Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետք չէ ընկնել չորս պատի հետեւից»

Փետրվար 13,2009 00:00

Երեկ «Ուրբաթ» ակումբում կայացավ Հովհ. Թումանյանի թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանի ասուլիսը՝ բանաստեղծի ծննդյան 140-ամյակին նվիրված միջոցառումների թեմայով: Նա տեղեկացրեց, որ միջոցառումների շարքը սկսվելու է փետրվարի 18-ից:

Արդեն 13 տարի է, Թբիլիսիի Վոզնեսենսկայա 13 հասցեում գործող Հովհաննես Թումանյանի անվան թիվ 13 գրադարանը $25 հազարի պարտքերի դիմաց տրվել է վրաց գործարարի՝ ոմն Լեժավայի: Նարինե Թուխիկյանի պարզաբանմամբ, դա Թումանյանի տուն-թանգարանը չէ: Նա ունի մեկ տուն-թանգարան, որը գտնվում է Դսեղում: Գրադարանի շենքը պարզապես եղել է միակ տունը, որտեղ բանաստեղծն ապրել է ամենաերկարը՝ 1909-23թթ., այնուհետեւ վրացական իշխանությունն այն 1921թ. նվիրել է Թումանյանին, որի մի հատվածում սկսել են ապրել բանաստեղծի ժառանգները, իսկ մի մասը վերջիններիս կողմից 50-ականներին հանձնվել է իշխանությանը, որպեսզի բացվի բանաստեղծի անվան քաղաքային գրադարան՝ նրա անունը հավերժացնելու նպատակով: Այդպես էլ եղել է. գրադարանը գործել է մինչեւ 2008-ի նոյեմբերը: Հարց է առաջանում. իսկ ինչո՞ւ են այդ մասին բարձրաձայնում միայն վերջին մեկ շաբաթվա ընթացքում: Նարինե Թուխիկյանը պատասխանեց. «Այս ամենը սկսվեց այն բանից հետո, երբ մենք գնացինք Թբիլիսի՝ Թումանյանի մասին ֆիլմ նկարելու նպատակով: Այնտեղ մենք ականատես եղանք շատ տխուր պատկերների. գրքերը թափված էին հատակին, մի մասը լցված էր արկղերի եւ պարկերի մեջ: Դրանից հետո ինֆորմացիան գնաց Հայկական երկրորդ հեռուստատեսությամբ եւ հետաքրքրությունն ավելի մեծացավ»: Այնուհետեւ ավելացրեց. «Այս մի քանի օրը խոսակցություններն անընդհատ Թումանյանի տան շուրջ են: Ես դրա մասին տեղեկացել եմ ոչ վաղ անցյալում, բայց գիտեմ, որ Հայաստանը մտավորականների մակարդակով դիմել է համապատասխան մարմիններին, որպեսզի այդ պարտքն ինքը տա եւ դրա դիմաց ստանա տունը: Այսինքն՝ այդ տարածքը դառնա Հայաստանի սեփականությունը եւ ծառայի որպես մշակութային կենտրոն կամ մշակութային օջախ: Հարցն այն է, որ իսկապես շատ ուշացած է: Եթե այս խոսակցությունը նույնքան բուռն լիներ, որքան 13 տարի առաջ էր, հավանաբար հնարավոր կլիներ սեփականատիրոջը համոզել կամ նրանից ետ գնել»:

Թանգարանի տնօրեն Թուխիկյանի խոսքերով, գրադարանը հայերի սեփականությունը չէ, դրա տերերը վրացիներն են եւ նրանք են տնօրինում դրա ճակատագիրը: «Առավոտի» այն հարցին՝ Հայաստանի կառավարությունը, կոնկրետ՝ մշակույթի նախարարությունը, ինչ-որ քայլեր ձեռնարկո՞ւմ է այդ խնդրի առումով, Ն. Թուխիկյանն ասաց, որ ավելի լավ է այդ հարցը տալ ՀՀ մշակույթի նախարարին. «Խնդրում եմ դուք դիմեք համապատասխան մարմիններին եւ նրանցից ստացեք պատասխանը: Այս հարցը ամենաբարձր մակարդակով միայն կարող է լուծվել»: Ն. Թուխիկյանը եկավ այս եզրակացության. «Վերջապես պետք չէ ընկնել այդ չորս պատի հետեւից»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել