Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչի՞ն եք դեմ

Փետրվար 10,2009 00:00

Արձագանքելով Շարլ Ազնավուրի տուն-թանգարանը ներկա դժվարին տնտեսական պայմաններում կառուցելու կառավարության որոշումը քննադատողներին՝ տարակուսում է ՀՀ գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը, որը նաեւ տուն-թանգարանի նախագծի հեղինակն է:

\"\"
Ազնավուրի թանգարանը կունենա այս տեսքը:

– Պարոն Սարգսյան, ներկայիս ֆինանսական ճգնաժամի պայմաններում Շարլ Ազնավուրի տուն-թանգարանի կառուցման նպատակով ՀՀ կառավարության՝ պահուստային ֆոնդից 300 միլիոն դրամ հատկացնելու որոշումը ոմանց մոտ առաջացրեց հետեւյալ հարցադրումը՝ արդյո՞ք դրա ժամանակն է:

– Նման հարցադրումն ինքնին համարում եմ անտեղի եւ ուզում եմ արտահայտել իմ խորին վրդովմունքն ու ափսոսանքը դրա հեղինակներին: Ուզում եմ նաեւ շեշտել, որ այդօրինակ կեղծ մտահոգությունների տիրաժավորմամբ լուրջ վնաս է հասցվում այդ իսկապես կարեւոր ծրագրին: Ադրբեջանում վերջին տարիներին Ալիեւը մեկը մյուսի հետեւից կառուցում է մշակութային կենտրոններ, եւ այնտեղ որեւէ մեկը հրապարակավ դրա դեմ չի արտահայտվում: Մինչդեռ Հայաստանի Հանրապետությունում անկախությունից ի վեր առաջին անգամ պետական միջոցներով կառուցվում է մշակութային կենտրոն, որն, ի դեպ, Հայաստանի սեփականությունն է եւ ծառայելու է մեր երկրի քաղաքացիների գեղագիտական պահանջմունքներին: Եվ հիմա, փաստորեն, ողջունելու փոխարեն այդ փաստը, ոմանք ասում են՝ դեմ ենք: Սա կտրականապես մերժելի մոտեցում է: Ընդ որում՝ թե ֆինանսական, թե սոցիալական եւ թե բարոյական տեսանկյունից:

Եթե այդ դեմ լինելը պատճառաբանվում է ֆինանսական միջոցների սղությամբ, ապա տեղեկացնեմ, որ նշված 300 միլիոնից 92 միլիոնը դեռեւս անցյալ տարվա պետբյուջեով հատկացված, սակայն գների տատանման պատճառով չիրացված գումարներն են: Բացի այդ, հատկացված ամբողջ գումարի շուրջ 40%-ը հարկերի տեսքով վերադարձվում է պետբյուջե:

Հատկապես նման կարծիքների շրջանառությունից հետո ավելորդ չեմ համարում նշել նաեւ, որ Շարլ Ազնավուրի տուն-թանգարանի շինարարության մասնակից բոլոր օղակները, ըստ էության, աշխատում են առանց շահույթի, սկսած շինանյութեր տրամադրող ընկերություններից, վերջացրած շինարարական կազմակերպություններով: Ավելին, թանգարանի նախագծային բոլոր աշխատանքները, մանրակերտները, հեղինակային վերահսկողությունն ու ծրագրի իրականացման հետ կապված բոլոր խնդիրների համակարգումը իմ ղեկավարած ճարտարապետական արվեստանոցի կողմից արվել է բացարձակապես անվճար: Ընդ որում, անվճար աշխատելով հանդերձ, արվեստանոցն իր սեփական միջոցներից թանգարանի աշխատանքների հետ կապված պետությանը վճարել է բոլոր հարկերը:

Այդ ամենն արվել է ծրագրի բացառիկ նշանակության գիտակցությամբ, այսինքն՝ շինարարության բոլոր մասնակիցների համար այս տուն-թանգարանը ոչ թե սովորական մի կառույց է, այլ ազգային վերաբերմունքի դրսեւորման արտահայտություն, որում նրանցից յուրաքանչյուրը փորձել է իր ներդրումն ունենալ:

– Պարոն Սարգսյան, կարծում եմ, ոչ ոք չի վիճարկում Շարլ Ազնավուրի տուն-թանգարանի անհրաժեշտությունը: Պարզապես, մտահոգությունը կապված է ճգնաժամի հետեւանքով առաջացած սոցիալական խնդիրների հետ:

– Չեմ կարող կիսել այդ մտահոգությունը նաեւ սոցիալական տեսանկյունից: Ստիպված եմ անդրադառնալ ձեր թերթում տպագրված «Տրամաբանության փնտրտուք» հոդվածին, որտեղ հեղինակը մտահոգություն է հայտնում՝ կապված ճգնաժամի արդյունքում գրանցված գործազրկության աճի հետ: Ուզում եմ հարցնել՝ ո՞րն է հեղինակի տրամաբանությունը. այն, որ արդեն իսկ առկա գործազուրկների թվին ավելացնենք եւ՞ս մի քանի հարյուր մարդու՝ բոլոր բանվորներին, շինարարներին, քարտաշներին եւ այլոց, որոնք այսօր աշխատում են թանգարանի շինարարության վրա, եւ, ընդ որում՝ մեծ էնտուզիազմով: Չէ՞ որ թանգարանի կառուցումը նաեւ նշանակում է աշխատատեղեր: Այսօր, երբ առանց այդ էլ շինարարական աշխատանքների զգալի մասը սառեցված է, առաջարկվում է սա է՞լ սառեցնել: Խորհուրդ կտայի հեղինակին՝ գնալ շինհրապարակ եւ այնտեղ իր դիրքորոշումը ներկայացնել այդ մարդկանց ու տեսնել նրանց արձագանքը:

Եվ, ի վերջո, անդրադառնամ նաեւ հարցի բարոյական կողմին: Ես, անշուշտ, պատիվը չունեմ այնքան մտերմիկ հարաբերությունների մեջ լինելու Շարլ Ազնավուրի հետ, որքան վերը նշածս հոդվածի հեղինակը, որն իրեն թույլ է տալիս անձամբ «իր ունեցած տեղեկություններից» ելնելով, Ազնավուրի անունից «համոզմունք» հայտնել եւ «հաստատ» պնդել, որ մեծ երգահանն այս կամ այն կերպ կմտածեր: Այնուամենայնիվ, կարծում եմ, ցավալի է լսել Ազնավուրին մեծարելու այնպիսի առաջարկ, ինչպիսին արվում է նշված հոդվածում. այն է՝ «Եթե ՀՀ կառավարությունը շատ է ուզում մեծարել Ազնավուրին, թող հայտարարի, թե նա Հայաստանին 300 միլիոն դրամ է նվիրել՝ ճգնաժամի դեմ պայքարելու համար»: Դրամաբյուջետային մեծարանքի նման առաջարկը առնվազն ամոթալի է: Ի վերջո, 88-ից ի վեր գործել է «Ազնավուրը՝ Հայաստանին» ծրագիրը: Կարծում եմ՝ ժամանակն է, որ լինի նաեւ հակառակը. Հայաստանը՝ Ազնավուրին:

– Եվ, այնուամենայնիվ, ինչո՞վ է պայմանավորված թանգարանը հենց այս տարի կառուցելու անհրաժեշտությունը:

– Նշեմ, որ թանգարանի շինարարությունը սկսվել է դեռեւս 2007թ. վերջին: Իսկ հատկապես այս տարի այն ավարտին հասցնելու ցանկությունը պայմանավորված է նրանով, որ 2009թ. մայիսի 22–ին լրանում է մեծ երգահանի 85-ամյակը եւ, թերեւս, ճիշտ ժամանակն է, որ Հայաստանը Ազնավուրին մատուցի այդ նվերը:

– Եվ վերջում՝ ինչպիսի՞ն է լինելու այդ թանգարանը: Ինչպե՞ս է այն կոչվելու Շարլ Ազնավուրի տուն-թանգարան, եթե երգահանն այնտեղ չի բնակվել:

– Թանգարանը նախատեսված է իբրեւ Հայաստանում իր տեսակի մեջ եզակի՝ բազմաֆունկցիոնալ մշակութային կենտրոն: Այն իր մեջ ներառում է Շ. Ազնավուրի նստավայրը, որտեղ նա կապրի իր զավակների հետ՝ Երեւան այցելելիս: Մյուս հատվածներում կլինեն ցուցասրահը, ընդունելությունների սրահը, 180 տեղանոց դահլիճը, բացօթյա ամֆիթատրոնն ու վարչական մասը: Այսինքն՝ այն կլինի ոչ թե դասական իմաստով սոսկ տուն-թանգարան, այլ մշակութային ակտիվ կենտրոն, որտեղ մշտապես կանցկացվեն տարբեր մշակութային միջոցառումներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել