Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԵՔՍԻ ԱՅԲՈՒԲԵՆ ՉՈՒՆԵՆՔ

Մարտ 25,2008 00:00

Ըստ մասնագետների, դեռ պարզ չէ, թե երբ ենք այդ հարցով «տառաճանաչ» դառնալու

Որոշ մասնագետների ծառայությունները խորհրդային ժամանակներում ոչ միայն պահանջված չէին, այլեւ նրանց դիմողները շրջապատում կարող էին ենթարկվել ծաղրի: Օրինակ, մինչեւ 1988թ. երկրաշարժը, հոգեբանի կարիք ունեցող մարդուն դիտում էին իբրեւ խելագարի: Իսկ, ա՛յ, սեքսոլոգների ու սեքսապաթոլոգների այցելուների աճ սկսվել է նկատվել վերջին տարիներին միայն: Ինչպես «Առավոտին» հայտնեց հանրապետության գլխավոր սեքսապաթոլոգ Արամ Հակոբյանը՝ «սեքսուալ կուլտուրա ունենալու համար նախեւառաջ հայերիս անհրաժեշտ են տարրական գիտելիքներ»: Ի վերջո, սեքսը զուտ բնազդ չէ, այն լուրջ գիտություն է: Այս թեման եթե մեզանում լուսաբանվում է, ապա՝ շատ զգույշ, ինչ-որ տեղ էլ անհասկանալի ու տարերայնորեն: Մենտալիտետից ելնելով, հայկական ընտանիքներում սեքսի թեման դեռեւս չի դառնում պատշաճ քննարկման առարկա, իսկ հասարակության ընդհանուր կուլտուրայի բաղադրիչ մաս հանդիսացող սեռական կուլտուրային վերաբերող շատ հարցեր «մութ» են մնում:

Մի քանի տարի է, ինչ ռուսաստանյան հեռուստատեսությամբ հեռարձակվում է «Սեքսի այբուբենը» հաղորդաշարը: Թողարկումներում առանց գռեհկացվելու ներկայացվում են ոլորտի խնդիրներն ու լուծման հնարավոր ուղիները: Հայաստանյան «Նոր ալիքը» մեզ առաջարկում է սեքսուալ ուղղվածության «Կատվի դրախտ» հաղորդաշարը, որի մասին «Առավոտի» հետ զրուցած մասնագետները հայտնեցին, որ իրենք այդպես էլ ոչինչ չեն հասկանում, թե ինչ նպատակի է իրականում այն ծառայում: «Կատվի դրախտի» երիտասարդ վարողը այցելում է ստրիփ-ակումբներ ու պարուհիների ֆոնի վրա այստեղից-այնտեղից «թխած» անգիր արած նախադասություններ արտասանում:

Սեքսապաթոլոգ Գեղամ Վարդանյանը մեզ հետ զրույցում փաստեց, որ փոքրուց, երեխաների մեջ սեռական հարցերի հետ կապված՝ ծնողների մեծ մասը կաշկանդվածություն է մտցնում, նույնիսկ ամոթանք տալիս: Ըստ մեր զրուցակցի, մինչդեռ երեխան սեռական դաստիարակությունը պետք է ստանա ծնված օրից՝ նախ ընտանիքում, ապա՝ նախադպրոցական հիմնարկում, դպրոցում եւ այլն:

Ինչ վերաբերում է հայկական մենտալիտետին, այսօր, օրինակ, դժվար գտնվի մի տղամարդ, որ բարձրաձայնի, թե ինքը ժամանակ առ ժամանակ սեռապես հանգստանալու նպատակով դիմում է «մաստուրբացիայի»: Մինչդեռ անցյալ տարի ամերիկյան մասնագետները հետազոտությունների արդյունքում պարզել են, որ ինքնաբավարարման այդ մեթոդին դիմում է տղամարդկանց 90, իսկ կանանց՝ 60 տոկոսը: Գերմանացի գիտնականներն էլ հետաքրքիր հայտնագործություն են կատարել. նրանց պնդմամբ, կանոնավոր սեռական շփումները ոչ միայն խթանում են ուղեղի նորմալ աշխատանքը, այլեւ զարգացնում ինտելեկտը: Ինչքան էլ որ մեր օրերում քիչ է խոսվում սեքսի մասին կամ այն լուսաբանվում է թեթեւակի, «Առավոտի» շրջայցերը երեւանյան մի քանի ինտերնետ ակումբներ՝ հիմք են տալիս ասելու, որ ցերեկային ժամերին նման տեղերում լինում են նաեւ դպրոցահասակ երեխաները եւ, ինչպես հավաստիացրին ակումբների աշխատակիցները, նրանք հիմնականում այցելում են էրոտիկ բնույթի կայքեր: Մի հանգամանք եւս՝ Երեւանում 1994 եւ 1998թթ. բացված սեքս-խանութները կարճատեւ կյանք ունեցան: Պատճառն էլ շատ պարզ է՝ գնորդներ համարյա չունեին: Նույն ճակատագրին արժանացավ նաեւ 2005թ. բացված եւ ընդամենը մեկուկես տարի գործունեություն ծավալած «Սեքս եւ կյանք» սրահը: Հիշեցնենք, որ վերջինիս տնօրենը «Առավոտին» տված հարցազրույցում (29.10.2005թ.) ասել էր. «Թեպետ սրահում արդեն շարժ կա, բայց առայժմ այն ծառայում է որպես թանգարան»: Իսկ թե վերջապես երբ Հայաստանում էլ կսկսվի սեքսի այբուբենի ուսումնասիրությունը, «Առավոտի» հետ զրուցած մասնագետները դժվարացան պատասխանել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել