Լրահոս
Օրվա լրահոսը

Ծառուկյանի կալանքը քաղաքական հաշվեհարդար է. Էդուարդ Շարմազանովի գնահատականը

Նոյեմբեր 04,2026 15:41 Share
Աջակցեք aravot.am-ին

«Եթե դատարանն առաջնորդվեր իրավական գործընթացներով և իրոք պաշտպաներ արդարադատությունը, Գագիկ Ծառուկյանը ոչ պետք է կալանավորվեր այս գործով, ոչ էլ ձերբակալվեր։ Փաստաբանների հրապարակած փաստերն ու ձայնագրությունները խոսում էին այն մասին, որ այս մարդն անմեղ է»,- «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը:

 

«Սա բացահայտ քաղաքական ռեպրեսիա է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահի նկատմամբ, որը միակողմանի է և հստակ ուղղված է նրա քաղաքական գործունեության դեմ։ Մենք բոլորս այստեղ ենք արդարադատության ակնկալիքով, որովհետև արդարադատությամբ առաջնորդվելու դեպքում (և ոչ թե քաղաքական իշխանության կապրիզներով, շանտաժներով ու հրահանգներով) Գագիկ Ծառուկյանի կալանքը ոչ միայն չպետք է երկարացվեր, այլեւ, ինչպես իրավապաշտպաններն են նշում, օրենքի տառը պահպանելու դեպքում նույնիսկ չպետք է ձերբակալվեր, էլ չեմ խոսում նման անմարդկային կալանավորման մասին։

Չնայած այս մեծ ռեպրեսիաներին՝ Ծառուկյանը պինդ կանգնած է իր ազգային արժանապատվության և արժեքների կողքին։ Նա կալանավայրից հասարակությանը հստակ մեսիջներ է հղում, որ ինքը ոչինչ ապօրինի չի արել, կանգնած է Հայաստանի անկախության կողքին և այնտեղից շատ ավելի պարզ է ներկայացնում այն վտանգները, որոնց առաջ կանգնած է Հայաստանը, և թե ինչու են իրականացվում այս քաղաքական բռնաճնշումները։ Ազատություն եմ մաղթում և՛ Գագիկ Ծառուկյանին, և՛ բոլոր քաղաքական բանտարկյալներին՝ առանց բացառության»,- ասաց Շարմազանովը։

Նրա ձևակերպմամբ՝ Փաշինյանի նպատակը մեկն է՝ վախեցնել ընդդիմադիրներին, նախ՝ խորհրդարանական, հետո նաև այն բոլոր գործիչներին, ովքեր ընդդիմանում են Ալիևի պահանջով նոր սահմանադրության ընդունմանը։

 

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել