Լրահոս
Օրվա լրահոսը

Ներմուծման վարկեր

Հուլիս 12,2008 00:00

Հայաստանում ստեղծվել է եվրոպական վարկերով եվրոպական որակի արտադրանք ներմուծելու բացառիկ հնարավորություն:

Այս տարվա հունվարից «Նոյյան տապան» Մեդիա միավորման բիզնես- տեղեկատվության եւ խորհրդատվության բաժինն սկսել է աշխատել մի ծրագրի շրջանակներում, որը հայկական ընկերությունների համար ապահովում է սլովակյան վարկերի ներհոսք: Ծրագրի մանրամասները ներկայացնում է «Նոյյան տապանի» գլխավոր տնօրեն Տիգրան Հարությունյանը:

– Ո՞րն է ծրագրի առաքելությունը:

– Ինչպես հայտնի է, Եվրամիությունը Հայաստանի տնտեսական միջավայրը գնահատում է որպես բավականին ռիսկային եւ եվրոպական երկրներին խորհուրդ չի տրվում Հայաստանում իրականացնել վարկավորման ծրագրեր: Սակայն ԵՄ անդամ Սլովակիայի հայ համայնքի ղեկավարության երկարատեւ լոբբիստական աշխատանքների շնորհիվ այդ երկրի կառավարությունը եւ պետական «Eximbanka»-ն 2007թ., այնուամենայնիվ, որոշել են թույլատրել իրենց առեւտրական բանկերին վարկավորում կատարել Հայաստանում: Այդպիսով Սլովակիայի առեւտրային բանկերը հնարավորություն ունեն այսուհետեւ այդ երկրի պետական բանկի երաշխիքով հայկական ընկերություններին տրամադրել ներմուծման վարկեր:

– Ինչո՞վ կարող են այդ վարկերը հետաքրքրել հայ գործարարներին:

– Հայաստանում բիզնես- վարկավորման բնագավառում տիրող վիճակն այնպիսին է, որ միայն մի քանի խոշոր հեղինակավոր ընկերություններ վարկեր ներգրավելու հարցում դժվարություններ չունեն՝ ի տարբերություն փոքր եւ միջին, նաեւ՝ խոշոր ընկերությունների մեծամասնության: Այդ դժվարությունները կապված են այն բանի հետ, որ Հայաստանում բիզնես-վարկավորման նվազագույն տոկոսադրույքները բարձր են՝ տարեկան 14-18%-ի սահմաններում, եւ շատ քիչ բիզնես- բնագավառներ կան, որտեղ գործող ձեռնարկությունները կարող են իրենց վրա վերցնել նման վարկեր ստանալու ռիսկը:

Իսկ Սլովակիայի կառավարությունը, իհարկե, այդ երկրից արտահանումը խթանելու նպատակով, ընձեռում է այնպիսի վարկային մեխանիզմներից օգտվելու հնարավորություն, երբ հայկական ընկերության կողմից սլովակյան ապրանքների եւ ծառայությունների՝ Հայաստան ներմուծման ցանկության դեպքում, սլովակյան առեւտրային բանկը պետական «Eximbanka»-ի երաշխիքով վարկավորում է սլովակյան ընկերությունների արտադրանքի կամ ծառայությունների արտահանումը, իսկ հայկական ընկերությունը՝ արդեն հայկական առեւտրային բանկի երաշխիքով, ստանում է այդ ապրանքները կամ ծառայությունները ներմուծելու հնարավորություն: Շահեկանն այն է, որ սլովակյան նշված վարկերը հինգ տարով են՝ մարման 1 տարվա արտոնյալ ժամկետով, դրանք տրվում են տարեկան մինչեւ 10% տոկոսադրույքով: Մյուս կողմից, «Eximbanka»-ի երաշխիքով վարկավորման ենթակա ապրանքների եւ ծառայությունների արտահանման ծավալի առնվազն 50%-ը պետք է լինեն սլովակյան, մյուս մասը կարող են լինել նաեւ ԵՄ-ի այլ երկրների ապրանքներ եւ ծառայություններ:

– Ինչպիսի՞ն է սլովակյան վարկավորման ծրագրերի մեխանիզմը:

– Սլովակյան վարկային ծրագրերի դեպքում եւս պանջվում է բավականաչափ մեծ ծավալի գրավի առարկա: Սակայն սլովակյան վարկային ծրագրերի պարագայում մշակված մեխանիզմը այնպիսին է, որ Հայաստան արտահանման համար վարկեր տրամադրող սլովակյան առեւտրային բանկերի եւ պետական «Eximbanka»-ի կողմից ընտրվել են չորս-հինգ հայկական առեւտրային բանկեր, որոնք պետք է վարկային երաշխիքներ տրամադրեն Սլովակիայից արտադրանք եւ ծառայություններ ներմուծելու ցանկություն ունեցող հայկական ընկերություններին: Վարկավորումն իրականացվում է «սլովակյան ընկերություն-հայկական ընկերություն-սլովակյան բանկ-հայկական բանկ» քառակողմ համաձայնության ձեռքբերումից հետո: Ընդ որում, հայկական բանկը պետք է կառավարի սլովակյան բանկից հայկական ընկերության ստացած վարկի մարման գործընթացը. այսինքն՝ հայկական ընկերությունը վարկի մարման վճարումները կատարում է հայկական բանկին, որը եւ դրանք փոխանցում է սլովակյան բանկին: Մյուս կողմից, սլովակյան եւ հայկական ընկերությունների գործարքում սլովակյան ընկերության ռիսկն ապահովագրվում է «Eximbanka»-ի կողմից: Այնպես որ, սլովակյան արտահանողը որեւէ ռիսկ չի ունենում, որովհետեւ, փաստորեն, ապահովագրվում է երկու անգամ. նախ՝ եթե հայկական ընկերությունը չկարողացավ մարել վարկը, հայկական երաշխավոր բանկը պետք է մարի այն, հետո՝ եթե հայկական բանկն էլ ինչ-որ պատճառով չմարեց վարկը, այն կմարի «Eximbanka»-ն:

Հատուկ ընդգծեմ այս օրինակը, թե ինչպես է պետական բանկի միջոցով երաշխիքներ տրամադրելով՝ Սլովակիայի կառավարությունն աջակցում երկրից ապրանքներ եւ ծառայություններ արտահանողներին: Շատ ցանկալի կլիներ, որ նմանատիպ մոտեցում որդեգրեր ՀՀ կառավարությունը՝ հայրենական ապրանքների եւ ծառայությունների արտահանողների հանդեպ:

– Սլովակյան վարկերի ծավալների սահմանափա կումներ կա՞ն:

– Հայտնի է, որ Հայաստանում տրամադրվող վարկերի ծավալների, մասնավորապես՝ վարկի առավելագույն չափի սահմանափակումները որոշակի դժվարություններ են առաջացնում: Սլովակյան վարկերի պարագայում հակառակն է՝ կա վարկերի ծավալների նվազագույն չափի սահմանափակում, եւ դրանց ծավալը պետք է լինի առնվազն 1 մլն եվրո: Սլովակյան բանկերը «Նոյյան տապանին»՝ որպես բիզնես- մարկետինգի եւ խորհրդատվության ծառայություններ մատուցող կազմակերպության, խնդրել են, որպեսզի կազմակերպվեն նշված եւ ավելի մեծ ծավալի վարկային ծրագրեր: Շատ հայկական ընկերություններ մեզ են դիմում փոքր՝ 50-200 հազ. եվրո ծավալով վարկավորման գործընթաց կազմակերպելու առաջարկով: Եվ ներկայումս մենք մեխանիզմներ ենք մշակում, որպեսզի մի քանի ընկերությունների փոքր վարկերի պահանջարկը համատեղենք մեկ մեծ վարկային պորտֆելում եւ մեկ վարկային ծրագրի շրջանակներում ներկայացնենք սլովակյան կողմին: Իսկ վարկավորման առավելագույն չափի սահմանափակում սլովակյան կողմից չկա, եւ միակ խնդիրն այն է, որ խոշոր՝ մի քանի տասնյակ միլիոն եվրո ծավալով վարկի պահանջարկ ունեցող հայկական ընկերությունն ունենա համապատասխան ակտիվներ, շրջանառություն, վարկային պատմություն, ինչը պետք է հաշվի առնի տվյալ ընկերությանը վարկային երաշխիք տրամադրող հայկական բանկը:

– Սլովակյան վարկավորման քանի՞ պայմանագիր է կնքվել մինչ այժմ եւ ո՞ր ոլորտների ընկերությունների միջեւ:

– Մինչ այժմ կնքվել է հեռահաղորդակցության ոլորտների ընկերությունների միջեւ մեկ պայմանագիր: Ներկա պահին սլովակյան վարկային ծրագրով այդ երկրից ներմուծումը վարկավորելու իրական ցանկություն են հայտնել հայկական 20-ից ավելի ընկերություններ, որոնց գործարքների կնքման գործընթացները տարբեր՝ գրավի առարկայի գնահատման, բանակցությունների վարման եւ այլ փուլերում են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2008
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031