Լրահոս
Օրվա լրահոսը

ԷՍ ԻՆՉ ԵՆՔ ԱՆՈՒՄ ՀԱՅԵՐՈ՜Վ

Ապրիլ 07,2009 00:00

Հերթական համահայկական մրցանակաբաշխությունը՝ Կրեմլում

Ապրիլի 4-ին դարձյալ Մոսկվայի Կրեմլյան պալատում կայացավ «Տաշիր-2009» երաժշտական մրցանակաբաշխությունը, որը ժամեր շարունակ Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում էր, եւ, ինչպես տաշիրցիներն էին նշում, այն դիտում էր 137 երկիր: Թե ինչու էր 137 երկրի հայերի համար միջոցառումը վերջին ժամերին անցկացվում միայն ռուսերեն, դա այլ թեմա է: Ներկայացվեց նաեւ ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ուղերձի տեսագրությունը, որտեղ նա ասում էր, թե փառատոնը հայ-ռուսական բարեկամության յուրօրինակ հաշվետվություն է:

Ինչպես նախորդ տարիներին, այս անգամ էլ «Տաշիրը» «խոպանի» հրաշալի առիթ հանդիսացավ շոու-բիզնեսի այն ներկայացուցիչների համար, որոնց միջոցառման կազմակերպիչ «Արարատ պրոդաքշընը» համարում է յուրային:

«Տաշիր-2009»-ն էլ նշանավորվեց ՌԴ պետդումայի փոխխոսնակ Վլադիմիր Ժիրինովսկու բոցաշունչ ելույթով, որը հնչեց Լուսինե Մարտիրոսյանի նկարած «Կիլիկիա» երգի տեսահոլովակի մրցանակը հանձնելիս: «Սա ոչ թե տարվա տեսահոլովակ է, այլ ես կասեի՝ դարի»,- հայտարարեց Վլադիմիր Վոլֆովիչը, ձեռքի հետ հայհոյեց թուրքերին, խոստացավ Պետդումայում հիշեցնել, որ «մոտենում է այդ օրը (ապրիլի 24-ը- Գ. Հ.)»: Նա ափսոսաց, որ հայերը Ռուսաստանի նման լայնարձակ դաշտեր չունեն Կուլիկովյան ճակատամարտ իրականացնելու համար՝ «ախր ո՞նց կռվեք՝ ամբողջը լեռներ են»: Բայց մխիթարեց, որ հայերը խելոք ժողովուրդ են, նրանց ստամոքսը չի գերակշռում ուղեղը, դրա համար էլ արժանի են, որ Եռագույնը փողփողա Արարատի ու Արցիխի (նկատի ունի Արցախը) վրա: Վ. Ժիրինովսկին նշեց, որ հայերը խելացի են, որովհետեւ ռուսների ռազմավարական գործընկերն են մնացել, ի տարբերություն մյուս երկրների, որոնց ռուսները փրկեցին ֆաշիստներից, իսկ այդ ապերախտները ՆԱՏՕ են խցկվում: Բնականաբար, նմանօրինակ ամբոխահաճությունը չէր կարող անտարբեր թողնել ներկաներին, ողջ դահլիճը ծափահարում էր ու երանության մեջ էր. կարծես Ժիրինովսկին կախարդական փայտիկով բոլոր հարցերը լուծելու էր:

Մրցանակներ տրվեցին 21 անվանակարգերում՝ ինչպես հայտնի անունների, այնպես էլ անհայտների ու չերգող երգիչների: Օրինակ, Արմինկային բաժին հասավ «Տարվա ալբոմը», «Տարվա հիթը»՝ Սիլվա Հակոբյանի «Կանաչ-կարմիր շորերովն» էր, «Տարվա հայտնությունը»՝ Սիրանուշ Գալստյանը եւ այլն: «Հայ տղեքի» Միշոն էլ մրցանակ ստացավ հիփ-հոփ ոճում հանդես գալու համար: Նրա «Էս իմ Էրեւանն ա» կատարումը, մեղմ ասած, հաջողվածներից չէր: Նրան մրցանակ հանձնելու համար հրավիրված երգիչ, կոմպոզիտոր Մարկ Տիշմանը մի կտոր ակապելլա երգեց, հավանաբար ակնարկելով, որ բեմի վրա գոնե մի քիչ երգում են, ոչ թե գոռգոռում: Այլ էր դահլիճի վերաբերմունքը Համլետ Գեւորգյանի ելույթի ժամանակ, մեծից փոքր պարում էին, բրավոներն ու ծաղկեփնջերն էլ չէին սպառվում: Մրցանակ ստացավ նաեւ սիրված դերասան Աշոտ Ղազարյանը՝ «Հայկական էստրադայում ունեցած ավանդի համար»: Չնայած նրա երգը փայլուն չէր, անեկդոտներն էլ հնացած էին, բայց դահլիճը ջերմ արձագանքեց՝ Ղազարյանի հին դափնիներն էին մեղավոր:

Քանի որ «Տաշիրի» կազմակերպիչ «Արարատ պրոդաքշընի» գլխավոր պրոդյուսեր Վալերի Սարյանը երգիչ եւ համերգավար Սամվել Գրիգորյանի մտերիմն է, այս մրցանակաբաշխությանը անպայման մասնակցում էր Սամվելի քույրը՝ վոկալ համեստ տվյալներով Արմինեն: Թյուրիմացաբար, թե միտումնավոր նրան ներկայացրին որպես ՀՀ ժողովրդական արտիստուհի: Արմինե Գրիգորյանն ասաց, որ ինքը ժողովրդական արտիստուհի չէ, բայց ով գիտե՝ գուցե ասելուց հետո հետագայում դառնա: Արմինեն երգեց իր հին երգերից մեկը՝ «Երեւանի սիրուն տղան»՝ առանց վերջին հատվածի: Երգը այլ տեքստ ուներ եւ խմբագրված հատվածը ժամանակին վերաբերում էր ՀՀՇ լիդերներին:

Նունե Եսայանը ճանաչվեց «Հայ փոփի թագուհի», ստանալով ավտոմեքենայի բանալիներ, իսկ «թագուհու» ամուսնուն՝ Ավո Խալաթյանին, ստիպված ներկայացրին որպես հայ էստրադայում լավագույններից մեկը: Կարճ ասած, իսկական հայկական փառատոն էր, ուր ամեն ինչ տնավարի էր, եւ խոպանի փողերն էլ ախպերավարի իրար մեջ բաժանված: Ճշմարտության դեմ չմեղանչելու համար նշենք, որ եղան գեղեցիկ կատարումներ եւս, ինչպես, ասենք, Եվա Ռիվասինն էր: Փաստենք, որ մրցանակաբաշխությանը որոշ առումով համուհոտ հաղորդեց սկանդալային հեռուստահաղորդավարուհի Թինա Կանդելակին: Նրա սրամտությունները, ի տարբերություն մյուսների, վուլգար ու անհամ չէին, իսկ հայերենի իմացությունն ավելի էր օգնում հայկական լսարանի հետ աշխատանքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930