Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՌԱԿՏՎԱԾՈՒԹՅԱՆ ՎՆԱՍՆԵՐԸ

Ապրիլ 09,2009 00:00

Հայ-թուրքական սահմանը կարող էր բացվել դեռեւս 2006-ին

Հայ-թուրքական սահմանի բացման մասին խոսում են բոլորը, սակայն ընդամենը երկու ծայրահեղ դիրքերից: Առաջին, որ սահմանի բացումը ձեռնտու է մեզ, երկրորդ՝ որ սահմանի բացումը անթույլատրելի է: Մեկ-մեկ կարծիք է հնչում, թե սահմանը փակ է թուրքական կողմից, եւ հենց Թուրքիան էլ պետք է բացի փակ «դուռը»: Քչերին է հայտնի, որ 2006 թվականին Թուրքիան փորձել է բացել կամ գոնե մասամբ բացել փակ սահմանը: Սակայն ոչ թե հայերի նկատմամբ հանկարծ ծնված սիրուց, այլ՝ սեփական ու Ադրբեջանի շահը հետապնդելով: Սահմանը չի բացվել, դրանից շահել է Թուրքիան:

Մեր տրամադրության տակ է Նորվեգիայի արտաքին գործերի թագավորական նախարարության խողովակներով պաշտոնապես տարածված մի փաստաթուղթ, որը վկայում է, որ Թուրքիան նախաձեռնել է հայ-թուրքական մերձեցում: Նշված փաստաթղթով Նորվեգիայի արտաքին գործերի թագավորական նախարարությունը եւ համայնքային զարգացման հարցերով զբաղվող գերատեսչությունը (սույն գերատեսչության անունը նորվեգական փաստաթղթի անգլերեն տարբերակում թարգմանված չէ, ուստի պաշտոնական անունը չենք գրում եւ պայմանականորեն անվանում՝ համայնքային զարգացման գործակալություն- Ա. Զ.) մտքեր են փոխանակում հայ-թուրքական սահմանի բացման մասին: Ուշագրավը փաստաթղթի հենց առաջին տողերում է: «Թուրքիայի իշխանությունների խնդրանքով (ընդգծումն իմն է- Ա. Զ.) եւ որպես ժողովրդավարությունը եւ տեղական ինքնակառավարման մարմինները զարգացնելու Նորվեգիայի քաղաքականության մաս, Նորվեգիան նախաձեռնել է անդրսահմանային համագործակցությանը աջակցության ծրագիր՝ Արեւելյան Թուրքիայի եւ նրան հարակից Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի միջեւ»: Որ թուրք-վրացական եւ թուրք-ադրբեջանական հարաբերություններ կան եւ կայուն զարգանում են, ակնհայտ է, ամենախոսուն եւ վառ վկան էլ՝ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղն է: Թուրք-վրացական եւ թուրք-ադրբեջանական հարաբերությունների զարգացումը կողքից աջակցության կամ սատարող նախաձեռնությունների կարիք չունի: Ուրեմն, եթե վերանանք դիվանագիտական ձեւակերպումներից, ստացվում է, որ Թուրքիան Նորվեգիային խնդրել է օգնել հայ-թուրքական հարաբերությունները գլուխ բերելու հարցում: Թե ինչու հենց Նորվեգիան՝ քիչ ուշ: Իսկ մինչ այդ, եւս մեկ մեջբերում փաստաթղթից. «Հավատում ենք, որ այս անդրսահմանային կապերը կարող են խթանել սոցիալ-տնտեսական զարգացմանը: Առաջին խնդիրն է պարզել փոխշահավետ ծրագրերի հնարավորությունները Թուրքիայի եւ Վրաստանի՝ Կարս, Արդահան եւ Սամցխե-Ջավախեթի, ինչպես նաեւ Սամցխե-Ջավախեթիի եւ Գյումրիի միջեւ: Ներկայումս որեւէ քաղաքական հիմք չկա Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ՝ ուղղակի համագործակցություն սկսելու համար»:

Սա նկատի ունենալով՝ Նորվեգիայի արտաքին գործերի թագավորական նախարարությունը դիմում է Նորվեգիայի համայնքային զարգացման գործակալությանը, սեփական երկարատեւ փորձառության վրա հենվելով, համագործակցել Վրաստանի համայնքային եւ տեղական իշխանությունների հետ, մասնավորաբար՝ Վրաստանի տեղական իշխանությունների ասոցիացիայի հետ, աջակցելու համար հնարավոր ծրագրերին:

Սրա համար Նորվեգիայի արտաքին գործերի թագավորական նախարարությունը համայնքային զարգացման գործակալությանը առաջարկել է վեց քայլ: Առաջինը՝ փաստահավաք խումբ ուղարկել Սամցխե-Ջավախեթի, Գյումրի, Կարս, Արդահան: Հենց սա էլ, հայ-թուրքական հարաբերությունների հաստատման հարցում Նորվեգիային միջնորդ ընտրելու որոշումից հետո, երկրորդ ամենահետաքրքիր պահն է: Մնացած քայլերը՝ որոշում կայացնող տեղական կառույցների ուժեղացում, տեղական ենթակառուցվածքների զարգացում, անդրսահմանային միջոցառումների շարք, անդրսահմանային համագործակցության եվրոպական փորձի փոխանակում եւ այլն, չեն իրականացել: Սկսենք Նորվեգիային միջնորդ ընտրելու հարցից:

Նորվեգիան հարուստ է նավթային պաշարներով: Նորվեգիայում քիչ չեն լեռնային գետերը, որոնց վրա մի քանի տասնյակ ՀԷԿ-եր են կառուցված: Նորվեգիայի արդյունաբերական արտադրանքի «տեսականու» առաջին երկու տեղերում նավթի մշակումն է եւ էլեկտրաէներգիայի արտադրությունն ու արտահանումը: Նորվեգիան իր շահերն ունի Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղում եւ, բնականաբար, շահագրգիռ է նրա անվտանգության հարցում: Իսկ, ինչպես հայտնի է, Բաքու-Թբիլիսի-Ջեյհանը հաջողությամբ կյանքի կոչելուց հետո Բաքուն, Թբիլիսին եւ Անկարան նախաձեռեցին Բաքու-Ախալքալաք-Կարս երկաթուղու, ավելի ճիշտ՝ դրա պակասող հատվածի՝ Ախալքալաք-Կարսի շինարարությունը: Սրան դեմ էր թերեւս միայն Հայաստանը եւ այս նախաձեռնության մասին առաջին անգամ բարձրաձայնելու օրերին լուրեր էին տարածվում, թե Հայաստանը կարող է օգտագործել Ախալքալաքի եւ Սամցխե-Ջավախեթիի հայերին ու տապալել երկաթուղու շինարարությունը: Սա որոշակիորեն կարող էր վնասել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի անվտանգությանը: Հենց այս գործոններն են դարձել որոշիչ, որ ծնվի Թուրքիայի խնդրանքը Նորվեգիային եւ այս տարածաշրջան փաստահավաք առաքելություն ուղարկելու նախաձեռնությունը: Մեր տեղեկություններով, տարածաշրջան է այցելել փաստահավաք երեք նախաձեռնություն, եղել են եւ Թուրքիայում, եւ Ջավախքում, եւ Հայաստանում: Եկել-տեսել են, որ ոչ Հայաստանում, ոչ Ջավախքում հայերը միասնական հայաստանանպաստ եւ հայանպաստ քաղաքականություն չունեն, տարածաշրջանում գործոն չեն, հետեւաբար՝ իրենց տնտեսական շահին որեւէ վտանգ չի սպառնում եւ հանգիստ հեռացել են: Ու անիմաստ է դարձել հայ-թուրքական անդրսահմանային համագործակցության ծրագիրը: Վտանգ չկա՝ ինչո՞ւ փողեր ծախսել:

Այ, եթե գոնե մի քիչ կամ գոնե ամենակարեւոր հարցերում լինեինք այնքան միակամ, որքան ենք երթուղային տաքսիների գծերը մեջ-մեջ անելու պարագայում՝ շատ խնդիրներ այսօր չէին լինի: Իսկ մինչ այդ, մեր հարեւաններ Բաքուն, Թբիլիսին, Անկարան բոլորին շահավետ եւ Հայաստանը շրջանցող ծրագրեր են իրականացնում, հեռավոր Նորվեգիան դրանցից իր շահն է քաղում: Իսկ մենք, որ մեր անհամախումբ գոյությամբ տապալել ենք մեզ շահեկան ծրագիրը, մնում ենք կոտրած տաշտակի առաջ: Ու մեկ էլ՝ դժգոհում մեր հարեւաններից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել