Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱԴՐԲԵՋԱՆԻ ՕՐԵՐ ՉԷԻՆ ԼԻՆԻ»

Դեկտեմբեր 26,2007 00:00

Եթե դաշնակցական ԿԳ նախարարը նախապես իմանար «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում կայացած ակցիայի մասին,

խորագիրն անպայման կփոխեր:

Երեկ ՀՀ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը ամփոփեց տարին: Նրա ձեւակերպմամբ. «Արդեն ունենք մի համակարգ, որտեղ շենքը կարող ենք կառուցել՝ ամեն տարի ավելացնելով քարերը, եւ այլեւս խոսք չի կարող լինել ինչ-որ բան քանդելու մասին»: Նախարարը հույս ունի, որ մինչեւ 2015-2020թթ. Հայաստանը կհամարվի գիտակրթական լուրջ տարածք: Պրն Մկրտչյանը խոսելով ձեռքբերումներից ու բացթողումներից, փաստեց, որ նախադպրոցական կրթությունը մեր ամենացավոտ տեղն է, անկախության տարիներին առավել քիչ ուշադրության արժանացած ոլորտը: Նրա գնահատմամբ՝ բարեհաջող են ընթացել հանրակրթության ոլորտի բարեփոխումները: Մայիս-օգոստոս ամիսներին ավելի քան 11000 ուսուցիչ է վերապատրաստվել, շուտով տարբերակվելու են նոր ավարտած ուսուցիչը եւ բազմավաստակը, մագիստրատուրա ավարտածն ու բակալավրը՝ աշխատավարձի առումով եւ այլն:

Նախարարը տեղեկացրեց, որ 2008-ին կայանալիք միասնական քննությունների ժամանակ տեսախցիկներով ապահովված կլինեն բոլոր դահլիճները եւ հատուկ սարքերի միջոցով կխլացվեն հեռախոսասարքերով խոսակցությունները, ու դիմորդները հնարավորություն չեն ունենա դրսի հետ կապ ունենալ՝ առաջադրանքների պատասխանները ճշտելու համար: Խոսվեց նաեւ Բոլոնյան գործընթացից, եվրոպական կրթական դաշտի հետ համընթեռնելի լինելուց, նորաստեղծ գիտության կոմիտեի ապագա նախաձեռնություններից, ԵՄ-ի՝ գիտության զարգացմանը հատկացրած 50 մլրդ եվրոյից ու անպայման դրանից անմասն չմնալուց:

«Առավոտը» դաշնակցական նախարարից հետաքրքրվեց՝ իսկապե՞ս ինքը տեղյակ չէր «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում անցկացվող «Ադրբեջանի օրերից», եւ իրո՞ք թույլ չէր տա այդ խորագրով ակցիա անցկացնել, ինչպես նշված էր «Միտք» վերլուծական կենտրոնի եւ ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության համատեղ հայտարարության մեջ:

«Եթե պետական հաստատություններում նմանատիպ միջոցառումներ են անցկացվում, ապա լիազոր մարմինը, այսինքն՝ մենք, գոնե առնվազն մեկ շաբաթ առաջ պիտի տեղյակ լինենք: Եթե դա լիներ, շատ ավելի կազմակերպված եւ ավելի հստակ խնդիրներ կլուծեինք… Որովհետեւ երկրի օրեր անում են բարեկամ ժողովրդի համար, ինչպես, օրինակ, Ֆրանսիայի, Ռուսաստանի օրերը: Դրանք բարեկամ ժողովուրդների մշակույթին, հարաբերություններին հարգանքի տուրք են, մինչդեռ մենք Ադրբեջանի հետ դեռ կարիք ունենք ընդամենը տեղեկացված լինելու մեկս մյուսի մասին: Այնպես որ՝ խոսել դրանից առաջ քայլերի մասին, նշանակում է՝ «Ադրբեջանի օրեր» վերնագիրը չի համապատասխանում միջոցառումների բովանդակությանը: Ըստ կոնֆերանսի նյութերի ու երեխաների շարադրությունների, դրանք ոչ թե Ադրբեջանի օրեր էին, այլ հաշտության գործընթացում հասարակության արտահայտած խոսքի օրեր»,- պատասխանեց Լ. Մկրտչյանը:

Երբ նախարարը հայտնեց, որ այս տարի եւս միասնական քննությունների թեստերը տպագրվելու են Անգլիայում՝ գաղտնիությունը ապահովելու նպատակով, նրան հիշեցրինք ԳԹԿ տնօրենի պաշտոնակատար Մանուկ Մկրտչյանի՝ մամուլում տպագրված այն հայտարարությունը, որ թեստերը արտերկրում տպագրելը ազգային ամոթ է: Այս մասին էլ Լ. Մկրտչյանն ասաց. «Շարունակել ենք դրսում թեստերը պատվիրելու պրակտիկան, թեեւ գինը շատ բարձր է… Եթե մեզ մոտ անգամ որեւէ բանվոր մի օրինակ դուրս հանի տպարանից, բնականաբար՝ պրոբլեմներ կունենանք: Ինչ վերաբերում է Մանուկ Մկրտչյանին, ես իր հետ էլ եմ խոսել այդ թեմայով, ինքը էմոցիոնալ մարդ է…»:

«Առավոտի» այն դիտարկմանն էլ, որ ՀՀԿ-ական հիմնադիր նախագահ ունեցող «Սյունյաց արծիվներ» երիտասարդական կազմակերպությունը օրերս հայտարարեց, որ պատրաստվում է մասնաճյուղ բացել ՀՀԿ-ական ռեկտոր ունեցող ԵՊՀ-ում, ընդ որում՝ «Սյունյաց արծիվները» 2008-ի նախագահական ընտրություններին պատրաստվում է աջակցել Սերժ Սարգսյանին, իր կարծիքով՝ նրա արիական ծագման համար, արդյո՞ք նախարարը չի մտահոգվում, որ համալսարանականները այլեւս կսկսեն հետաքրքրվել գործիչների «ծագումնաբանությամբ», պրն Մկրտչյանը նախ ասաց, որ օրենքով բուհերում քաղաքական գործունեությունն արգելվում է, իսկ եթե քաղաքականացված կազմակերպությունները գործեն համալսարանի «բազայի» վրա, նրա ձեւակերպմամբ՝ դժվար կլինի հետեւանքները պատկերացնել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել