Լրահոս
Օրվա լրահոսը

«ԳՐՈՀ՝ ԿԱՊԻՏՈՒԼՅԱՑԻԱՅԻՑ ԱՌԱՋ»

Դեկտեմբեր 25,2008 00:00

\"\"Այսպես է որակել ՀՀՇ վարչության նախագահը ՔԿՀ-ներում քաղբանտարկյալների դեմ կիրառված բռնությունները

«Մարտի 1»-ի դեպքերի առնչությամբ հարուցված քրգործի շրջանակներում «Յոթի» գործով արդեն ընթացող դատավարության դեկտեմբերի 23-ին տեղի ունեցած կարճատեւ նիստի ընթացքում հայտնի դարձավ, որ այդ գործով ամբաստանվող եւ «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ում պահվող Գրիգոր Ոսկերչյանը նույն օրը, մինչեւ դատարան բերվելը, իր խցում ծեծի է ենթարկվել: Այն բանից հետո, երբ Ոսկերչյանի պաշտպան Ստեփան Ոսկանյանը ԶԼՄ-ներին փոխանցեց այդ տեղեկությունը, ե՛ւ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության (ԱՆ ՔՎ) մամուլի խոսնակը, ե՛ւ երեկ արդեն ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը ի պաշտոնե եւ ամենայն պատասխանատվությամբ հերքեցին այդ տեղեկությունը՝ այն որակելով որպես «իրականության խեղաթյուրում»: Համաձայն ԱՆ ՔՎ երեկ տարածած հաղորդագրության՝ «հիմնարկի խցերից մեկում խուզարկության ընթացքում այդ խցում պատիժ կրող դատապարտյալների կողմից կատարվել է հարձակում», որի արդյունքում մարմնական վնասվածքներ է ստացել վարչության արագ արձագանքման բաժնի պետը ու տեղափոխվել է հիվանդանոց: Վարչության ներկայացմամբ, «հարձակումը կանխելու եւ դատապարտյալներին հետ մղելու նպատակով» ՔԿ ծառայողների կողմից «գործադրվել է ուժ եւ հատուկ միջոցներ»: Իսկ ահա «Գ. Ոսկերչյանը որեւէ առնչություն չի ունեցել ուժի գործադրման հետ»: Թե իրականում ո՞վ եւ ի՞նչ հանգամանքներում է ծեծի ենթարկել Գ. Ոսկերչյանին, երեկ պատմել է ինքը՝ Ոսկերչյանը ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի հանձնարարությամբ՝ իրեն մեկուսարանում այցելած Օմբուդսմենի աշխատակազմի աշխատակիցներին: Ըստ Գ. Ոսկերչյանի՝ 23.12.08թ., ժամը 10.00-ին, կալանախուց են մտել հարկի հերթապահ Թաթուլ Հակոբյանը եւ իրեն անծանոթ այլ անձինք՝ կալանախցում խուզարկություն կատարելու համար: Իրեն, որպես տարիքով ավագի, թողել են կալանախցում, իսկ մյուս կալանավորներին հանել են խցից: Խուզարկության ժամանակ խուզարկություն կատարողներից մեկը, տեղեկանալով, թե ինքը ՀՀ ՔՕ որ հոդվածով է մեղադրվում՝ ուժգին ապտակել է իրեն, որից հետո եւս մեկ հարված է ստացել աջ ոտքին: Ստացած հարվածների հետեւանքով իր ինքնազգացողությունը խիստ վատացել է, որի պատճառով էլ իրեն նշանակված ժամից ուշ են ներկայացրել դատարան:

Ոսկերչյանի պաշտպան Ստեփան Ոսկանյանը իր պաշտպանյալի նկատմամբ կիրառված բռնարարքի փաստի կապակցությամբ գրավոր հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ պահանջելով նաեւ Ոսկերչյանի վերաբերյալ դատաբժշկական փորձաքննություն նշանակել: Պաշտպանը պնդեց նաեւ, որ նույն օրը Ոսկերչյանին «006» խցից տեղափոխել են «43» խուց. «Եթե նախկինում նա գտնվում էր 4 կալանավորների հետ, ապա այժմ նա 11 անձանց՝ «քրեականների» հետ միասին գտնվում է տարածքով ավելի փոքր խցում»:

Հիշեցնենք, որ դեռ դեկտեմբերի 23-ին խոսվում էր նաեւ «Մարտի 1»-ի գործով դատապարտյալներից եւս մի քանիսին ծեծի ենթարկելու մասին, բայց հայտնի էր միայն 4 տարվա ազատազրկման դատապարտված Գեւորգ Մանուկյանի անունը: Երեկ ՀՀ օմբուդսմենի աշխատակիցները հանդիպել են նաեւ նրա հետ: Մանուկյանը այդ հանդիպման ժամանակ հրաժարվել էր հայտարարել իրեն ծեծի ենթարկելու մասին՝ քանի դեռ չի խորհրդակցել փաստաբանի հետ: Ուշ երեկոյան «Նուբարաշեն» ՔԿՀ-ի 66 խցի կալանավոր Գ. Մանուկյանը, այնուամենայնիվ, գրավոր հայտարարություն արել է, որը հասցեագրել է ե՛ւ ՀՀ օմբուդսմենին, ե՛ւ նախարար Գեւորգ Դանիելյանին, նաեւ՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանին. «23.12.2008թ. առավոտյան ժամը 10:30-ի սահմաններում, մոտ 30 հոգուց բաղկացած սպայական անձնակազմը մտավ 66 խուց եւ բոլորին, բացի մեկ տարեց մարդուց, դուրս հրավիրեցին: Սպաներից մեկը ինձ հարցրեց, թե դու ինչու չես սափրվել, որին ես պատասխանեցի, որ ընկեր եմ կորցրել: Այնուհետեւ ինձ հարցրին, թե դու ինչու ես հայտնվել այստեղ, ես պատասխանեցի, որ մասնակցել եմ հանրահավաքների: Իմ պատասխանից անմիջապես հետո ինձ սկսեցին դաժան ծեծի ենթարկել, այնուհետեւ ես կորցրեցի գիտակցությունս: Ես պնդում եմ, որ այս վերը նշված արարքը բարբարոսություն է իմ նկատմամբ, եւ հրավիրում եմ բոլորիդ ուշադրությունը ու պահանջում եմ արագ արձագանքեք կատարվածին»:

Երեկ ՀՀ օմբուդսմենն է մինչեւ Գ. Մանուկյանի գրավոր դիմումը ստանալը հայտարարություն տարածել, որով դատապարտել է «նման բռնության երեւույթը՝ համարելով այն որպես ճնշում ամբաստանյալների վրա»: Մասնավորապես Ոսկերչյանի հայտնած տեղեկությունների վերաբերյալ նա դիմել է ՀՀ արդարադատության նախարարին՝ առաջարկելով անցկացնել ծառայողական քննություն եւ պատժել մեղավոր անձանց: Նա այս խնդրի շուրջ խոսել է նաեւ նախագահ Սերժ Սարգսյանի հետ երեկ կայացած հանդիպման ժամանակ: Արդյունքում՝ վերջինս հանձնարարել է նույն նախարարին եւ նախագահի իրավական հարցերով օգնականին անցկացնել ծառայողական քննություն՝ հանրապետության ՔԿՀ-ներում բռնության կիրառման վերաբերյալ տեղ գտած ահազանգերի առնչությամբ: Ի դեպ, Արմեն Հարությունյանը համաձայնել է մասնակցել այդ ծառայողական քննությանը:

Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանի ասելով, դեկտեմբերի 23-ին Նուբարաշեն ՔԿՀ-ում ծեծել են նաեւ քաղկալանավոր Արմեն Խուրշուդյանին: «Այն բռնությունը, որ իշխանությունը դեկտեմբերի 23-ին կիրառել է երեք քաղբանտարկյալի հանդեպ՝ ծեծելով նրանց, իշխանության վերջին հոգեբանական գրոհն է կապիտուլյացիայից առաջ»,- իր հերթին երեկ հայտարարել է ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել