Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱ ԿԲԵՐԵՄ»

Սեպտեմբեր 25,2008 00:00

\"\"Իտալիայում ուսանող գեղանկարիչ Վահան Հարությունյանի նկատառումները

Դեռ խորհրդային տարիներից արվեստի ճանաչված հայ գործիչներից շատերն էին իրենց զավակներին ուղարկում էին արտերկիր՝ կրթություն ստանալու: Այդ միտումն առավել լայն թափ ստացավ Հայաստանի անկախացումից հետո:

«Առավոտը» զրուցեց ճանաչված գեղանկարիչ Վահրամ Հարությունյանի (Կուկ) որդու՝ գեղանկարիչ Վահան Հարությունյանի հետ, որն ուսանում է Միլանի գեղարվեստի ակադեմիայում: Մեր զրուցակիցը, նշելով, որ ինքը Եվրոպայում է ուսանում՝ Հայաստան միջազգային «էներգիա» բերելու նպատակով, հիշեցրեց, որ ժամանակին Թամանյանը, Քոչարը, Սարյանը եւ այլ երեւելիներ նույնպես ուսանել են արտերկրյա ճանաչված նկարիչների արվեստանոցներում, սակայն նրանց «բերածը» սկսել էր «հնանալ». «Խորհրդային տարիներին արվեստը, մասնավորապես՝ գեղանկարչությունը, թելադրվում էր վերեւների ճաշակով»: Ըստ Վահանի, քաղաքը, որտեղ ինքն ուսանում է, Եվրոպայի Նյու Յորքն է՝ իր մեծությամբ, էլ չասենք արվեստի կենտրոն լինելու հանգամանքը: Աբստրակտ ոճում ստեղծագործող արվեստագետը հայտնեց, որ հնարավոր է հավատարիմ չմնա նշված ուղղությանը, քանի որ ցանկացած նկարչի մոտ այն կարող է փոխվել՝ կապված տարիքից, բնակավայրից եւ այլնից: Հավելեց նաեւ, որ Իտալիայում ուրիշ են գույները՝ ավելի վառ եւ, որ ամենակարեւորն է, ստեղծագործողի համար կա նպաստավոր միջավայր: Հետաքրքրությանը, թե ի՞նչ նկատի ունի նպաստավոր միջավայր ասելով, Վահանը նախ նշեց, որ Իտալիայում ընդհանրապես մարդ արարածը չի կարող չերգել ու չնկարել, վկայակոչելով Վերածննդի ժամանակաշրջանի հետեւյալ իրականությունը. «Լեոնարդո դա Վինչին, Միքելանջելոն եւ մյուս հանճարները ժամանակին սովորել են բոտեգաներում, առանձին արվեստանոցներում… Նրանք նախ ուսումնասիրում էին ոսկերչություն, քանդակագործություն, ճարտարապետություն, երաժշտություն, հետո նոր դառնում կամ չէին դառնում նկարիչ: Իսկ բոտեգաներում սովորելու ժամանակահատվածը, որտեղ տարիքային սահմանափակում չկար, կախված էր սովորողի ընդունակությունից: Իտալիայում այժմ բոտեգաներ չկան, որտեղ, մոռացա նշել, նույնիսկ ապրել են սովորողները եւ, մեծ հաշվով, կարեւորը ուսման վայրը չէ, այլ միջավայրը»: Իսկ թե իտալացիները ինչքանով են ծանոթ հայ գեղանկարիչներին, մեր զրուցակիցը, «օգտվելով» գիտնական Հայկ Մանանդյանի աշխատությունից, պատասխանեց. «Իտալացիներին հայոց պատմությունը ծանոթ է հատկապես Արքայից արքա Տիգրան Մեծի գահակալության շրջանից, երբ Հայաստանը դասվում էր աշխարհի ամենահզոր երկրների շարքը: Տիգրան Մեծն իր շքախմբով երբ մտնում էր Իտալիա, նրան ընդունում էին ինչպես բարեկամի, նույնիսկ թույլատրում թիկնազորով «ներխուժել» պալատ… Ինչքանով տեղեկացված եմ, թեեւ վերջին տարիներին շարժ կա, այդուհանդերձ, հայաստանցի նկարիչներին ընձեռված հնարավորությունները բավարար չեն եւ չեն էլ լինի, քանի դեռ չկա համապատասխան միջավայր»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2008
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930