Փարաքար համայնքի նախկին ղեկավար Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով դատական նիստի ընթացքում մեղադրյալ Նարեկ Օհանյանը հայտարարել է, որ իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։
Օհանյանի խոսքով՝ ո՛չ Վալոդյա Գրիգորյանը, ո՛չ ոստիկանության ծառայող Կարեն Աբրահամյանը, ո՛չ էլ Արծրուն Գալստյանը կապ չեն ունեցել իր եղբոր սպանության հետ։ Նա պնդել է, որ եղբոր մահվան դեպքը կապված է եղել անախորժության և կռվի հետ, որի ընթացքում կրակոց է հնչել, սակայն ինքը չի տեսել՝ ով է կրակել։
«Եղբորս գործով մեղադրյալն էլ Վալոդյայի հետ կապ չունի»,- ասել է Նարեկ Օհանյանը։
Նա նշել է, որ դեպքից առաջ և հետո Վալոդյա Գրիգորյանի հետ հարաբերություններ չի ունեցել։ Օհանյանի խոսքով՝ եղբոր սպանությունից հետո Պայքար Գրիգորյանի՝ Վալոդյա Գրիգորյանի եղբոր նկատմամբ վրեժխնդրության զգացում է ունեցել, սակայն հետագայում, երբ ստացել է փորձաքննության եզրակացությունը, ըստ որի՝ Պայքար Գրիգորյանը կապ չի ունեցել եղբոր սպանության հետ, և որոշ ժամանակ անցել է, իր վերաբերմունքը փոխվել է։
Կարդացեք նաև
«Տաք վիճակդ որ սառում է, սկսում ես ամեն ինչին ռեալ նայել»,- ասել է նա՝ ընդգծելով, որ Վալոդյա Գրիգորյանը նույնիսկ անուղղակի կապ չի ունեցել եղբոր սպանության հետ։
Որտե՞ղ է եղել սպանության օրը
Նարեկ Օհանյանը դատարանում ներկայացրել է նաև սեպտեմբերի 23-ին իր տեղաշարժերը՝ պնդելով, որ ամբողջ օրը եղել է աշխատանքի վայրում, ապա՝ ծանոթների հետ։
Նրա խոսքով՝ սպանության օրը առավոտյան տնից դուրս է եկել, պարսպի մոտ տեսել Արծրուն Գալստյանին, բարևել նրան և գնացել Այգեկ գյուղում գտնվող արտադրամաս, որտեղ աշխատում է։ Օհանյանի խոսքով՝ ամբողջ օրն այնտեղ է անցկացրել՝ զբաղվելով աշխատանքային գործերով և հեռախոսազանգերով, մինչև երեկոյան ժամը 18։00-ն։
Այնուհետև գործընկերոջ հետ գնացել է Բաղրամյան գյուղ՝ վերջինիս մեքենայի յուղը փոխելու։ Դրանից հետո ճանապարհին իջել է Արիստակեսյան Ալբերտի քարի արտադրամաս, որտեղ, ըստ նրա, քննարկել է եղբոր շիրմաքարի հետ կապված հարցերը։ Օհանյանն ասել է, որ այնտեղ մնացել է մոտ երկու ժամ՝ զրուցելով և դիտելով նկարները։
Մեղադրյալի խոսքով՝ երեկոյան ժամը 21։00-ի սահմաններում ցանկացել է վերադառնալ տուն և զանգահարել է իր ծանոթ Սամվելին, որպեսզի վերջինս գա իր հետևից։ Սամվելը նրան իջեցրել է բնակության վայրի մոտ գտնվող փոստի մոտ։ Այնտեղ նրանց է միացել նաև Գառնիկը, որից հետո նրանք գնացել են մեքենայի գազը լիցքավորելու։
Օհանյանն ասել է, որ այդ ընթացքում մտել է իր կիսակառույց տուն՝ մետր վերցնելու, ապա դուրս եկել և այրել կենցաղային աղբը.
«Մեջս աղբը վառելն է տպավորված եղել»։
Պաշտպան Վահան Հովհաննիսյանը հետաքրքրվել է՝ մինչև տուն մտնելը Նարեկ Օհանյանը նրա հետ եղած անձանց ասե՞լ է, որ գնում է աղբ այրելու։ Մեղադրյալը պատասխանել է, որ չի հիշում՝ ասել է այդ մասին, թե ոչ։
Փաստաբանը նաև հարցրել է՝ նախաքննության ընթացքում քննիչին հայտնել է արդյոք, թե ինչու էր այդ ժամին տուն գնում և որ մտադիր էր մետր վերցնել։
«Չեմ ասել, որովհետև այդպիսի հանգամանքներին չեմ էլ անդրադարձել, ոչ մեկն ինձ չի էլ հարցրել։ Մեջս աղբը վառելն է տպավորված եղել, հիմա էլ հասկանում եմ՝ ինչու է աղբ վառելը դարձել տենց մի բան»,- ասել է Օհանյանը։
Նա մանրամասնել է, որ տան լուսամուտների արանքներից պոկված շինարարական կպչուն ժապավեններն ու մի քանի փոքր ցելոֆաններ հավաքել է աղբի տարայի մեջ։ Նրա խոսքով՝ իր մոտ լուցկի կամ կրակայրիչ չի եղել, և կրակ ստանալու համար դիմել է մեքենայում գտնվող ծանոթներին։
«Մի րոպե էլ չի տևել այդ վառելը, մի քիչ բենզին եմ լցրել, աղբը վառել եմ, նստել մեքենան։ Հետո շարժվեցինք դեպի գազի զապրավկա»,- պատմել է նա։
Օհանյանը նշել է, որ իրենց երթուղին անցել է Վալոդյա Գրիգորյանի տան մոտով։ Փաստաբանի հարցին՝ ուշադրություն դարձրե՞լ է՝ տան մոտ մեքենաներ կային, թե ոչ, պատասխանել է. «Չեմ հիշում՝ նայել եմ, թե չէ, Վալոդի ավտոն պետք է կանգնած լիներ էլի»։
Նրա խոսքով՝ այնտեղից վերադարձել են փոստի մոտ, ապա գնացել տուն։
Նարեկ Օհանյանը պնդում է՝ սպանության օրը գործով մյուս մեղադրյալ Գևորգ Հարությունյանի հետ չի հանդիպել
Հարցին, թե դեպքից առաջ վերջին անգամ երբ է տեսել Գևորգին, նա պատասխանել է, որ, հավանաբար, դեպքից մեկ օր առաջ՝ երեկոյան ժամը 22։00-ի սահմաններում, փոստի մոտ։
«Առանձնապես բան չի եղել, որ հիշեմ՝ ինչ ենք խոսել, բարևել եմ, ինչ եք, ոնց եք, անցել եմ առաջ»,- ասել է նա։
Անդրադառնալով Գևորգ Հարությունյանի հետ իր և եղբոր հարաբերություններին՝ Օհանյանը նշել է, որ նրանք նույն շրջապատի հետ են շփվել, սակայն Գևորգին եղբոր մտերիմ ընկերը չի համարել։
«Ոնց որ ես եմ այդ շրջապատի հետ շփվում, նույնն էլ իմ եղբայրն է շփվել։ Որ ասեմ՝ ընկեր են եղել, չեն եղել։ Գևորը երբեք չի եկել մեր բնակության վայր։ Երբեք Գևորգի հետ չեմ քննարկել եղբորս հետ կապված դեպքի հանգամանքները»,- ասել է նա։
Օհանյանը նաև պնդել է, որ Գևորգն իրեն որևէ առաջարկ չի արել՝ կապված եղբոր դեպքի հետ, և ինքը ևս որևէ մեկին թույլ չէր տա նման գործողություններ կազմակերպել։
Ինչպե՞ս է իմացել Վալոդյա Գրիգորյանի սպանության մասին
Նարեկ Օհանյանի խոսքով՝ տուն վերադառնալուց հետո հաց է կերել և հեռախոսով զրուցել ԱՄՆ-ում գտնվող քրոջ հետ։
Նրա պատմելով՝ կեսգիշերին՝ ժամը 00։00-ի սահմաններում, իրեն զանգահարել է Դավիթ Ախտոյանը (Մերձավանի նախկին ՔՊ-ական համայնքապետի եղբայրը) և հայտնել, որ ոստիկանությունից են զանգահարել՝ ասելով, թե ինչ-որ դեպք է տեղի ունեցել։
Օհանյանը խնդրել է Դավիթին՝ երբ ճշտի՝ ինչ է կատարվել, իրեն էլ հայտնի։
Դրանից հետո, ըստ նրա, զանգահարել է մանկության ընկերը՝ հարևանը, և խնդրել դուրս գալ բակ՝ զրուցելու։ Օհանյանը դուրս է եկել, որտեղ մանկության ընկերն ասել է, որ Վալոդյա Գրիգորյանի տան մոտ ոստիկաններ են հավաքվել, բայց չգիտի՝ ինչ է տեղի ունեցել։
«Ասացի՝ լավ, դե հեսա կիմանանք՝ ինչ է եղել»,- պատմել է նա։
Օհանյանի խոսքով՝ մոտ տասը րոպե անց Դավիթ Ախտոյանը կրկին զանգահարել է և հայտնել, որ կրակել են Վալոդյա Գրիգորյանի վրա։
«Արդեն խառնված վիճակ էր։ Շոկային վիճակ»,- դատարանում ասել է Նարեկ Օհանյանը։
Հիշեցնենք, որ 2025 թվականի սեպտեմբերի 23-ին Արմավիրի մարզի Մերձավան գյուղում՝ Երևանյան խճուղում, դիմակավորված անհայտ անձը ինքնաձիգից կրակ է բացել Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի, ոստիկանության ծառայող Կարեն Աբրահամյանի և քաղաքացի Արծրուն Գալստյանի ուղղությամբ։ Գրիգորյանն ու Աբրահամյանը մահացել են։
Դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին մասի (երկու դրվագ) և 335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
Ներկայումս գործով երկու մեղադրյալ կա՝ 31-ամյա Նարեկ Օհանյանն ու 20-ամյա Գևորգ Հարությունյանը։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ



















































