Լրահոս
Օրվա լրահոսը

Օգոստոս 19,2008 00:00

Անմեղսունակը՝ «Մարտի 1-ի» գործով կազմակերպիչ

«Մարտի 1-ի» գործով զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ դրանց անմիջական մասնակցություն ցույց տալու համար ապրիլի 17-ից կալանավորվել է Գաբրիել Գաբրիելյանը:

Երեկ լրանում էր նրա կալանքի ժամկետը: Սակայն ՀՀ հատուկ քննչական ծառայությունը կալանքի ժամկետը լրանալուց առաջ՝ օգոստոսի 14-ին համարել է նրա գործը փակված եւ այն մեղադրական եզրակացությամբ ուղարկել է ՀՀ քրեական դատարան: Նույն օրը քննչական խմբին Գաբրիելյանի պաշտպանը՝ Վահագ Մանուկյանը ներկայացրել է փաստաթղթեր, տեղեկանքներ, սակայն դրանք չեն ընդունվել: Այդ կապակցությամբ հեռագրեր են ուղարկվել ՀՀ գլխավոր դատախազին, ՀՀ ԱԺ «Մարտի 1-ի» գործով հատուկ հանձնաժողովին: Խոսքն իսկապես արտառոց փաստաթղթերի մասին է. Գաբրիելյանը տառապել է շիզոֆրենիայով, այսինքն՝ անմեղսունակ է: Այն, որ նա տառապել է շիզոֆրենիայով, ակնհայտ է դառնում Ավանի կլինիկայի հաշվառման մատյանից: Ըստ այդ մատյանի, Գ. Գաբրիելյանը հաշվառման մեջ է գտնվում 17.07.1980թ.՝ «շիզոֆրենիա» ախտորոշմամբ: Մեկ այլ պաշտոնական տեղեկանքով՝ 1980թ. փետրվարի 8-ի հիվանդության պատմագրով Գ. Գաբրիելյանին ռազմական բուժհանձնաժողովը ախտորոշել է ռեակտիվ փսիխոզ: Գաբրիելյանի քույրը՝ Համեստը, մահացել է էպիլեպսիայից, մյուս քույրը՝ Արփենիկը, ներկայումս անաշխատունակ է, տառապում է հոգեկան հիվանդությամբ: Այսինքն՝ հիվանդությունը ժառանգական բնույթ ունի: Շիզոֆրենիայով տառապող Գաբրիելյանը, փաստորեն, կալանավորվելուց հետո 4 ամիս պահվել է արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում՝ մեղսունակների հետ: Մեկ այլ տեղեկատվության համաձայն, նա նախաքննության փուլում չի ենթարկվել դատահոգեբուժական եւ դատահոգեբանական փորձաքննությունների եւ առանց հաշվի առնելու նրա անմեղսունակության գործոնը՝ գործն ուղարկվել է դատարան: Պետք չէ իրավաբան լինել՝ այս կարգի գործի ելքը կանխորոշելու համար: Եթե պաշտպանի փաստաթղթերը ընդունվեին, որով պարզ դառնար, որ Գաբրիելյանը հոգեկան հիվանդ է, նրա մասով գործը պետք է առանձնացվեր կամ կարճվեր: Նա պետք է հարկադիր բուժման ուղարկվեր: Եվ ոչ թե անմեղսունակի գործն ուղարկվեր դատարան՝ այն էլ այսպիսի ծանր հոդվածով: Ի դեպ, թե մեղադրյալը, թե նրա փաստաբանը նախաքննության ավարտի մասին իրազեկված չեն եղել:

Օգոստոսի 16-ին Գաբրիելյանի պաշտպան Վահագ Մանուկյանին զանգել են ՀՀ քրեական դատարանից եւ հայտնել, որ գործն իրենց վարույթում է:

Ռ. ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2008
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031