Լրահոս
Օրվա լրահոսը

Խճճվել են Գեւորգյանների մեջ

Ապրիլ 07,2009 00:00

Երեւանի ավագանու ընտրությունների նախընտրական շրջանի պաշտոնական մեկնարկը կտրվի մոտ մեկ ամիս հետո, բայց ընտրարշավի հիմնական մասնակիցների համար այն վաղուց արդեն կարծես տրված է: Եվ պատահական չէ, որ, վերլուծաբանների կանխատեսմամբ, երեւանյան ընտրությունները հարուստ են լինելու նոր քաղաքական տեխնոլոգիական հնարքներով եւ մեզանում դեռեւս «չտեսնված» PR «գլուխգործոցներով»: Ասվածի վառ վկայությունն է օրերս Դավիթաշեն համայնքում ընտրապայքարի մասնակիցներից մեկի կողմից ակտիվորեն կիրառվող նախընտրական մարտավարությունը: Ըստ մեր խմբագրությանը դիմած համայնքի որոշ բնակիչների, այս օրերին իրենց բնակարան են այցելում «ագիտատորների» խմբեր, որոնք բառացիորեն հայտարարում են, որ «իրենք քարոզում են ԲՀԿ-ի օգտին եւ աշխատում են Գեւորգյանի համար»: Տեխնոլոգիական «նոու հաուն» այստեղ կայանում է նրանում, որ չի նշվում թե հատկապես ո՞ր Գեւորգյանի համար: «Գաղտնիքն» այստեղ այն է, որ Դավիթաշենի գործող թաղապետ Արթուր Գեւորգյանը հանդիսանում է նաեւ այդ համայնքի ՀՀԿ կառույցի ղեկավար եւ կուսակցության խորհրդի անդամ, մինչդեռ նրա հորեղբայրը՝ նախկին թաղապետ Ռուբեն Գեւորգյանը, հանրությանը ավելի շատ հայտնի որպես «Ծաղիկ Ռուբո», Դավիթաշենի ԲՀԿ կառույցի ղեկավարն է: Պետք է նկատենք, որ այս հնարքը, իհարկե, որոշակի խառնաշփոթ առաջացնում է համայնքի բնակչության շրջանում: Ստեղծված իրավիճակի շուրջ մեկնաբանություններ ստանալու ակնկալիքով դիմեցինք անմիջապես Դավիթաշեն համայնքի ղեկավար Արթուր Գեւորգյանին:

Ի պատասխան մեր հարցի, թե ինչո՞վ է պայմանավորված այն, որ կոալիցիոն «դաշնակիցը» նախընտրական իր մարտավարության մեջ օգտագործում է հենց նման հնարքը, գործող թաղապետ Արթուր Գեւորգյանը պատասխանեց, «Սովորաբար նմանատիպ ընտրությունների ժամանակ իշխանության մաս կազմող որոշ ուժեր ունենում են երկու մարտավարություն: Եթե, ըստ իրենց ուսումնասիրությունների, տվյալ համայնքի կամ քաղաքի բնակչությունը դժգոհ է լինում համայնքապետից կամ քաղաքապետից, ապա նրանք ընդունում են ընդդիմադիր կեցվածք եւ փորձում են սահմանազատվել գործող իշխանությունից: Իսկ եթե բնակչությունը գոհ է, ապա հակառակը՝ փորձում են նույնացվել այդ իշխանության հետ: Նախկինում, օրինակ, ավելի շատ ընդունված էր, երբ նույն ազգանունով թեկնածու են առաջադրում, որպեսզի քվեաթերթիկում խառնաշփոթ առաջանա: Ամեն դեպքում տվյալ փորձերը ցույց են տալիս, որ ՀՀԿ-ի մրցակիցը փորձում է մեր աշխատանքի դիվիդենդների առնվազն մի մասը իրեն վերագրել եւ դրանով ինչ-որ ձայներ պոկել մեր ընտրազանգվածից: Բայց փոքր-ինչ տարօրինակ է, որ մեր «գործընկերները» նույն ջանասիրությամբ եւ հնարամտությամբ աչքի չեն ընկնում ընդդիմության դեմ նախընտրական պայքարում, սա, կարծում եմ, լուրջ մտորումների տեղիք է տալիս»:

Արթուր Գեւորգյանը նշեց նաեւ, որ գուցե ԲՀԿ-ականներն այսօր օգտվում են այն հանգամանքից, որ վերջերս մամուլում մի քանի անգամ սխալմամբ նշվել էր, որ իբր ինքը՝ գործող թաղապետը, ԲՀԿ անդամ է, ինչը, սակայն, ոչ մի անգամ պաշտոնապես չէր հերքվել: «Առիթից օգտվելով, ուզում եմ պաշտոնապես հայտարարել, որ ես երբեք ԲՀԿ անդամ չեմ եղել, եւ առնետավազքը բացարձակապես իմ ոճը չէ, պարզապես լրագրողներից ոմանք՝ հույս ունեմ, որ զուտ թյուրիմացաբար, խճճվել են երկու կուսակցությունների տեղական կառույցների ղեկավարների միջեւ»,- ամփոփեց Արթուր Գեւորգյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել