Կառավարությունը նախատեսում է սոցիալական տարբեր խմբերի համար վճարել նոր բիոմետրիկ անձնագրերի և նույնականացման քարտերի վճարները։ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։
«Ներքին քննարկումներ ունենք կառավարությունում, թե հատկապես որ սոցիալական խմբերի համար ինչպիսի փաթեթ ենք առաջարկելու։ Հիմա ձեռնպահ կմնամ որևէ լուծում նշելուց, բայց ասեմ, որ հունվար-փետրվար ամիսների կտրվածքով արդեն կհանրայնացնենք մեր որոշումը։ Վստահ հաշվի կառնենք բոլոր սոցիալական խմբերին»,- ասաց Արփինե Սարգսյանը։
ՔՊ խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանը հարցրեց․ «Ճի՞շտ հասկացա, որ այդ սոցիալական խմբերի համար կվճարի պետությունը»։ Արփինե Սարգսյանը պատասխանեց՝ այո։
«Բայց պետք է նկատի ունենանք, որ նույնականացման քարտը և բիոմետրիկ անձնագիրն անվճար չեն լինելու։ Եվ եթե նույնիսկ մենք հայտարարենք սոցիալական փաթեթները, այդ գինը վճարելու է պետությունը, որովհետև այս որակի փաստաթղթերն անվճար չենք կարող տրամադրել»,- հավելեց ՆԳ նախարարը։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ



















































