«Ես տղաների ընդհանուր մասնակցությունը գնահատում եմ գերազանց։ Այո, չորսից՝ չորս։ Այսպիսի բան չէր եղել։ Բացի դա, սա աշխարհի առաջնություն էր։ Մի պահ, կարծես, աշխարհի առաջնություն էլ չլիներ։ Մեդալները որ սկսեցին գալ, արդեն շատ հանգիստ ստացվեց։ Օրինակ, Արթուր Ավետիսյանի արդյունքը շատ բարձր է, բայց այնքա՜ն հանգիստ ընդունվեց, որովհետեւ շատ լարված էր կոնկրետ նժույգ թափերի մասով։ Ես մրցավար էի։ Այնտեղ ասում էին, որ նժույգ թափերը ամենաբարձր մակարդակն էր։ Տարբերվում էր բոլոր գործիքներից։ Մակարդակն այնքան է բարձրացել, որ արդեն 14.933-ը գրավում է 4-րդ, 5-րդ տեղ»,- ասաց Հայաստանի սպորտային մարմնամարզության տղամարդկանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, միջազգային կարգի մրցավար Հակոբ Սերոբյանը Արմենպրես լրատվական գործակալությունում՝ ամփոփելով Ռոտերդամում օրերս անցկացված աշխարհի առաջնությունում մեր մարզիկների ցույց տված արդյունքները։

Նիդեռլանդների Ռոտերդամ քաղաքում տեղի ունեցած սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնության արդյունքների ամփոփմանը նվիրված ասուլիս
Մասնագետը իր խոսքում նաեւ անկեղծացավ, որ ինքը երկու մեդալի ակնկալիք ուներ՝ Արթուր Դավթյանից եւ Համլետ Մանուկյանից։
«Փառք աստծո, այդ լարվածությունը մենք անցանք։ Ապրեն տղաները։ Դե, Մամիկոնն իրենն արեց։ Թեթեւ վնասվածքներ ուներ, ինչպես Արթուր Դավթյանը։ Որ Մամիկոնն իրենն արեց, վերջում Արթուրը հարձակվեց։ Իտալացու գնահատականն այնքա՜ն բարձր էր։ Այդպիսի գնահատական չէր եղել; Ավելի վաղ, Challenge Cup-ում իտալացին ստացել էր 15, Համլետը հաղթել էր 15,2-ով։ 15. 233-ը շատ բարձր արդյունք էր։ Ուրիշները, մանավանդ երիտասարդները, կհանձնվեին։ Ես չէի կասկածում։ Ապրի ինքը, արեց մինչեւ վերջ։ Այնքան հուզմունք կար։
Արթուր Ավետիսյանը, որ իր վարժությունն էր կատարում, ես գոհ չէի։ Ինքն էլ գիտի՝ ինչի համար։ Եթե աներ Եվրոպայի առաջնության նման, հաստատ երկրորդ տեղում կլիներ, գուցե նաեւ առաջին տեղում։
Կարդացեք նաև
Իսկ Դավթյան Արթուրի մասին խոսք չկա։ Եվրոպայի առաջնությունից «մուռը հանեց»։ Ինքը մի ոտքով Եվրոպայի չեմպիոն էր։ Չստացվեց։ Եվ ես հենց այնտեղ իրեն ասացի. «Արթուր ջան։ Աշխարհին ես պատրաստվում, այնտեղ էլ կանես»։
Ես հպարտանում եմ իմ տղաներով։ Ապրի մարզիչը, մեր Հայկ Նազարյանը։ Լավ աշխատանք է տանում ու դա ապացուցել է շուտվանից։ Ես վստահել ու վստահում եմ։ Մեր ընտանիքն է։ Ես հպարտ եմ իրենցով»,-ասաց Հակոբ Սերոբյանը։

Նիդեռլանդների Ռոտերդամ քաղաքում տեղի ունեցած սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնության արդյունքների ամփոփմանը նվիրված ասուլիս
Հակոբ Սերոբյանը որպես միջազգային կարգի մրցավար խոսեց նաեւ մրցավարությունում կատարվող փոփոխությունների մասին։ Նա տեղեկացրեց, որ հիմա ցատկերը մոնիտորի վրա ցույց է տալիս ռոբոտը։ «Դա մեր օգտին է, որովհետեւ այդպես վարժության մաքրությունն ավելի պարզ ու տեսանելի է եւ գնահատականն էլ՝ ավելի օբյեկտիվ։ Մրցավարն արագության մեջ թերությունները լրիվ ու մինչեւ վերջ չէր տեսնում։ Հիմա արդեն այդպես չէ։ Թող մեծամտություն չթվա, բայց այս նորարարությունը մեր օգտին է, որովհետեւ մենք մարմնամարզության մաքրությունն ու գեղեցկությունն ենք ցուցադրում»։ Նաեւ նշեց, որ այս նոր տեխնոլոգիան, որ արդեն կիրառվում է, կգործի նաեւ օլիմպիական խաղերում։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ



















































