Լրահոս
Օրվա լրահոսը

18 ռոյալ՝ կոնսերվատորիային

Հունիս 27,2008 00:00

\"\"Մնում է լուծվի այդ գործիքները «խնամողների» հարցը

Երեկ Կոմիտասի անվան պետկոնսերվատորիայում ՀՀ ԿԳ փոխնախարար Արա Ավետիսյանը եւ ՌԴ-ում Ճապոնիայի դեսպանատան խորհրդական Տոշիո Յամամոտոն ստորագրեցին «Հայաստանի Հանրապետության եւ Ճապոնիայի կառավարության միջեւ Երեւանի պետկոնսերվատորիայի երաժշտական գործիքների բարելավման մասին» ծրագրի վերաբերյալ դրամաշնորհի համաձայնագիրը: Այս նպատակով Ճապոնիայի կառավարությունը կտրամադրի 42 մլն 800 հազար իեն՝ 18 ռոյալ գնելու նպատակով:

«Առավոտին» պետկոնսերվատորիայի ռեկտոր, պրոֆեսոր Սերգեյ Սարաջյանն ասաց, որ բուհը 1989թ. ի վեր ոչ մի երաժշտական գործիք ձեռք չի բերել. «Կոնսերվատորիային անհրաժեշտ այս ռոյալները, անխոս, մեծ նշանակություն կունենան ինչպես դասավանդման որակի, այնպես էլ մեզ մոտ կազմակերպվող համերգների պրոֆեսիոնալ մակարդակի բարձրացման առումով»: Տ. Յամամոտոն էլ հավաստիացրեց, որ ծանոթ լինելով մեր երկրի բազմադարյա մշակույթին եւ աշխարհին հայտնի հայ երաժիշտներին, մասնավորապես՝ դաշնակահարներին, կարծում է, որ ծրագիրը կունենա շարունակություն: Տեղեկացված լինելով, որ ծրագրին ներկայացված են եղել հարյուրավոր հայտեր, եւ որ այս գործում իր լուման ունի ճանաչված դաշնակահար, Երեւանի պետկոնսերվատորիայի պրոֆեսոր Արմեն Բաբախանյանը, նրան խնդրեցինք մանրամասնել, թե ինչպե՞ս եղավ, որ հաջողությունը մեզ բաժին հասավ: «Պահանջվեց շուրջ երկու տարվա աշխատանք: Կոնսերվատորիան դիմեց ԿԳՆ, որը պատրաստեց հայտը, ապա ուղարկվեց ԱԳՆ, վերջինս էլ հայտը ներկայացրեց ճապոնացի իր գործընկերներին: Տարբեր երկրներից ստացվել էր շուրջ 400 հայտ՝ մրցույթի մասնակցության համար: Հանձնախումբը աշխատում էր փուլերով, որոնց ընթացքում հյուրընկալվեց հայտատուներին, այդ թվում՝ երեք անգամ եղավ Երեւանի կոնսերվատորիայում: Վերջին փուլում, որը կայացավ մոտ 6 ամիս առաջ, մնացել էր 20 հայտ: Ի վերջո, մեկ ամիս առաջ ստացվեց ուրախալի լուրը, որ մեր կոնսերվատորիան է շահել մրցույթը: Նշեմ, որ ճապոնացիների վերջին այցը Հայաստան՝ պարզապես հիացրել էր մեզ: Նրանք նույնիսկ որոշում էին, թե դասարանի որ մասում պետք է դրվի ռոյալը կամ չափումներ էին անում ռոյալը ներս բերելու համար եւ այլն»,- տեղեկացրեց Ա. Բաբախանյանը: Հետաքրքրվեցինք՝ ռոյալները խնամելու համար ունե՞նք համապատասխան մասնագետներ: Պարոն Բաբախանյանն ասաց, որ ճապոնական կողմն իր երկրում կհայտարարի տենդեր եւ ընտրված մասնագետները տասը տարի կհոգան այդ մասին:

«Առավոտը» ժամանակին մտահոգություն է հայտնել Հայաստանում դաշնամուր նորոգողներ չունենալու կապակցությամբ, նշելով, որ այդ աշխատանքը միայն գործիք լարել չի ենթադրում: Երեկ այս առիթով մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Գայանե Դուրգարյանն ասաց. «2008թ. աշնանը նախատեսվում է դաշնամուր նորոգող ֆրանսիացի երեք մասնագետի այց Հայաստան՝ Երեւանի կոնսերվատորիայում վերականգնողական վարպետության դասեր անցկացնելու նպատակով: Իսկ հեռանկարում Հայաստանում նվագարանների նորոգման դպրոց հիմնելու նպատակ ունենք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2008
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30