Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՈՐ ԿՅԱՆՔ՝ ՆՈՐ ԱՐՏԱՔԻՆՈՎ

Մարտ 20,2009 00:00

\"\"Պլաստիկ վիրահատությունից հետո մարդիկ ինքնավստահ են դառնում

Գեղեցիկ մարմին ու տեսք ունենալը ցանկալի է բոլորին, իսկ կանանց համար՝ առավել եւս: Վիճակագրական որոշ տվյալների համաձայն, միջին տարիքից բարձր կանանց 80%-ը հիվանդագին է ընդունում ու նույնիսկ դեպրեսիա ապրում, երբ դեմքին սկսում են կնճիռներ հայտնվել, եւ երբ երիտասարդ մաշկը կամաց-կամաց սկսում է «թառամել»: Հին ժամանակներում մաշկի տարիքային փոփոխությունները մարդիկ ընդունում էին որպես անխուսափելի եւ ճակատագրական մի փաստ: Քիչ ավելի ուշ՝ մարդը, հասկանալով մաշկի ծերացման հիմնական պատճառները, ավելի ըմբռնումով սկսեց մոտենալ այդ հարցին: Այս եւ այլ խնդիրները չպետք է ցավագին ընդունել, որովհետեւ 21-րդ դարում բարձր տեխնոլոգիաները այդ ամենը հեշտությամբ շտկում են՝ պլաստիկ վիրահատությունների միջոցով: Չնայած ենթադրվում էր, որ պլաստիկ վիրահատության դիմողները Հայաստանում այնքան էլ շատ չէին լինի, սակայն փաստացի տվյալներն այլ բան են ասում: Պլաստիկ վիրահատության դիմողներն էլ ոչ միայն միջին եւ ավելի տարիք ունեցողներն են, որոնք ցանկանում են երիտասարդանալ, այլեւ՝ երիտասարդներ, որոնց դուր չի գալիս, ասենք, իրենց քիթն ու դիմում են բժշկական միջամտության:

\"\"Հայաստանում պլաստիկ վիրահատությունների մեծ մասը քթի վիրահատություններն են: Տվյալների համաձայն, օրինակ, 3-րդ կլինիկական հիվանդանոց՝ քթի վիրահատության համար տարեկան 200 հաճախորդ է դիմում, որոնք էլ հիմնականում շատ երիտասարդ աղջիկներ են լինում: Քթի վիրահատությունն իրականացվում է հետեւյալ կերպ. քթի ոսկորների, աճառների հեռացման, հարթեցման կամ տեղափոխման միջոցով կատարվում է քթի կմախքի արտաքին կոնտուրների փոփոխություն: Այս տեսակի վիրահատությունը սովորաբար իրականացվում է 18 տարեկանից հետո՝ երբ քթի կմախքի ձեւավորման շրջանը մոտենում է իր ավարտին: Պլաստիկ վիրահատությունը իրականացվում է միայն տեղական անզգայնացումից հետո: Վիրահատությունը սովորաբար տեւում է 1,5-2 ժամ: Վիրահատությունից 7-10 օր անց վիրահատվածի դեմքը ծածկվում է գիպսե կամ սպեղանու վիրակապով: Իսկ հետվիրահատական արյունահոսությունը դադարեցնելու համար քթի մեջ դրվում են տամպոններ, որոնք հեռացվում են 1-ից 3 օր ժամանակահատվածում: Ստացիոնար բաժանմունքում գտնվելու ժամանակահատվածը կազմում է 3-10 օր: Դեմքի վրա գոյացած տարբեր աստիճանի կապտուկներն ու այտուցները 90%-ով անցնում են միայն երկու շաբաթվա ընթացքում: Դեմքն ամբողջությամբ մաքրվում է այտուցներից մոտ 6 ամիս անց:

Հայերը վերջին տարիներին սկսել են նաեւ պլաստիկ վիրահատություններ կատարել դեմքի կառուցվածքը փոխելու ու նաեւ երիտասարդացման համար: Կարելի է ասել, որ պլաստիկ վիրաբուժությամբ գեղեցկանալու մշակույթն արդեն ձեւավորվել է նաեւ մեզանում, ինչն էլ հավանաբար վկայում է կենսամակարդակի փոփոխության մասին: Չնայած շատերն են ցանկանում պլաստիկ վիրահատությամբ իրենց դեմքի եւ մարմնի վրա որոշ բաներ շտկել, սակայն դրանք իրականացնելն այնքան էլ մատչելի չէ ու ոչ բոլորին հասանելի: Սովորաբար ընդունված է կարծել, թե հիմնականում շոու-բիզնեսի ներկայացուցիչներն են դիմում պլաստիկ վիրահատությունների, բայց պետք է նշել, որ հայ աստղերն այս առումով էլ արդեն ոչ ոքից հետ չեն մնում: Իսկ ամենաշատ պլաստիկ վիրահատություններ կատարվում են ԱՄՆ-ում, Բրազիլիայում եւ Ֆրանսիայում, որտեղ էլ նման վիրահատությունները սկսվում են $5000-10000-ից: Գեղեցիկ արտաքինը ինքնավստահություն է, սովորաբար այսպես են ասում բնության սխալները շտկող վիրաբույժները: Հայ բժիշկների կարծիքով, այժմ պլաստիկ վիրահատությունների առումով մենք գրեթե ոչնչով չենք զիջում աշխարհին: Նշենք նաեւ, որ բացի գեղագիտական կարիքներից, պլաստիկ վիրահատության դիմում են նաեւ լուրջ պրոբլեմներ ունեցող մարդիկ: Ըստ տվյալների, Հայաստանում մեծ թիվ են կազմում բնածին արատներով ծնունդները՝ գայլի երախով, նապաստակի շրթունքով, ոտնաթաթերի ձեւախեղումներով երեխաները: Ըստ բժիշկների, չնայած այս վիրահատությունները ընդհանուրի 5-6%-ն են կազմում՝ արատները հաջողությամբ շտկվում են:

Վերջին տարիներին պլաստիկ վիրաբուժության ծառայություններից օգտվող մարդկանց թիվը աճում է: Երեւույթը բացատրվում է հասարակության մեջ հետաքրքրությունների, կյանքի որակի հանդեպ վերաբերմունքի եւ գեղեցկության ընկալման փոփոխություններով: Եթե տարիներ առաջ որոշ մարդիկ հանդես էին գալիս ընդդեմ պլաստիկ վիրահատության, ապա այժմ շատ քիչ մարդիկ կգտնվեն, որոնք բացասական վերաբերմունք կունենան բժշկության այս մեթոդի հանդեպ: Մասնագետների խոսքերով, պլաստիկ վիրահատության էֆեկտիվ ելքը սովորաբար կախված է տեխնիկական միջոցների բարձր որակից եւ վիրաբույժի վարպետությունից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել