Լրահոս
Օրվա լրահոսը

«Կողմերին չի հասկանում»

Մայիս 28,2008 00:00

ԼՂ հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսման հնարավորության բացառումն առաջնային է ղարաբաղյան խնդրի կարգավորման գործում: Երեկ Երեւանում կայացած ասուլիսին այսպիսի կարծիք հայտնեց ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի նախկին համանախագահ, Ռուսաստանյան դիվանագետների ասոցիացիայի փոխնախագահ Վլադիմիր Կազիմիրովը: Նրա խոսքերով, քանի դեռ ադրբեջանական կողմը ռազմական ռեւանշի հույս ունի, իսկ հայկական երկու կողմերը ռազմական գործողությունների վերսկսման մտավախությամբ ձգտում են պահպանել ամենաձեռնտու մարտական դիրքերը, քաղաքական կարգավորման գործընթացում առաջխաղացում ակնկալելն անհնար է: Ռուս դիվանագետը նշեց նաեւ, որ ներկայումս կարգավորման բանակցություններում, ի շարս այլ հարցերի, քննարկվում է հայկական զինուժի՝ «զբաղեցրած տարածքներից» փուլ առ փուլ դուրսբերման հարցը:

Կազիմիրովի համոզմամբ, բացառապես խաղաղ ճանապարհով հակամարտության լուծման շուրջ համաձայնության գալն այսօր ավելի կարեւոր է, քան ԼՂ կարգավիճակի, տարածքների կամ փախստականների վերադարձի հարցերը: «Ես այնքան էլ չեմ հասկանում հայկական կողմերին, որոնք համաձայնում են քննարկել ԼՂ կարգավիճակի հարցը 10-15 տարի անց: Այստեղ դիրքերն այնքան հստակ են, որ 5 տարին էլ բավարար կլիներ»,- նշեց բանախոսը: Անդրադառնալով հայ-ադրբեջանական շփման գծում 14 տարի առաջ ձեռք բերված հրադադարի մասին պայմանավորվածությանը՝ Կազիմիրովն ասաց, որ բացի 1994թ. մայիսի 5-ին ստորագրված բիշքեկյան արձանագրությունից, որի մասին հիմա շատ է խոսվում, խնդրո առարկայի շուրջ ընդունվել է եւս երկու կարեւոր փաստաթուղթ՝ ԼՂ հակամարտության վերաբերյալ 1994 թ. ապրիլին ընդունված ԱՊՀ երկրների ղեկավարների հայտարարությունը եւ հրադադարի պահպանման մասին փաստաթուղթը, որը ստորագրել են հակամարտության երեք կողմերի ռազմական գերատեսչությունների ղեկավարները: Կազիմիրովն ընդգծեց, որ հրադադարի պահպանման մասին փաստաթղթում, որը Բաքվում ստորագրվել է 1994թ. մայիսի 9-ին, Երեւանում՝ մայիսի 10-ին, իսկ Ստեփանակերտում՝ մայիսի 11-ին, գործողության որեւէ ժամկետ նշված չի եղել:

Ռուսաստանցի նախկին համանախագահի խոսքերով, ներկայումս ինքն ավելի շատ հակված է քննադատել ոչ այնքան Մինսկի խմբին, որը դարձել է «խորհրդատվական մարմին», որքան համանախագահներին: Ըստ նրա, հակամարտության կարգավորման այսօր քննարկվող գաղափարների շուրջ կողմերի համաձայնության գալը դեռեւս հարցականի տակ է եւ լավագույն դեպքում՝ տեւական ժամանակ է պահանջում: Նույնիսկ համապատասխան համաձայնության ստորագրման դեպքում դրա կատարումը, ռուս դիվանագետի համոզմամբ, կասկածի տակ է: «Մինչդեռ, կարգավորման ընդհանուր գաղափարների քննարկման հետ մեկտեղ, կողմերն այս ընթացքում կարող էին համաձայնության գալ փոքր հարցերի շուրջ եւ լուծել խնդիրներ, որոնք տեղային նշանակություն ունեն, ասենք՝ հուշարձանների պահպանման կամ ջրամատակարարման խնդիրները»,- նշեց Կազիմիրովը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել