Լրահոս
Օրվա լրահոսը

«ՍՈՒԼՈՑԸ» ԹՈՒԼՈՒԹՅԱՆ ՆՇԱՆ ԷՐ

Սեպտեմբեր 09,2008 00:00

Ըստ Վարդան Պետրոսյանի՝ «Հրազդան» մարզադաշտում ֆուտբոլասերների միակ բացթողումը եղավ Թուրքիայի հիմնի ժամանակ հնչած սուլոցները: Իսկ ընդհանրապես՝ նա հիացած է մեր «ջահելներով»:

«Հայելի» ակումբի երեկվա հյուրը դերասան Վարդան Պետրոսյանն էր, որն անդրադարձավ սեպտեմբերի 6-ին կայացած Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղին: «Այնպիսի անհանգստության նշաններ էի ցույց տալիս, ինչպես հարբեցողը, երբ խումհարի մեջ է… վաղը իրեն օղի են տալու ու չգիտի ինչ անի… Խառնված էր ամբողջ ներաշխարհս… Մանկուց խաղացել եմ ֆուտբոլ եւ իմ կյանքը, ստեղծագործությունները, թատրոնն ու արտիստիզմը կապված են ֆուտբոլի հետ,- նշեց նա եւ հավելեց:- Ուզում էի գնալ, ֆուտբոլիստներին ասել՝ կուզե՞ք ձեզ համար «Վերելք» ներկայացումը խաղամ, ինչ-որ մի բան անեմ, որ հասկանան, երբ դուրս են գալիս մարզադաշտ՝ գնդակը տշում են, մի յոթ միլիոն մարդ իրենց հետ այդ գնդակը տշում է… Ասում էի՝ տեր Աստված, եթե ապրումներով դուրս գան խաղալու՝ չեն կարողանալու, որովհետեւ սպորտսմենը պատմական հարցեր չի լուծում՝ գնդակն աջից ձախ տշելով…»:

Դերասանն ասաց, որ մինչ ստադիոն գնալը մտածել է, թե ո՞նց անի, չէ՞ որ ներկայացումներ ունի Վանաձորում, Գյումրիում ու Երեւանում, ախր այնքան կգոռա, որ կոկորդը կպատռվի. «Ուսանող ժամանակ, երբ ֆուտբոլ էի գնում՝ ամեն խաղից հետո 5 օր ձայնս կտրվում էր… Առաջին ֆուտբոլային տպավորություններս ստացել եմ Հանրապետական ստադիոնից, հետո՝ «Հրազդանից», իսկ վերջինը՝ սեպտեմբերի 6-ի խաղից: Սովորաբար՝ Հանրապետական ստադիոնը լցվում էր սեւ հագած տղամարդկանցով՝ կրիմինալ, «Կազբեկ» ծխող, դեղնած ատամներով, թքող, հայհոյող… Կին չէր կարող մոտենալ, գալիս էին միայն հարբած կիսախելագարները, իսկ երբ խաղը սկսվում էր՝ գոռում էին. արա, գնա քո մերը, քո լավը… մի խոսքով՝ ֆուտբոլիստները վախենալով էին խաղում: «Հրազդան» մարզադաշտում կուլտուրան բարձր էր, այստեղ արեւմտյան տրիբունան չէր հայհոյում, այնտեղ նույնիսկ կանայք էին երեւում, իսկ արեւելյանը համարվում էր հայհոյողների տրիբունա: Այս ամենը հաշվի առնելով ասեմ, որ մեր երկրպագուները երբեք չեն եղել այն որակի, ինչը տեսա ամսի 6-ին… Այդ ինչ սիրուն ջահելություն կար, հագնված աղջիկների ու տղաների ծով, որոնք երգում էին ազգային երգեր: Ոչ կոպիտ խոսք կար, ոչ հայհոյանք եւ ոչ մեկը չէր ասում՝ «ախպեր, ընդեղ աղջիկ կա, ոնց անենք մի հատ մոտենանք ինչ-որ»… Ապշած նայում ու ասում էի՝ ի՜նչ լավ ջահելություն ունենք, ի՞նչ բարոյական իրավունքով ենք ամեն օր պախարակելով նրանց ասում՝ արա, դե մեր ջահելները Թումանյանին, Խաչատրյանին չգիտեն….»:

Խոսելով հայերի կրած պարտությունից, Վ. Պետրոսյանը նշեց. «Երբ առաջին գոլը կերանք, ասացի՝ հիմա վեր կկենամ, ինչքան ուժ ունեմ կգոռամ՝ Հայաստա՜ն, բայց իմ մեջ այդ միտքը դեռ չավարտված, ամբողջ ստադիոնը ճչաց՝ Հայաստան, իսկ դա համախմբվածության ու սիրո նշանն էր, որը ցույց տվեց մեր ջահելությունը: 2-3 րոպե այնպես էին գոռում՝ Հայաստան, կարծես գոլը մենք էինք խփել: Նշեմ, որ թուրքերի երկու գոլերն էլ հայ պաշտպանների սխալներից օգտված խփած գնդակ էր, դա նպատակաուղղված, կազմակերպված գրոհների արդյունք չէր, այնտեղ խաղ չկար, ճակատամարտ էր»: Ըստ Վ.Պետրոսյանի, Հայաստան-Թուրքիա խաղի ժամանակ նկատելի էին նաեւ թերություններ. «Երբ թուրք երկրպագուները մտան ստադիոն, ամբողջ ստադիոնը սուլեց, ինչը թուլության նշան էր: Հաջորդ թերությունն էլ թուրքական հիմնի ժամանակ հնչած սուլոցներն էին, բայց եթե ուզում ես հաղթել եւ ոչ միայն ֆուտբոլում, պետք է պատրաստ լինես հիմնը լսել լուռ եւ հոտնկայս»:

Ինչ վերաբերում է ստադիոնի կիսադատարկ լինելուն, այս մասին դերասանն ասաց. «Ցավում եմ: Եթե այնտեղ լիներ երկու անգամ շատ մարդ, վերջիններիս դրական էներգիան՝ ուղղված մեր ֆուտբոլիստներին, երկու անգամ ուժեղ կլիներ, խաղի որակն էլ այլ կլիներ: Այնտեղ խաղ չկար, ստադիոնում ճակատամարտ էր, կենաց-մահու կռիվ, իսկ մերոնք մինչեւ վերջին րոպեն կռվեցին»:

Վ. Պետրոսյանը, դառնալով դաշնակցական երիտասարդների՝ Թուրքիայի նախագահի այցի առիթով կազմակերպած բողոքի ակցիային, ասաց. «Շատ նորմալ էր ու կոռեկտ: Հիշեք, երբ մեր կաթողիկոսը գնաց Թուրքիա՝ նրան քարերով խփեցին…»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել