«Ազատություն» ռ/կ հայկական ծառայություն
Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիևին 14 տարվա ազատազրկման է դատապարտել մի քանի, այդ թվում՝ պետական դավաճանության մեղադրանքով, հայտնում է ադրբեջանական APA-ն:
Հաշվի առնելով մեղադրյալի տարիքը և առողջական վիճակը (Մեհդիևը ծանր հիվանդություններ ունի), դատարանը որոշել է պատիժը կիրառել պայմանական։
Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը Ռամիզ Մեհդիևի դեմ քրեական գործ էր հարուցել 2025 թվականի հոկտեմբերին։
Կարդացեք նաև
Նրան մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 193-1.3.2 (հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի լվացում), 274 (պետական դավաճանություն) և 278.1 (իշխանությունը բռնի զավթելու կամ պետության սահմանադրական կարգը բռնի կերպով փոխելուն ուղղված գործողություններ) հոդվածներով։
Այս տարվա փետրվարին Ադրբեջանի պետանվտանգության ծառայությունը մանրամասներ էր ներկայացրել գործից, ըստ որի՝ Մեհդիևը փորձել էր Ռուսաստանի օգնությամբ երկրում պետական հեղաշրջում անել:
Մասնավորապես ծառայությունը հրապարակել էր 87-ամյա նախկին պաշտոնյայի մի քանի հեռախոսազրույցների ձայնագրությունը, որոնցից մեկում նա ռուսերենով խոսում է մի կնոջ հետ, որին առաջարկում է Ադրբեջանում «պետական կառավարման համակարգի վերակազմակերպման» մասին իր առաջարկը փոխանցել ենթադրաբար ռուսական հատուկ ծառայությունների աշխատակցին:
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ առաջարկում, որը Մեհդիևը պատրաստել է 2025-ի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին, ըստ էության, ներկայացված է եղել Ադրբեջանում հնարավոր պետական հեղաշրջումից հետո երկրի կառավարման նոր մոդելը:
Ռամիզ Մեհդիևը 1995-2019 թվականներին զբաղեցրել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը։
Նույն գործի շրջանակում՝ առանձնապես ծանր հանցագործությունների, այդ թվում՝ պետական դավաճանության և իշխանության բռնի զավթմանն ուղղված գործողությունների համար վեց տարվա ազատազրկման է դատապարտվել նրա նախկին օգնական Էլդար Ամիրովը:
Qafqazinfo-ի փոխանցմամբ՝ Ամիրովը պատիժը կկրի ընդհանուր ռեժիմի ուղղիչ հիմնարկում։



















































