Լրահոս
Օրվա լրահոսը

ԸՆՏՐԱԿԱՇԱՌՔԻ ՀԱՄԱՐ ՄԵՂԱԴՐԵԼԸ ՃԻՇՏ ՉԷ

Օգոստոս 09,2008 00:00

ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի անդամ Արամ Հարությունյանը ներկայացրեց Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ, ԵԿՄ Վայքի կառույցի փոխնախագահ, ազատամարտիկ Աղասի Մկրտչյանի հետ մեկուսարանում իր հանդիպումը: Ա. Մկրտչյանը հանձնաժողովի անդամին տեղեկացրել է, որ ինքը գազի եւ վառելիքի կտրոններ է բաժանել նախընտրական աշխատանքների կազմակերպման շրջանակում: Նաեւ 5000-ական դրամ է բաժանել Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձանց, որը, սակայն, քրեական գործի նյութերում համարվել է ընտրակաշառք, եւ իրեն մեղադրում են հենց ընտրակաշառք բաժանելու մեջ: ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանը հարցրեց՝ կա՞ վկայություն, որ այդ գումարները տալով՝ մեղադրյալը հորդորել է քվեարկել թեկնածուներից մեկի օգտին, այն դեպքում, երբ նրանք լինելով Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձինք՝ ներկայացնում էին հենց Լեւոն Տեր-Պետրոսյանի շահերը եւ այդ գումարը կարող է օրվա ծախսերի համար լիներ: Ա. Հարությունյանը նշեց, որ այդ վկաները իրենց ցուցմունքում նշել են, որ իրենք ընտրակաշառք են ստացել Աղասի Մկրտչյանից, որի համար զղջում են: Ընդ որում, նրանք դատարան չեն ներկայացել: Աղասի Մկրտչյանն իրեն համարում է քաղբանտարկյալ, նրա առողջական վիճակը վատ է, բժշկական տեղեկանքի համաձայն, նա ծնոտի եւ ատամների հետ կապված լուրջ խնդիրներ ունի եւ վիրահատության կարիք է զգում: Ա. Հարությունյանը հանձնաժողովի մյուս անդամներին խնդրեց միջնորդել, որպեսզի մեղադրյալը որքան հնարավոր է շուտ կարողանա վիրահատության ենթարկվել քաղաքացիական հիվանդանոցում: Հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Սամվել Նիկոյանը, իմանալով, որ Աղասի Մկրտչյանը մեղադրվում է ոչ թե մարտի 1-ի դեպքերի հետ կապված, այլ ընտրակաշառք բաժանելու մեջ, հայտարարեց. «Ընտրակաշառքի համար այսօր որեւէ մեկին մեղադրելը ճիշտ չէ»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել