Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՒՆԵՑՎԱԾՔԻ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ

Փետրվար 24,2009 00:00

\"\"Հերթը հասավ նաեւ հեռուստաընկերությունների՞ն

Երբ 2008թ. նոյեմբերի 6-ին ՀՀ կառավարությունը որոշում ընդունեց «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպություն ստեղծելու մասին», լրագրողական կազմակերպություններն ու առանձին ԶԼՄ-ների ղեկավարներ մտահոգություն հայտնեցին, թե այդ կառույցը ունենալու է ԽՍՀՄ ամբողջատիրության օրոք գոյություն ունեցած եւ, բարեբախտաբար, լուծարված «գլավլիտ»-ի առաքելությունը: Հիշեցնենք, որ կենտրոնին, որը գործելու էր ՀՀ նախագահին կից, վերապահված էին շատ հավակնոտ գործառույթներ, այդ թվում՝ «ԶԼՄ-ների ընդհանուր եւ թեմատիկ դիտարկման ու վերլուծության իրականացում, ուսումնասիրություններ եւ դիտարկումներ կատարել զանգվածային լրատվամիջոցների շուկայի վերաբերյալ՝ նրանց տպաքանակների, իրացման ծավալների եւ ծածկույթների, բազմազանության, թափանցիկության եւ այլ խնդիրների շուրջ»: Նախաձեռնության հեղինակները հավաստիացրել էին, թե կենտրոնի գործունեությունն ավելի շատ գիտահետազոտական բնույթ է ունենալու եւ գրաքննության կամ ԶԼՄ-ների գործունեությունը սահմանափակելու հետ որեւէ կապ չունի:

Պարզվեց, առկա մտահոգությունները անհիմն չէին: Փետրվարի 20-ին «Անի Պլազայում» տեղի ունեցած «Անվտանգ հեռուստամիջավայր» քննարկման ժամանակ հիշյալ կենտրոնի ներկայացուցչի խոսքերից պարզ դարձավ, որ առաջիկայում օրենսդրական նախաձեռնություններ են լինելու հեռուստաեթերում որոշակի հաղորդումների թեմատիկան կոդավորելու, դրանց ցուցադրման ժամերը կամ որոշ ծրագրերի ցուցադրել-չցուցադրելու նպատակահարմարության հարցը հստակեցնելու համար: Նույն օրը՝ փետրվարի 20-ին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն էր «հեռուստառադիոհաղորդումների որակի վերաբերյալ վերջին շրջանում արձանագրված հասարակական մտահոգությունների», դրանցում որակական փոփոխությունների անհրաժեշտության եւ ոլորտը կարգավորող օրենսդրական բարեփոխումների հարցերը քննարկել ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանի հետ: Այն, որ երկրի բազմազբաղ նախագահը իր թանկ ժամանակից ժամ էր հատկացրել Գ. Ամալյանի հետ ոչ թե, օրինակ՝ «Ա1+»-ի վերաբերյալ Եվրոպական դատարանի որոշումը իրագործելու հնարավորությունների քննարկման, այլ՝ իր վերահսկողության տակ գտնվող հեռուստաեթերը կարգավորելու համար՝ շատ բազմանշանակ է:

Թե ո՞րն է հիշյալ նախաձեռնության եւ ՀՀ նախագահի այսօրինակ հետաքրքրությունների բուն պատճառը՝ փորձեց կռահել «Մելտեքս» ՍՊԸ նախագահ եւ «Ա1+»-ի տնօրեն Մեսրոպ Մովսեսյանը: «Առավոտի» հետ զրույցում նա կարծիք հայտնեց, որ այս ամենով փորձ է արվում ստեղծել արհեստական պայմաններ որոշ հեռուստաընկերություններ փակելու համար, եւ իշխանությունն արդեն այդ ուղղությամբ աշխատում է: «Այդ դաշտում հայտնվել են նոր տերեր, մշակվում են խաղի նոր կանոններ, եւ, երեւի, իշխանությունների տեսանկյունից, եկել է դաշտը զտելու, միայն իրենց ավելի հարմար ու իրենց թեւի տակ «խոշորացած» հեռուստաընկերությունները պահելու ժամանակը»,- նկատեց Մ. Մովսեսյանը: Նրա համոզմամբ, այդ նախաձեռնության իրական նպատակն ամենեւին էլ հեռուստաեթերը փողոցից ներմուծված թեմաներից եւ լեզվից մաքրելը չէ, այլ «ստարտն» է այն խաղի, որի մասին վերջին 1 տարվա ընթացքում խոսում էին, իսկ հիմա ինչ-ինչ պատճառներով աշխատում են արագ իրագործել: Մ. Մովսեսյանը ենթադրում է, որ մայիսից կսկսվեն ճնշումներ հեռուստաընկերությունների վրա: «Այսօր արդեն հստակ ուրվագծվում է, թե ով է հարվածի տակ ընկնելու առաջին հերթին»,- կարծիք հայտնեց «Մելտեքս»-ի նախագահը՝ այդ համատեքստում նշելով ԱԼՄ, ԱՐ, «Շանթ», նաեւ՝ «Հայ ՏիՎի»-ն հեռուստաընկերությունների անունները: Արձագանքելով մեր այն դիտարկմանը, որ «Հայ ՏիՎի», ըստ որոշ տեղեկությունների, արդեն իսկ պատկանում է Սերժ Սարգսյանի փեսային՝ Միքայել Մինասյանին, պարոն Մովսեսյանը չբացառեց, որ այդ հեռուստաընկերությունը փոխանակվի որեւէ այլ եւ ավելի բարձր վարկանիշ ունեցող հեռուստաընկերության բաժնեմասի հետ: Նրա ասելով, ճնշումների թիրախ կարող է լինել նաեւ «Կենտրոն» հեռուստաընկերությունը, որի սեփականատերը, նրա դիտարկմամբ, «կկարողանա այդ ճնշումների տակից դուրս գալ»:

Ուրեմն, իշխանությունների բուն նպատակը գրաքննությո՞ւնն է, թե՞ հեռուստաբիզնեսի վերաբաշխման սկիզբ դնելը: «Բովանդակային իմաստով բոլոր հեռուստաընկերության եթերի բովանդակությունները լիովին ձեռնտու են իշխանություններին: Ըստ իս, խնդիրը վերաբաշխումն է: Խաղն արդեն սկսված է, արդեն կան նաեւ ակտիվ գործող անձինք, հարվածողները»,- ասաց Մ. Մովսեսյանը՝ առանց չարախնդության նկատելով, թե իշխանությանը ծառայողները իզուր էին կարծում, թե իրենց համար հեշտ է լինելու աշխատելը:

Ինչ վերաբերում է, Մ. Մովսեսյանի ձեւակերպմամբ՝ «այս խաղին» ձայնակցած պալատական մտավորականների մտահոգությանը՝ կապված հեռուստաեթերի բովանդակության, հեռուստաեթեր ներմուծված փողոցային լեզվի, ազգապահպանության, արժեքային համակարգի եւ մատաղ սերնդի դաստիարակության հետ, ապա Մ. Մովսեսյանը նկատեց. «Մշակույթը պահելու համար ոմանց գանգի տրեպանացիա պետք է անել: Այլ կերպ իրավիճակը չի փոխվի, որովհետեւ այն մարդը, որն այդ միջավայրի ծնունդ է եւ հիմա դարձել է հեռուստաընկերության տեր, այլ բան անել ու մատուցել չի կարող»,- հայտարարեց Մ. Մովսեսյանը՝ կարծիք հայտնելով, թե այս ոլորտում սեփականության վերաբաշխումն էլ իրավիճակը չի փոխի, որովհետեւ նույն այդ հեռուստաընկերությունների սեփականատերերի մակարդակը նրա նախորդներից ավելի բարձր չի լինելու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728