Լրահոս
Օրվա լրահոսը

Բրուցելոզը հասել է Գեղարքունիք

Փետրվար 26,2009 00:00

Մարզերում արձանագրվում են ոչ միայն կենդանիների, այլ նաեւ մարդկանց՝ բրուցելոզով վարակվելու նորանոր դեպքեր

\"\"
Բրուցելոզով չվարակվելու համար փողոցից կաթ ու մածուն մի գնեք:

Հանրապետության Սյունիքի եւ Շիրակի մարզերի անասունների շրջանում տարածված բրուցելոզ հիվանդությունը փոխանցվեց նաեւ մարդկանց:

Չնայած գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուների այն հավաստիացումներին, որ վիճակը մեղմելու եւ վարակի տարածումը կանխելու համար միջոցառումներ են իրականացնում, հիվանդությունը արդեն գլուխ է բարձրացրել նաեւ Գեղարքունիքի մարզում: «Առավոտը» Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանից հետաքրքրվեց, թե մարզի ո՞ր համայնքներում է տարածվել բրուցելոզը եւ արդյո՞ք մարդկանց վարակի դեպքեր հայտնաբերվել են: Մեզ հետ զրույցում Ն. Պողոսյանը կտրականապես հերքեց, որ մարզում բրուցելոզի դեպքեր կան, ավելին՝ նա ասաց, որ կես ժամ առաջ մարզպետարանի գյուղվարչության հետ խորհրդակցության է եղել, եւ իրեն այդ մասին ոչինչ չեն տեղեկացրել: Սակայն հանրապետության գլխավոր վարակաբան Արա Ասոյանը Գեղարքունիքում բրուցելոզի վարակի վերաբերյալ այլ տվյալներ ուներ: Մեզ հետ զրույցում պարոն Ասոյանն ասաց. «Այդ մարզում բրուցելոզը վաղուց կար, եւ այն արդեն անցել է մարդկանց: Հիվանդությունը տարածում է գտել հատկապես Շորժայի կողմերում»: Գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության եւ անասնաբուժության պետական տեսչության պետ Գրիշա Բաղիյանն էլ պնդեց, որ Գեղարքունիքի մարզում նման խնդիր չկա. «Հանրապետությունում կան հատուկենտ դեպքեր, որոնք չի կարելի համարել պրոբլեմային: Այդ մարզում մենք նման հարցեր չունենք»: Մեր հարցին, թե բրուցելոզի պատճառով հարկադիր սպանդի ենթարկված անասունների տերերին փոխհատուցում տրվելո՞ւ է, Գ. Բաղիյանը պատասխանեց. «Կառավարության համապատասխան որոշում չկա, որով փոխհատուցում իրականացվի: Սակայն գյուղատնտեսության նախարարությունը հիմնադրամ է ստեղծում, որը զբաղվելու է այդ հարցերով: Շուտով մենք հիմնադրամի կանոնադրությունը կներկայացնենք կառավարություն: Բացի այդ, հիվանդ անասունին սպանելուց հետո գյուղացին մսի դիմաց գումար ստանում է, սակայն մի փոքր տուժում է, դա էլ հաշվի կառնվի այն ժամանակ, երբ հիմնադրամը սկսի գործել»: Բրուցելոզով վարակվելուց խուսափելու համար Գ. Բաղիյանը մարդկանց խորհուրդ տվեց չգնել փողոցում վաճառվող մթերքներ, մասնավորապես՝ կանթնամթերք. «Կամ եթե գնում եք, պահանջեք ստուգման թերթիկը»:

Նշենք նաեւ, որ, մասնագետների հավաստմամբ, բրուցելոզը չբուժվող խրոնիկ հիվանդություն է, որն ախտահարում է հիմնականում հոդերը եւ մարդուն դարձնում հաշմանդամ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել