստերը կազմելիս աշխատել են այնպես անել, որ դրանց լեզվական նյութը համապատասխանի դպրոցական դասագրքերին: «Վերլուծությունը ցույց տվեց, որ թեստերը հուսալի են եւ միտված՝ ստուգելու երեխաների ընկալունակության կարողությունը, լեզվական ու քերականական գիտելիքները: Թեստերում չկան զուգաձեւություններ եւ հույս ունենք, որ հետագայում էլ չեն լինի: Թեստը չի կազմվել երեխաներին ծուղակը գցելու համար: Մեր նպատակն այն է, որ իրենք շատ հանգիստ կարողանան ցույց տալ, թե ինչ են սովորել դպրոցում»,- ասաց տիկ. Գասպարյանը:

Յու. Գաբրիելյանն էլ փաստեց, որ դժվար էր հաղթահարել ԿԳ նախարարության կողմից իրենց վրա դրված հետեւյալ խնդիրը՝ բոլոր լեզուները բերել միասնական չափանիշների. «Այնուամենայնիվ, հաջողվեց: 80 տոկոս ընդհանրություն՝ բոլոր լեզուների թեստերում ապահովված է, իսկ 20 տոկոս տարբերությունն անխուսափելի էր, որովհետեւ յուրաքանչյուր լեզու ունի իր յուրահատկությունները»: Նա ասաց, որ թեստերի միջոցով հնարավոր կլինի ստուգել առաջին հերթին աշակերտի հաղորդակցական կարողությունները եւ ոչ թե համատեքստից դուրս՝ քերականական կամ բառապաշարային գիտելիքները: Պրն Գաբրիելյանի համոզմամբ, գերմաներենի թեստերի փորձարկման արդյունքները գոհացուցիչ են, բայց՝ սուբյեկտիվ: «Գրավոր թեստի պայմաններում բավական բարդ են ստուգել հաղորդակցական կարողությունները, դրա համար մշակեցինք մի նոր համակարգ, որը մինչ այժմ չի գործադրվել Հայաստանում: Չնայած սրան, մենք ուղղակիորեն չփոխառեցինք արտասահմանում ընդունված տարբեր կարգի թեստանմուշները»,- նշեց նա: Նաեւ հավելեց, որ գերմաներենը հիմնականում դասավանդվում է մարզերում, դրա համար քննարկումներին պարտադիր հրավիրել են մարզերի ուսուցիչներին, հաշվի առել նրանց կարծիքներն ու առաջարկությունները:

Ն. Տատկալոն տեղեկացրեց, որ, ի տարբերություն մյուս օտար լեզուների, որոնց Ա. մակարդակում 50, իսկ Բ.-ում՝ 30 առաջադրանք է, ռուսերենում այդ հարաբերակցությունը 40/26 է. «Թեստերը կազմել ենք այն գիտակցությամբ, որ աշխատում ենք աշակերտների համար, որոնք առաջին անգամ են նման թեստ հանձնելու՝ թելադրության փոխարեն: Այնպես որ, շատ կոռեկտ ենք եղել, որպեսզի երեխաները հոգեբանական խոչընդոտների չհանդիպեն»: Ն. Տատկալոն ասաց, որ եթե նախկինում աշակերտը ստիպված անգիր էր անում 300 թելադրություն՝ քննություն հանձնելու համար, ապա այս տարի ստիպված կլինի ռուսաց լեզուն մանրամասն ուսումնասիրել:

Ֆրանսերենի քննական առաջադրանքների եւ Ուղեցույցների մշակման հանձնաժողովի նախագահ Արամ Բառլեզիզյանն էլ շեշտեց, որ թեստերում դպրոցական ծրագրերից դուրս ոչինչ չկա եւ նորմալ սովորած աշակերտը ի վիճակի է դրանք հաջողությամբ հաղթահարել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել