Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԶԱՏԱԶՐԿՎԱԾ ԵՆ ԳՈՐԾՈՂ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆԿԵՐՆԵՐՆ ՈՒ ԵՂԲԱՅՐՆԵ՞ՐԸ

Հուլիս 16,2008 00:00

\"\"Ժամանակավոր հանձնաժողովի փորձագետ Սարգիս Հակոբյանի կարծիքով՝ հանձնաժողովը պետք է պահանջի բոլոր իրավական հիմքերը, որոնց հիման վրա ԱԺ երեք պատգամավորները պահվում են կալանքի տակ:

Տեղեկացրել էինք («Առավոտ»,12.07.08), որ 2008 թ. մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի անդամներն այցելել են քրեակատարողական հիմնարկներում գտնվող ԱԺ պատգամավորներ Հակոբ Հակոբյանին, Սասուն Միքայելյանին եւ Մյասնիկ Մալխասյանին: Երեկ հանձնաժողովականները ներկայացրին իրենց տպավորություններն այդ հանդիպումներից: Ըստ երեւույթին, հանձնաժողովի ներսում դեռ չկա պայմանավորվածություն՝ ինչ հայտնել լրագրողներին եւ ինչը չասել, քանի որ, երբ ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանն ասաց նաեւ, թե Սասուն Միքայելյանն ասել է, թե գործող նախագահն իր ընկերն է, հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը խնդրեց լրագրողներին՝ դա չգրել: Բայց հետո Ս. Նիկոյանն իր հերթին ասաց, որ Սասուն Միքայելյանն իրեն համարում է «նախագահի եղբայրը»: Ստացվում է, որ ազատազրկված են գործող նախագահի ընկեր-եղբայրները: Ըստ հանձնաժողովականների, երեք պատգամավորներն էլ իրենց մեղավոր չեն ճանաչում, երեքի հետ էլ քննչական գործողություններ չեն իրականացվում, իրենք իրենց քաղբանտարկյալներ չեն համարում: Փաստորեն, մարդկանց 4 ամիս փակել են խցերում՝ գործող նախագահի «ընկերը եւ եղբայրը» լինելու համա՞ր: Գուրգեն Արսենյանը պատմեց Հակոբ Հակոբյանի հետ հանդիպման մասին. «Նրա ներկայացրած ժամանակագրական նկարագրի մեջ կան հատվածներ, երբ պարոն Հակոբյանը քննարկումներ է ունեցել ԱԱԾ եւ ոստիկանության աշխատակիցների հետ: Մեզ հետաքրքրում էր՝ երբ սկսվեցին առավոտյան իրադարձությունները, պատգամավորը նկատե՞լ է՝ հնչեցվե՞լ են նախազգուշացումներ, ցուցարարներին ներկայացվե՞լ է փաստաթուղթ, որ ոստիկանական գործողություն պետք է իրականացվի: Պարոն Հակոբյանն ասաց, որ ինքը նման բան չի տեսել: Պարոն Հակոբյանը պնդեց նաեւ, որ չի եղել որեւէ փոփոխություն իր քաղաքական հայացքներում, իսկ ընդդիմության հետ իր համագործակցությունը եւ իր ներկայությունն Ազատության հրապարակի հանրահավաքներին բացատրեց, որ զգացել է ընդհարումների հավանականություն, ձեռնարկել է գործողություն, որ մաքսիմում քչացնի ընդհարումների վտանգը: Դրանով պատգամավորը բացատրեց իր ներկայությունը այդ հարթակում»: Իսկ Մյասնիկյանի արձանի մոտ Հակոբ Հակոբյանի շնորհիվ ժողովրդի եւ ոստիկանության միջեւ բախման հնարավորությունը փոքրացել է, եւ, պատգամավորի ջանքերով, ոստիկանական մի միավոր, որ հայտնվել էր ոչ նպատակահարմար տեղում եւ կարող էր բախման պատճառ դառնալ, դուրս է բերվել այդտեղից: «Նա պնդեց, որ ողջ ընթացքում իր ջանքերը ուղղված են եղել ժողովրդին հանգստացնելուն, կոնֆլիկտներից խուսափելուն»,- ներկայացրեց ՄԱԿ նախագահը:

ԲՀԿ անդամ Նաիրա Զոհրաբյանը Սասուն Միքայելյանի հետ զրույցից պատմեց հետեւյալը. «Սասուն Միքայելյանը շարունակում է իրեն համարել գործող նախագահի ընկերը, համակիրը: Նրա բոլոր վերապահումները եւ խնդիրներն ուղղված էին ՀՀ երկրորդ նախագահին: Մեր գործընկերը գտնում է, որ թե՛ Ազատության հրապարակում, թե՛ Մյասնիկյանի արձանին հարող տարածքում ինքը նպատակ է ունեցել կանխել հնարավոր ավելի վատ ելքերը: Սասուն Միքայելյանը շատ վիրավորված էր Հանրայինի էկրանից օրեր շարունակ ցուցադրվող հեռուստակադրերից, երբ իրեն ձերբակալում էին: Այդ դրվագները բոլորս ենք հիշում»: Տիկին Զոհրաբյանն ասաց, որ ինքը տեսել է խցերը եւ կալանավորների խցերի ու բանտապետի առանձնասենյակի միջեւ էական տարբերություններ չի նկատել:

ԱԺ պատգամավոր Մյասնիկ Մալխասյանի հետ հանդիպման մասին պատմեց ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը եւ տեղեկացրեց, որ պատգամավորի, այսպես կոչված, «մեղքը» որեւէ կերպ ապացուցված չէ. «Փաստորեն, ոչ մի նման ապացույց չի ներկայացվել, ավելին, նշվել են վկաների անուններ, որոնք առ այս պահը չեն հարցաքննվել: Բացի դա, պարոն Մալխասյանը նշեց, որ խախտելով անմեղության կանխավարկածը՝ «Հայլուրով» ներկայացնում են տեղեկություն, իբր պարոն Մալխասյանի ցուցումով նրա վարորդը 30 ձող է տեղափոխել: Սա վրդովեցրել էր պատգամավորին: Նա գտնում է, որ սա անմեղության կանխավարկածի ուղղակի խախտում է»: Հանրահայտ ձողը, որը շարունակ ցուցադրվում էր նույն «պատասխանատու» եթերից՝ իբրեւ պատգամավորի մոտից «հայտնաբերված», իրականում չի եղել. «Մյասնիկ Մալխասյանը պնդում է, որ իր մոտ չի հայտնաբերվել որեւէ ձող: Այդ ձողը գցել են մեքենայի մեջ եւ ասել են՝ սա նույնպես տարեք: Տասներորդ օրն այդ ձողը փոխվել էր՝ դառնալով կանաչ գույնի: Պարոն Մալխասյանը գտնում է, որ եթե դա իր ձողն է, ուրեմն առնվազն պետք է մատնահետք վերցնեին: Բայց սա եւս չի իրականացվել»,- ասաց Ա. Մինասյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել