Լրահոս
Օրվա լրահոսը

«ՍՈՎՈՐԱԿԱՆԻՑ ԷԺԱՆՈՎ ԵՆՔ ՀԱՄԱՁԱՅՆՎՈՒՄ»

Սեպտեմբեր 27,2008 00:00

\"\"«Սյուզին» եւ «Էլեոնորան» արվամոլ մարմնավաճառներ են

– Սկզբից մեզ աղջկա տեղ էին դնում, տանում էին՝ տեսնում էին տղա ենք, մի մասը մեր ծառայություններից օգտվում էր, իսկ մի քանիսն էլ մեր «ջարդը» տալիս էին,- պատմում է 20-ամյա Արմենը (անունը փոխված է), որը հայտնի է Սյուզի կեղծանունով: «Սյուզին» արդեն մի քանի ամիս է՝ մարմնավաճառությամբ է զբաղվում: «Էլեոնորան»՝ նրա մտերիմը, որն էլ առաջարկել է «Սյուզիին» միասին աշխատել, եւս այս ճանապարհով է փող վաստակում: Տղաներն արդեն մի քանի տարի է՝ արվամոլ են:

– 17 տարեկանից այստեղ եմ: Մասնագիտություն չունեմ: Երեւանում էլ մեզ նման շատերը կան: Տուն վարձեցի, մնացի այստեղ: Հետո անցա «էս գործին,- ասում է «Սյուզին»:

Կեսգիշերն անց է: Երկու «աղջիկ» կանգնած են Եռաբլուրի դիմացի կանգառում: Կեղծամներով, ցանցավոր զուգագուլպաներով, բավականին շպարված: «Էլեոնորայի» եւ «Սյուզիի» «աշխատանքային ժամը» սկսված է: Ես նրանց խնդրում եմ զրուցել ինձ հետ: «Սյուզին» համաձայնում է:

– Էս երկու օրը փող չեմ աշխատել, ազիզ, դրա համար էլ չեմ խոսում: Մեր Սյուզին էլ տեղը տեղին կպատմի,- ասում է «Էլեոնորան»: «Սյուզին» ինձ հետ նստում է մեքենա:

– Կպատմե՞ս՝ ինչպես պատահեց, որ երբեմնի Արմենը դարձավ Սյուզի,- հարցնում եմ:

– Ես Շիրակի մարզից եմ: Փոքրուց էլ մի տեսակ լքված եմ մեծացել: Ինձ ծաղրում էին, չէին սիրում: Իններորդ դասարանում ինձ մի տղա էր հետաքրքրում: Մենք դասընկերներ էինք: Մինչ այդ երբեւէ չէի կարող պատկերացնել, որ տղաները, բացի սովորական ընկերներ լինելուց, կարող են նաեւ այլ կերպ հետաքրքրել: Դե, հետո էլ դարձանք «իսկական ընկերներ»: Սկզբից ամեն ինչ լավ էր, հետո նա ինձ «դավաճանեց»: Ծնողներս կարծում են՝ ես այստեղ շինարարությամբ եմ զբաղվում: Ես նրանց ամեն ամիս փող եմ ուղարկում, նրանք էլ հպարտանում են ինձնով: Հիմա, ինչպես դուք եք տեսնում, ես փողոցում եմ կանգնում ու այդպես էլ ապրում եմ: Ցերեկները տղավարի եմ: Ինչպես բոլորը, ես էլ նորմալ կյանքով եմ ապրում. սիրում եմ համեղ ուտել, լավ հագնվել, երաժշտություն լսել: Ամենահետաքրքիրը գնումների պահն է. երբ գնում եմ շոր գնելու, միշտ ասում եմ՝ քրոջս համար է: Հետո փորձում եմ շորը՝ տեսնելու համար, թե իբր նրան կլինի՞, թե՝ չէ: Ու էդպես առնում եմ ցանցավոր կալգոտկաներ, բլուզներ: Քույր ու եղբայր ունեմ: Մեջների անորակը ես դուրս եկա, թե չէ՝ քույրս էլ, եղբայրս էլ նորմալ են: Դե, ես էլ եմ նորմալ, ուղղակի մարդիկ մեզ չեն հասկանում: Ես դեռ մտածում եմ ընտանիք ունենալու մասին: Ամբողջովին չեմ կորցրել հետաքրքրությունս աղջիկների նկատմամբ: Իրականում սա մի շրջան է, որ ես ապրում եմ: Եթե ձեզ թվում է, թե շատ հեշտ է էսպես ապրել՝ սխալվում եք: Ամեն օր մենք «մահն աչքներիս առաջ ենք կանգնում»: Մեզ ծեծում են, հայհոյում: Երբեմն այն աստիճան, որ մի քանի օր չենք կարողանում շարժվել: Դա անում են ոչ թե ոստիկանները, այլ իրենց «լավ տղաներ» կարծողները:

Բիզնեսի օրենքն է. «Եթե կա պահանջարկ՝ կա նաեւ առաջարկ»: Իրականում առաջարկն այնքան մեծ է, որ տղաները մի քանի րոպե հետո մայթին կանգնած չեն լինում, ավելին՝ նրանց թիվը գնալով աճում է: Մյուս գիշեր նրանց եւս մեկն էր միացել, որը չցանկացավ ներկայանալ.

– Ես թատերական ինստիտուտից եմ ու պարզապես հետաքրքիր է, թե էրեխեքը ինչ են անում: Համ էլ չե՞ք տեսնում՝ հագս աղջկա շոր չի:

«Սյուզին» եւ «Էլեոնորան» այնքան էլ գոհ չեն իրենց վաստակածից, բայց դա նրանց բավարարում է լավ ապրելու համար:

– Սովորականից էժանով ենք համաձայնվում՝ 5000-ից սկսվում է: Հետո պետք է նայես, թե ով է հաճախորդդ. դրանք վարորդներ էլ են լինում, փողոտ տղերք էլ:

Արվամոլ մարմնավաճառների հարցով դիմեցի հոգեբաններին՝ մեկնաբանելու խնդրանքով: Նրանց կարծիքներն իրարամերժ էին: Հոգեբան-սեքսապաթոլոգ Ա. Պողոսյանն ասում է.

– Եթե տղամարդիկ փորձեն խոստովանել, ապա նրանցից յուրաքանչյուրը կյանքում գոնե մեկ անգամ շպարվելու կամ էլ կանացի զգեստ հագնելու ցանկություն ունեցել է: Պարզապես մեկի մոտ հորմոնալ խանգարումները՝ մի քանի գործոնների հետ կապված, զարգանում են, մյուսի մոտ՝ ոչ: Մարդիկ կան՝ իրենց սեռի ներկայացուցչին են իրենց զուգընկեր ընտրում: Հայաստանյան իրականության մեջ այս երեւույթները շատ քողարկված են, սակայն հոմոսեքսուալիստները միշտ եղել են եւ կան:

– Արդյոք համասեռամոլները չե՞ն վտանգում իրենց եւ ուրիշների առողջությունը:

– Նրանք ավելի շատ հոգեբանական տեսանկյունից են վտանգված: Նրանց համար կան մի շարք բարդություններ: Նրանում, որ իրենք այդպիսին են, կա նաեւ հասարակության մեղքը: Այս ամենի հետեւանքով հոմոսեքսուալիստների մոտ շատ է տարածված նեւրոզը:

– Կարո՞ղ են նրանք ընտանիք կազմել:

– Կարծում եմ՝ այո, քանի որ նրանցից շատերը բիսեքսուալներ են:

Հոգեբան Սեյրան Ամիրյանը երեւույթն անվանում է «անոմալ»:

– Աշխարհը բացասական է ընդունում այս երեւույթը: Կապ չունի, որ մի շարք երկրներում հոմոսեքսուալիստների թիվը գնալով աճում է: Սա բնության դեմ է, ուրեմն՝ չարիք է: Ամեն կերպ պետք է սրա դեմն առնել:

– Իսկ դուք՝ որպես հոգեբան, ինչպե՞ս եք պատկերացնում նման երեւույթի կանխումը:

– Նախ դա պետք է անել պետականորեն, երկրորդ՝ ժողովրդի միջոցով: Պետք է պրոպագանդել, որ սա այլասերում է եւ ուրիշ ոչինչ: Մենք պետք է մեր երեխաներին ճիշտ դաստիարակենք: Նրանց վրա մեծ ուշադրություն դարձնենք:

Սեյրան Ամիրյանի կարծիքով, «այդպիսիները» ընտանիք կազմել չեն կարող:

Հ. Գ. Արմենը 6-րդ դասարանում սիրահարված է եղել դասընկերուհուն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2008
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930