Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՂՋԻԿ ՓԱԽՑՆԵԼԸ ԶՈՒՏ ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԵՎՈՒՅԹ Է

Փետրվար 24,2009 00:00

Քահանայի խոսքերով՝ ոչ մի ուրիշ երկրում նման բան չկա

Հայերի մեջ աղջիկ փախցնելու սովորույթը գալիս է հնուց: Այդ քայլին դիմողները ոչ միայն սովորական մարդիկ են, այլեւ բժիշկներ, քաղաքական գործիչներ, երգիչներ, դերասաններ ու նույնիսկ հոգեւոր սպասավորներ: Ինչպե՞ս է ընդունում Հայ առաքելական եկեղեցին փախուստի դիմած զույգերին, օրհնվո՞ւմ են նրանք, թե՞ ոչ, կա՞ պատիժ այդ քայլին դիմող զույգերի համար: Այս հարցերի շուրջ զրուցեցինք Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու հոգեւոր սպասավոր տեր Շմավոն քահանա Ղեւոնդյանի հետ: Նրա խոսքով՝ Հայ առաքելական եկեղեցու կանոններին դեմ է փախուստը. «Այդ քայլին դիմող սիրող զույգերի կարծիքով, դա է միակ ելքը՝ սերը փրկելու: Սա սխալ կարծիք է: Կա երկու մեկնակետ, ըստ որոնց՝ փախուստը լիարժեք սխալմունք է: Առաջինը՝ ծնողական տեսանկյունն է. եթե ծնողական օրհնությունն ու համաձայնությունը չկա, ապա ինչպե՞ս պետք է այդ ընտանիքը հետագայում գոյատեւի: Համոզված եմ՝ տարիների ընթացքում այդ ընտանիքներում խնդիրները ժամանակից շուտ գլուխ կբարձրացնեն, վեճերն անխուսափելի կլինեն՝ հիմքում նույն բովանդակությամբ խոսքեր՝ դու ինձ փախցրիր, տղան էլ կասի՝ այդ դու փախար, չէիր ուզում, չփախչեիր… Եվ, ի վերջո, սա կբերի ընտանիքի քայքայման: Իսկ զուտ հայկական մենտալիտետից ելնելով, աղջիկն արդեն ետդարձի ճամփա չի ունենա. ոչ մի ծնող էլ չի համակերպվի այն մտքի հետ, որ իր աղջիկը փախել է եւ ետ եկել»: Ըստ տեր Շմավոնի, երկրորդ տեսանկյունը քրիստոնեականն է. «Պսակադրության արարողության ժամանակ եկեղեցին պահանջում է ծնողների ներկայությունը: Ծնողների ներկայությունն արդեն իսկ խոսում է համաձայնության մասին, իսկ բացակայության դեպքում ենթադրվում է, որ տվյալ ծնողը չի տվել իր օրհնությունը: Օրինակ, նշանադրության ժամանակ տղայի ծնողներն են գնում աղջկա տուն, սա նշանակում է, որ երկկողմանի համաձայնություն կա ծնողների կողմից, եւ որ իրենք օրհնում են իրենց զավակների միությունը: Ինչո՞ւ են սիրահար զույգերը դիմում փախուստի. որպեսզի բռնի ուժով կամ աղջկա համաձայնությամբ կայանա նրանց «գիշերը» եւ ոչ պաշտոնապես նրանք համարվեն ամուսիններ, այս պարագայում արդեն ծնողները ճարահատյալ ընդունում են նրանց միությունը: Սակայն սա ելք չէ, ամեն պարագայում էլ հնարավոր է գալ համաձայնության: Չեմ ժխտում, հանդիպում են դեպքեր, երբ ծնողները խանգարում են զավակների միությանը՝ շահադիտական նպատակներով: Այնուամենայնիվ, փախուստի դիմած զույգերին Հայ առաքելական եկեղեցին առանց ծնողների չի օրհնում եւ պսակադրություն չի իրականացնում»: Տեր Շմավոնը նշում է նաեւ աղջկա անարատության պայմանը. «Ժամանակին գյուղական, ծխական համայնքներում ամեն գյուղի քահանա, պսակադրություն իրականացնելուց առաջ, հետաքրքրվում եւ տեղեկանում էր՝ ինչ ընտանիքի աղջիկ է ամուսնանում, կո՞ւյս է, թե՞ ոչ, անարատ կյանքո՞վ է ապրել, թե՞ անբարոյական, եւ մի բացասական տեղեկություն էլ իմանալով՝ չէր տալիս իր օրհնությունն ու չէր իրականացնում պսակադրությունը: Պսակադրության խորհուրդը ողջախոհությունն է, գիտակցումը, որ անարատ պետք է լինես եկեղեցի մտնելիս եւ պսակադրվելիս: Ահա թե ինչու եկեղեցի մտնելիս աղջիկը պետք է կույս լինի, մաքուր: Իսկ այսօր անհնար է պարզել աղջկա ինքնությունը, թե մինչ այդ նա ինչ կյանքով է ապրել, բարոյական կերպա՞ր է, թե՞ ոչ»: Պատժելու մասին էլ տեր Շմավոնը նշեց. «Պատժել հարկավոր է զավակներին, որպեսզի նրանք գիտակցեն, թե ինչ է նշանակում ծնողի կամքին հակառակվելը: Բայց եւ չպետք է դեմ գնալ որդու կամ աղջկա զգացմունքներին, պետք է դրանք հարգել եւ ընդունել»: Քահանա Ղեւոնդյանի մեկնաբանմամբ, աղջիկ փախցնելը զուտ հայկական երեւույթ է. «Ոչ մի երկրում չես տեսնի նման բան: Հաճախ հանդիպում են դեպքեր, երբ երեխաներն ամուսնանում եմ, իսկ ծնողներն անգամ տեղյակ չեն լինում այդ մասին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728