Լրահոս
Օրվա լրահոսը

ՉԻՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԻՑ ԱՅՍ ԿՈՂՄ

Դեկտեմբեր 23,2008 00:00

\"\"Չինական տնտեսական հրաշքից Հայաստանը սովորելու շատ բան ունի

Ավարտվեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի պաշտոնական այցը Չինաստան: Պատվիրակությունը բազմաթիվ հանդիպումներ ունեցավ չինական բարձրաստիճան ղեկավարների հետ, եւ այդ հանդիպումների ընթացքում ձեռք բերվեցին մի շարք պայմանավորվածություններ: Չինաստանի խորհրդարանի նախագահ Ու Բանգան, ընդունելով Հայաստանի խորհրդարանի պատվիրակությանը, ասաց, որ այս այցը «նոր խթան կհանդիսանա երկու երկրների փոխհարաբերությունների զարգացման համար»: Ընդհանրապես, չինական կողմը շատ բարյացակամ էր տրամադրված եւ ԱԺ նախագահին ու նրա գլխավորած պատվիրակությանն ընդունում էին չինական մեծարանքի բոլոր ծիսական արարողություններով: Հ. Աբրահամյանն էլ իր հերթին այնքան անբռնազբոս էր շփվում չինացիների հետ, կարծես ողջ կյանքն ապրել է Չինաստանում: Այցի ավարտին «Առավոտը» պատվիրակության անդամներին խնդրեց ամփոփել եւ գնահատել արդյունքները:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Վարդան Խաչատրյանի բնորոշմամբ՝ Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակության այցը բավականին արդյունավետ էր. «Անկախ որեւէ բանից, սա, չինական կողմի բնորոշմամբ, հայկական խոշորագույն պատվիրակությունն էր, որը երբեւէ եղել էր ՉԺՀ-ում եւ, փաստորեն, եռավեկտոր պատվիրակություն էր. զբաղվում էր ինչպես տնտեսական, արտաքին քաղաքական կապերի, այնպես էլ միջխորհրդարանական հարաբերությունների խնդիրներով: Արծարծվեցին ճգնաժամային իրավիճակում Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող հարցեր: Բարձրացվեց տնտեսական ֆինանսական օգնության խնդիրը, հարաբերությունների այն մակարդակը, որը խնայողական ռեժիմով հնարավորություն կտա Հայաստանին դուրս գալ արդեն մեզ համար եւս շոշափելի իրավիճակից: Կարեւորում եմ նաեւ այն, որ վեր բարձրացող ներկայիս չինական տնտեսական համակարգն, ըստ էության, աշխարհի համար հանդիսանում է նոր բեւեռ, որի հետ հարաբերությունները որոշակիություն պետք է ունենան նաեւ ՀՀ-ի համար, ինչից ելնելով էլ այս այցը կարեւոր էր: Ինչ վերաբերում է արդյունքներին, ապա բարձրացվեցին եւ ֆինանսական, եւ տնտեսական հարցեր, խոսվեց Հայաստան-Իրան երկաթուղու շինարարությանը ՉԺՀ մասնակցության մասին: Բնական է, որ հարցերը կարող են լուծվել ժամանակի մեջ, կարեւորը, որ այդ հարցերը բարձրացված են: Մեր առաջ քաշած հարցերի հանդեպ ըմբռնում տեսանք չինական բարձրագույն ղեկավարության մեջ, եւ կարծում եմ՝ անպայման կձեւավորվի այն հարթությունը, որտեղ այդ հարցերը լուծում կստանան»:

ԲՀԿ անդամ Նաիրա Զոհրաբյանի գնահատմամբ՝ «Շատ կարեւոր են Չինաստանի հետ հարաբերությունները, եւ այս այցը շատ կարեւոր կարող է լինել մեր երկրի համար թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական առումով: Հաշվի առնելով, որ առաջիկայում Չինաստանը դառնալու է գերհզոր տերություններից մեկը, Հայաստանն իր քաղաքականությունն այս տարածաշրջանում պետք է կառուցի նաեւ ՉԺՀ հետ սերտ տնտեսական-քաղաքական հարաբերությունների համատեքստում: Հանդիպումները եւ ձեռք բերված պայմանավորվածությունները իրավունք են տալիս լավատես լինել, համենայնդեպս, չինական կողմի տրամադրվածությունն այնպիսին էր, որ այդ պայմանավորվածություններն իրականանալու մեծ հնարավորություններ ունեն. խոսքը թե՛ $1 միլիարդի վարկի, թե՛ ՀՀ-Իրան երկաթգծի շինարարությանը՝ Չինաստանի հնարավոր մասնակցության մասին է»:

ԱԳՆ փոխնախարար, հայ-չինական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Գեղամ Ղարիբջանյանն «Առավոտի» հետ զրույցում ասաց. «ԱԺ նորընտիր նախագահը փորձում է գործադիրի հետ արտաքին ոլորտում համատեղ աշխատել եւ հասնել կոնկրետ արդյունքների: Չինաստանում բարձր մակարդակով հանդիպումների ընթացքում, այլ հարցերից բացի, խոսվեց նաեւ չինական 20 միլիոն յուանի օգնության մասին, եւ մենք խնդրեցինք չինական կողմին, որպեսզի մեզ այդ գումարի շրջանակներում տրամադրեն հրշեջ մեքենաներ՝ բարձրահարկ շենքերի համար, որովհետեւ դրա կարիքն արտակարգ իրավիճակների նախարարությունն ունի: Պայմանավորվեցինք, որ առաջիկա եռամսյակում կունենանք նաեւ միջկառավարական հանձնաժողովի նիստ: Մինչ այժմ շատ պասիվ է եղել միջկառավարական հանձնաժողովը, կփորձենք ակտիվացնել մեր աշխատանքները: Կստեղծվի աշխատանքային խումբ, որը կնախապատրաստի անհրաժեշտ պայմանները՝ Չինաստանից $1 միլիարդի վարկը ստանալու համար»:

ՀՅԴ խմբակցության անդամ Արա Նռանյանի գնահատմամբ եւս ԱԺ նախագահի այցը Չինաստան արդյունավետ էր. «Թեեւ ընթացիկ տնտեսական քաղաքականությունն իրականացնում է գործադիր իշխանությունը, այնուամենայնիվ, տնտեսական քաղաքականության համար անհրաժեշտ են լուրջ քաղաքական նախադրյալներ, եւ այս առումով շատ եմ կարեւորում միջխորհրդարանական կապերն ու տարբեր երկրների խորհրդարանների հետ շփումները: ՀՀ ԱԺ պատվիրակության այցը Չինաստան ուղղված էր այս երկրի հետ քաղաքական, տնտեսական հարաբերությունների զարգացմանը: ՉԺՀ-ն մեզ համար կարող է հանդիսանալ մուտք դեպի հեռավոր Ասիա եւ Հարավարեւելյան Ասիայի երկրներ: Կարեւորում եմ նաեւ մեր տնտեսության մեջ չինական մոդելի, չինական փորձի ուսումնասիրությունը: Այս երկրում ընդգծված է տեղական արտադրողի շահերի եւ իրավունքների պաշտպանությունը, եւ չինական ղեկավարության կողմից իրականացվող տնտեսական այս քաղաքականությունը լուրջ արդյունքներ է տալիս, եւ դա տեսանք մեր այցի ու հանդիպումների ընթացքում: Մենք դեռ շատ ու շատ սովորելու բան ունենք չինական տնտեսական այս հրաշքից»:

ՀՅԴ խմբակցության մեկ այլ անդամ՝ Արայիկ Գրիգորյանը, նկատեց, որ հայ-չինական շփումները եւ չինական տնտեսական փորձի ուսումնասիրությունը լուրջ ազդեցություն կարող են ունենալ մեր երկրի տնտեսության զարգացման վրա. «Տեղի ունեցան հագեցած եւ ջերմ հանդիպումներ, որոնք, կարծում եմ, կտան կոնկրետ արդյունք: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ակտիվ եւ շփվող բնավորությունը մեզ հնարավորություն տվեց առավել մտերմանալ չինական ղեկավար եւ գործարար շրջանակների հետ, եւ վստահ եմ, որ այս այցը բավականին օգտակար եւ ուսանելի կլինի մեր երկրի տնտեսության զարգացման համար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել