Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԵՐԸ ԴԻԵՏԱՅՈ՞Վ ԵՆ ՍՆՎՈՒՄ

Հունիս 27,2008 00:00

Հարկերից խուսափելու համար մեր գործարարներն այն աստիճան են թաքցրել ու կեղծել իրենց արտադրանքի իրական ծավալները,

որ ստացվում է՝ հայերը ողջ տարին ընդամենը 1-2 անգամ են պանիր, կարագ, մսեղեն կամ թթվասեր ուտում:

Տարիներ շարունակ Հայաստանում արտադրվող կամ ներմուծվող սննդամթերքի ծավալների մասին մեր ձեռնարկատերերի ու գործարարների ներկայացրած տվյալներից պարզվում է, որ հայերը չափազանց քչակեր ու դիետիկ սննդակարգի հետեւող ազգ են: Բիզնեսմենների կողմից հարկային ու մաքսային մարմիններին կամ ազգային վիճակագրական ծառայությանը ներկայացրած թվերն այնքան անիրական ու, մեղմ ասած, ծիծաղելի են, որ շարքային քաղաքացին անգամ ամենակոպիտ հաշվարկներով կարող է բացահայտել այդ «աբսուրդը»:

Եթե հավատանք այդ տվյալներին, ապա կստացվի, որ Հայաստանում 1 մարդը տարեկան ուտում է ընդամենը 300 գրամ պանիր, 200 գրամ թթվասեր, 900 գրամ կարագ, 200 գրամ երշիկ, 900 գրամ նրբերշիկ, 700 գրամ պաղպաղակ, 1,7 կիլոգրամ մակարոնեղեն կամ, ասենք, տարեկան խմում է ընդամենը 1,8 լիտր գարեջուր: Այս պատկերը պարզվել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի վերջին տարիների ուսումնասիրություններով: Առանձնապես բարդ ու մասնագիտական վերլուծություններ պետք չեն հասկանալու համար, որ չափահաս հայ մարդը 300 գրամ պանիրը ուտում է ոչ թե 1 տարում, այլ ընդամենը 3-4 օրում, կամ 200 գրամ երշիկն ու թթվասերը կբավականացնեն ընդամենը 1, լավագույն դեպքում 2 նախաճաշի համար: Իսկ ամենազավեշտալին այն է, որ մեր գործարարներն այն աստիճանի են խուսափել իրենց արտադրանքի իրացման իրական ծավալները ներկայացնելուց, որ ստացվել է, թե հայերը տարեկան 4 շշից էլ պակաս են գարեջուր խմում:

Պատկերացնելու համար, թե հարկային պարտավորություններից խուսափելու առումով որքան «պրոֆեսիոնալ» են հայ գործարարները, նշենք մի քանի պետություններ, որտեղ նույն սննդամթերքները վաճառվում են բազմակի անգամ շատ քանակով (ըստ հանձնաժողովի տվյալների): Օրինակ, հայերի կերած 300 գրամ պանիրի փոխարեն, գերմանացիներն ուտում են մոտ 20, իտալացիները՝ 22, իսկ, ասենք, ամերիկացիները՝ տարեկան 34 կգ պանիր: Նմանատիպ ցուցանիշեր են արձանագրվել նաեւ բոլոր մյուս մթերքների սպառման ծավալներով: Ինչ վերաբերում է գարեջրին, ապա, ի տարբերություն «խեղճուկրակ» հայերի խմած 3-4 շշի, 1 անգլիացին տարեկան խմում է մոտ 104, գերմանացին՝ 109, ավստրիացին՝ 117, իսկ ամերիկացիներն ու հոլանդացիները՝ մոտ 80 լիտր գարեջուր:

Թե քանի կգ պանիր, կարագ, երշիկ կամ այլ սննդամթերք է տարեկան արտադրվում ու իրացվում Հայաստանում, իրականում հնարավոր չէ պարզել, քանի որ արտադրողը կամ ներմուծողն իր ապրանքն իրացնում է առանց հաշիվ-ապրանքագրի, որից հստակորեն չի երեւում, թե ում է վաճառում, հետեւաբար՝ այնտեղ նշում են իրենց ուզած գինն ու քանակը: Ձեռքբերողն էլ չի նշում, թե ումից է գնում եւ ինչ արժեքով: Եվ յուրաքանչյուր դեպքում հնարավոր չէ գտնել մյուս «ծայրը»՝ ապրանքաշրջանառության նկատմամբ հսկողություն սահմանելու, իրական հարկերը հավաքելու, գնի չհիմնավորվածությունը ապացուցելու համար: Եվ, փաստորեն, երբ 100 տոննա արտադրանքի փոխարեն ընդամենը 100 կգ-ի համար ես հարկ մուծում, ապրանքի ինքնարժեքն էլ ավելի փոքր է ստացվում: Արդյունքում՝ անբարեխիղճ հարկատուների պատճառով ոչ միայն մի քանի անգամ քիչ գումարներ են պետբյուջե մտնում, այլ նաեւ գործարարների միջեւ ստեղծվում են անհավասար պայմաններ եւ արդար գնագոյացում տեղի չի ունենում:

Կառավարությունն էլ արդեն չի հավատում արտադրողների ներկայացրած ծիծաղաշարժ թվերին ու փաստաթղթերով աշխատելու նոր ռեժիմ է սահմանել ապրանքաշրջանառության համար: Տնտեսվարողներն այսուհետեւ պետք է աշխատեն հաշիվ-ապրանքագրով, որը հստակորեն ցույց կտա ապրանքի ամբողջ շարժը: Այս մասին օրեր առաջ գործարարների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը. «Կառավարությունը չի նահանջելու եւ հետեւողական է լինելու, որպեսզի բոլորն աշխատեն փաստաթղթերով, ցույց տալով իրական ապրանքաշրջանառության ծավալները, որպեսզի որեւէ գործարար ի վիճակի չլինի օրինական դաշտից դուրս գործել ու իր գործընկերների հետ միասին մրցակցային հավասար պայմաններում աշխատի: Դուք պետք է վստահ լինեք, որ ձեր կողմից ներկրվող ապրանքների կողքին չեն լինելու ապօրինի ներկրվածներ: Շուկաներում իրացվող եւ հաշվառումից դուրս մնացող ապրանքները պետք է վաճառվեն նորմալ խանութներում, փաստաթղթերով»: Նկատենք, որ այս նոր մեթոդների նկատմամբ գործարարները որոշակի վերապահումներ ունեն: Նրանք վստահ չեն, որ կառավարության նոր որոշումը հավասարապես կկիրառվի բոլորի նկատմամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2008
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30