Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանապետն էլ էր այնտեղ. Ի՞նչ է ասել Արամ Հովհաննիսյանը Փարաքար համայնքի նախկին ղեկավարի սպանության գործով մեղադրյալին

Հոկտեմբեր 28,2026 21:15 Share
Աջակցեք aravot.am-ին

Փարաքար համայնքի նախկին ղեկավար Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով դատական նիստի ընթացքում այսօր հարցաքննվել է մեղադրյալ Նարեկ Օհանյանը։

Նա դատարանում պատմել է, որ սեպտեմբերի 25-ին՝ առավոտյան ժամը 10-ի սահմաններում, իրեն զանգահարել են և հայտնել, որ պետք է ներկայանա Էջմիածնի բաժին։

«Ասացին՝ մի հատ պետք է ներկայանաս Էջմիածնի բաժին, ասացի՝ 40 րոպեից այնտեղ կլինեմ։ Առավոտյան ժամը 10-ից մինչև երեկոյան 10-ը այնտեղ եմ մնացել, հեռախոսս վերցրել են։ Այդ օրը մեղադրական բնույթի հարցեր չեն տվել։ Գիշերը՝ ժամը 10-ին, թողեցին, գնացի նույն տեղը, որտեղից եկել էի՝ Երևան։

Դրանից ժամեր անց՝ գիշերը 2-ի կողմերը, երեք ոստիկան նորից գալիս է հետևիցս, բա թե՝ գնանք բաժին։ Ասել եմ՝ հա, իջել ու իրենց հետ գնացել եմ բաժին։ Ինձ տարան էլի Էջմիածնի բաժին։ Մի քանի ոստիկան կար բաժնում, ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանն էլ էր այնտեղ։ Ասում էր՝ դու ես։ Ասում եմ՝ չէ՛, ես չեմ։ Նորից ասում է՝ չէ՛, դու ես։ Կրկնում եմ՝ ես չեմ։

Հետո մի հատ հեռախոս են բերել, մեջի նկարները ցույց տվել՝ հեռադիտակի, գետնին թափված շորերի ու իրերի։ Ասում են՝ սա քոնն է։ Ասել եմ՝ իմը չեն։ Շորերը գետնին թափված էին, ցելոֆան էլ կար։ Ասել եմ՝ իմը չեն, բայց պնդել են, թե հաստատ իմն են։ Չեն էլ ասել, թե դրանք իմ բակից են նկարել։ Ասել են՝ քոնն է։ Հետո արդեն կալանավորեցին»,- պատմեց Նարեկ Օհանյանը։

Հիշեցնենք, որ 2025 թվականի սեպտեմբերի 23-ին Արմավիրի մարզի Մերձավան գյուղում՝ Երևանյան խճուղում, դիմակավորված անհայտ անձը ինքնաձիգից կրակ է բացել Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի, ոստիկանության ծառայող Կարեն Աբրահամյանի և քաղաքացի Արծրուն Գալստյանի ուղղությամբ։ Գրիգորյանն ու Աբրահամյանը մահացել են։

Դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին մասի (երկու դրվագ) և 335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Ներկայումս գործով երկու մեղադրյալ կա՝ 31-ամյա Նարեկ Օհանյանն ու 20-ամյա Գևորգ Հարությունյանը։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031