Լրահոս
Օրվա լրահոսը

«ԾՈՎԻՑ ԾՈՎ ՀԱՅԱՍՏԱՆ ՈՒ ԴՐԱԽՏԱՅԻՆ ԿՅԱՆՔ»

Մարտ 03,2009 00:00

Այսպիսի հայրենիք կուզենար նախկին ազատամարտիկ ու զինվոր Արթուր Սարգսյանը

Արթուր Սարգսյանը այն մարդկանցից է, ում երիտասարդությունը համընկավ իր երկրի ճակատագրական ժամանակաշրջանին: Եվ դա պատահականություն չէր, ինչպես եւ պատահականություն չէր այն բազում նվիրյալների աշխարհ գալը, ովքեր պիտի շրջեին պատմության անիվը: Նրանցից շատերը իրենց մոռացված են համարում: Բայց եթե ընկճվում էլ են, երբեք հայրենիքի «երեսովը չեն տալիս» իրենց արածը: Այդպիսի մարդկանց հեշտ է տարբերել բազմության մեջ՝ նրանք խորհում, ապրում ու գործում են ազնվությունն ու մաքրությունը ուղեցույց դարձրած: Արթուրն այսօր խաղաղ ու ստեղծագործ աշխատանքի է լծվել, աշխատում է ԼՂՀ վիճակագրական ծառայությունում: Ետեւում են մնացել պատերազմն ու բանակային առօրյան, 1997 թվականին մայորի կոչումով զորացրվել է: Ուզում է, որ մեր հասարակությունը կարողանա թացը չորից տարբերել, որ ամեն ինչ այնպես լինի, որ իրեն խեղճացած ու մոռացված չզգա երկրի պաշտպանը: Եվ պատահական չէ, որ արցախյան շարժման ակտիվ մասնակից, պայքարի զինվոր, հրամանատար Արթուր Սարգսյանը մեր զրույցում տվեց մարդկանց անուններ, ովքեր առաջիններն էին, ովքեր անարդարության դեմ պայքարում էին արդարությամբ:

– Փետրվարյան հերոսական այն օրերից իմ հիշողությունից չեն հեռանում Արթուր Մկրտչյանի, Էմիլ Աբրահամյանի, Մանվել Սարգսյանի, Իգոր Մուրադյանի, Գագիկ Սադխյանի, Նելլի Կասպարովայի, Վիգեն Գրիգորյանի դեմքերը: 1988թ. փետրվարյան օրերին դիզակցիների հոգում զարթնեց հաստատակամության, համախմբվածության ու կարգապահության աստվածը: Մարդուն ազատ ապրելու եւ արարելու ի վերուստ տվածը դարձավ օրվա հրամայականը, որ ապագայի համար պայքարելու ուժ, կամք ու հավատ ներշնչեց:

– Իսկ հիշո՞ւմ եք, թե Ձեզ համար ինչպես սկսվեց Շարժումը:

– 1988 թ. փետրվարի սկզբներին ես՝ նախկին սովետական բանակի սպա, ծառայում էի Վրաստանում, առիթը բաց չթողնելով, գործուղվեցի Հայաստան ու այնտեղից ճանապարհվեցի Արցախ: Փետրվարի 12-ին Հորադիզի երկաթգծի կայարանից տաքսիով (իմիջիայլոց՝ վարորդը ադրբեջանցի էր) հասա Հադրութ: Ժամը 23-ի կողմերն էր: Առաջինը, որ նկատեցի, այդ ժամվա համար քաղաքի անսովոր աշխուժությունն ու ակտիվությունն էր: Մեքենայից իջնելիս նկատեցի, որ ժողովուրդը շարժվում է դեպի շրջկոմի շենքը: Միանալով նրանց՝ ներկայացա հավաքատեղի, այստեղ հանդիպեցի իմ հին ընկերներին, որոնց հետ դեռ մինչեւ բանակ զորակոչվելը երդվել էինք, որ մեր շարժումը կշարունակենք այնքան ժամանակ՝ մինչեւ Արցախը չմիացնենք մայր Հայաստանին:

– Երկրի համար այդ դժվարին օրերին Դուք ստանձնեցիք ինքնապաշտպանական ջոկատի հրամանատարի, ապա՝ 1992 թ. մինչեւ 1994-ի մայիսը, գումարտակի հրամանատարի գործը: Ի՞նչն է հատկապես հիշարժան:

– Պատերազմի գրեթե ամեն օրը հիշվող է, բայց ավելի վառ հիշողությանս մեջ մնացել է Սարին Շենի ազատագրումը: 1991 թ. նոյեմբերի 16-ն էր: Սարին Շենը մի քանի ամիս շարունակ ազերիների գերության տակ էր, գտնվելով բարձունքի վրա, այն նաեւ Հադրութի համար շատ հարմար կրակակետ էր: Իսկ մենք՝ թվով 22-23 հոգի, այսինքն՝ մի ջոկատ, որը ղեկավարում էի ես, առաջին անգամ էինք գնում նման լուրջ մարտական գործողության: Ես չեմ մոռանում այդ օրվա ոգին, մեզանից շատերը հենց այդ օրը ստացան իրենց մարտական մկրտությունը: Դա հաղթանակի բերկրանք էր, աննկարագրելի էր ոգեւորությունը: Գյուղն ազատագրելուց հետո Արթուր Մկրտչյանը, որ այդ ժամանակ շտաբի պետն էր, եկավ ու հենց գյուղի բարձունքին խնջույք կազմակերպեց ազատամարտիկների համար:

– Արդյոք, իրականացե՞լ են այն օրերի երազանքները:

– Մասամբ՝ այո: Ցավոք, այդ երազանքների իրականացումը շատ թանկ է արժեցել մեր ժողովրդին: Շատ կորուստներ ենք ունեցել, հազարավորների արյունն է թափվել: Ձեռքբերումների հետ մեկտեղ, մնացել են նաեւ անկատար իղձեր:

– Որո՞նք են դրանք:

– Առաջինը այն, որ մենք հոգեբանորեն դեռ չենք ընկալում, որ Արցախը մաս է կազմում Մայր Հայաստանին: Երկրորդ՝ մեր պայքարը քաղաքական, պետական, ազգային եւ, ինչու չէ, նաեւ պահանջատիրական դաշտում դեռ չի ավարտվել: Երրորդ՝ մեզ ընդունում են ոչ թե որպես սուբյեկտի, այլ որպես օբյեկտ, որի հետ կարելի է խաղալ: Չորրորդ՝ արագ չենք կողմնորոշվում աշխարհաքաղաքական իրադրություններում:

– Ինչպիսի՞ն կուզենայիք տեսնել Ձեր կերտած հայրենիքը:

– Ծովից ծով Հայաստան ու դրախտային կյանք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել