Այսօր Հակակոռուպցիոն դատարանում քննարկվում է ՊԵԿ նախկին նախագահ, անկողնուն գամված Գագիկ Խաչատրյանի խափանման միջոց կալանքը ևս երկու ամսով երկարացնելու միջնորդությունը։ Նիստից առաջ Գագիկ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը լրատվամիջոցներին ասաց. «Առողջականի հետ կապված ասեմ, որ 2026 թվականի սեպտեմբերի 2-ից սկսած, ինչ գտնվում է ՔԿՀ-ում, Գագիկ Խաչատրյանը թեկուզ մեկ անգամ ոտքի վրա չի կանգնել, որովհետև ինքնուրույն կանգնելու հնարավորություն չունի, իսկ այնտեղ որևէ մեկը այդ գործողությունները չի կատարում։ Յուրաքանչյուրը, ով մի փոքր պատկերացում ունի բժշկական հարցերից, հասկանում է, տեղյակ է, որ եթե ողնաշարի նման խնդիրներ ունեցող անձինք երկարատև մեջքի վրա պառկած վիճակում են գտնվում, լրացուցիչ խնդիրներ են առաջանում, այդ թվում՝ թոքաբորբ է զարգանում, պառկելախոցեր են առաջանում։
Արդեն իսկ առաջին փուլում գտնվող պառկելախոցերի սկիզբը կա։ Թոքաբորբը կարող է հաստատվել համապատասխան հետազոտություններով, և դա կանխելու համար համապատասխան բժիշկը, որ այցելել է ՔԿՀ և ցուցումներ է տվել։
Մենք դրանից հետո դիմել ենք «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ին, որ տեղափոխեն։ Ընդ որում, մենք առաջին օրվանից ենք դիմել և սեպտեմբերի 2-ից սկսած ասում ենք՝ տեղափոխեք Բժշկական կենտրոն համապատասխան խնամք և բուժում ստանալու համար։ Մինչև հիմա նա որևէ անգամ բուժման չի տեղափոխվել։ Մի անգամ նշեցին, որ կապ են հաստատել բժշկական հաստատության հետ, և պարզվել է, իբր, այդ համաձայնությունը, որը մենք ենք ձեռք բերել Բժշկական կենտրոնի հետ, չի հաստատվել։
Այստեղ մի բժշկի հարց չէ։ Այսինքն՝ կա հիմնական բուժող բժիշկ և կա հիվանդանոց, ուր պետք է տեղափոխեն՝ արյան անալիզներ, ռենտգեն և այլ հետազոտություններ անցկացնեն։ Եվ այդ ընթացքում մենք բժշկի հարցը կլուծեինք։ Այսինքն՝ եթե կոնկրետ այդ պահին բժիշկը չի կարողանում, դա չի նշանակում, որ անձին չպետք է տեղափոխենք հիվանդանոց։ Իհարկե, մենք նոր բժշկի անուն էլ էինք գրել և խնդրել էինք, որ տեղափոխեն։ Մոտ տասն օր է՝ սպասում ենք արձագանքի և որևէ արձագանք չունենք։
Կարդացեք նաև
Գիտե՞ք՝ ինչ է տեղի ունենում։ Շատ բյուրոկրատական ռեժիմ է։ Այսինքն՝ գրում ենք դիմումը, որ անհապաղ պետք է տեղափոխել բժշկական հաստատություն, ասում են՝ օրենքով սահմանված ժամկետ, 10 օր են դիտարկում, ասում են՝ կպատասխանենք։ Բայց այստեղ կյանքի ու առողջության հարց է։ Ու բացարձակ կարևոր չէ՝ ում հետ գործ ունենք։ Այսինքն՝ անուններով չպետք է շարժվենք։
Պետք է նկատի ունենալ. կա անձ, որն առողջական խնդիրներ ունի և գտնվում է քրեակատարողական հիմնարկում։ Ինքը կարողանո՞ւմ է ինքնուրույն գնալ հիվանդանոց։ Չի կարողանում։ Ուրեմն դուք պետք է ապահովեք։ Հենց հիմա Գագիկ Խաչատրյանին տեղափոխել են այստեղ՝ միզապարկի կաթետերով, և այդ կաթետրը տարել են փոխելու։ Աբսուրդ է այս իրավիճակում անձին կալանավորելը՝ իմանալով, որ կարող է բարդություն առաջանալ, նույնիսկ ամենավատ հետևանքներ կարող է ունենալ։
Ասում են, թե անհրաժեշտ բուժումն ապահովում են։ Բայց իրականում այդ բուժումը չի ապահովվում, որովհետև այդ բուժումը միայն հիվանդանոցում կարող են ապահովել։ Ընդամենը խնամակալ են նշանակել, որը գալիս, փորձում է սնունդը մոտեցնի, որոշակի փոփոխություններ է անում մահճակալում։ Բայց դա բացարձակ բուժում չէ»։
Փաստաբանը նշեց, որ իրենք որպես այլընտրանքային խափանման միջոց պատրաստ են առաջարկել ամեն ինչ ու խնդրեց, որ հարցերը հետաձգեն, որովհետև նիստը պետք է սկսվի։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ



















































