Լրահոս
Օրվա լրահոսը

«ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՋԵՐՄՈՑԱՅԻՆ ՎԻՃԱԿՈՒՄ ԵՆ»

Ապրիլ 10,2009 00:00

\"\"Երեկ կազմակերպված՝ բուհական խնդիրներին վերաբերող քննարկման ժամանակ հայտարարեց տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Արմեն Ճուղուրյանը:

2005-ի մայիսի 18-ին Հայաստանը միացավ Բոլոնիայի գործընթացին: Այդ ժամանակվանից ի վեր ՀՀ կրթական համակարգում սկսվեցին կատարվել մի շարք բարեփոխումներ, որոնք բազում տարաձայնությունների տեղիք տվեցին:

Վ. Թեքեյանի անվան մշակութային կենտրոնում երեկ կազմակերպված քննարկումը հենց այս թեմայով էր, որի ժամանակ տեղի ունեցավ նաեւ բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգո Երիցյանի եւ տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Արմեն Ճուղուրյանի հեղինակած «Բոլոնիայի գործընթաց. համալսարանական կրթություն եւ ակադեմիական ազատություններ» գրքի շնորհանդեսը: Համահեղինակները խոսեցին այն խնդիրների մասին, որոնց առջեւ կանգնած է այսօրվա հայաստանյան կրթադաշտը: Ա. Ճուղուրյանը մանրամասնեց, թե ինչ ասել է ակադեմիական ազատություններ. «Դա ներառում է ուսանողակենտրոն ուսուցում, ինչը ենթադրում է, որ ուսանողին պիտի ազատ ժամանակ տրամադրվի լսարանից դուրս սովորելու համար, որ ուսումնառության կենտրոնը լինի ոչ թե դասախոսը, այլ ուսանողը: Նա պիտի մասնակից լինի իր ուսումնական ծրագրերի ձեւավորմանը, ինչից այժմ զրկված է: Պատճառը մեր բուհերի դասախոսական համակազմի ոչ պատրաստված վիճակն է, այն բարդույթները, որոնց համաձայն՝ ուսանողն ավելի շատ կառավարվողի դերում է, քան որոշումներ կայացնողի»: Այնուհետեւ պարոն Ճուղուրյանը խոսեց ուսանողների՝ ժամանակի տնօրինման եւ նրանց կրթելու մեխանիզմների մասին. «Արտասահմանում ուսանողներն իրենց հացն են վաստակում, իսկ Հայաստանում ուսանողները դասից գնում են տուն եւ գամվում սերիալներին: Այսինքն՝ ոչ աշխատում են, ոչ էլ դասից դուրս զբաղվում ինքնակրթությամբ: Նրանց բավարար է այն, ինչ տվել է դասախոսը: Մյուս կողմից էլ մենք մեր ուսանողներին պահում ենք ջերմոցային վիճակում, այսինքն՝ դասախոսը 4-5 տարի նրանց ձեռքից բռնած սովորեցնում է, բայց այդ ընթացքում երիտասարդը չի ստանում գիտելիքներ՝ ինքնուրույն գործելու, գոյատեւելու, աշխատանքային պայմաններում մրցակցությանը դիմակայելու համար»:

Պարոն Ճուղուրյանը խոսեց նաեւ ուսանողների՝ ոչ բավարար տեղեկացվածության աստիճանից. «Նրանք չգիտեն, որ բուհի կառավարման համակարգում կարող են դերակատարություն ունենալ: Երբեմն ուսանողները մասնակցում են բուհի կառավարման խորհրդի՝ որոշումների կայացման գործընթացին, բայց ձեւականորեն: Մյուս կողմից էլ՝ ուսանողներն իրենք չեն ցանկանում մասնակցել այդ գործընթացներին»:

Իսկ Սերգո Երիցյանը մեր երկրում կրթական բարեփոխումների իրականացման ներկայիս մակարդակի մասին ասաց. «Ոչ շատ առաջ ենք, ոչ շատ հետ»: Նա խոսեց նաեւ ուսանողական միջավայրի ձեւավորման, ուսանող-դասախոս երկխոսության անհրաժեշտության, փոխվստահության անհրաժեշտության մասին: Այս կապակցությամբ Ս. Երիցյանին հիշեցրինք, թե «Միասին» երիտասարդական շարժումն ինչպես վարվեց դասախոսների հետ: Նա նկատեց. «Եթե փոխվստահություն լիներ, նման խնդիր չէր առաջանա»: Քանի որ զրուցակիցս խոսեց նաեւ ուսանողական միջավայրի ձեւավորման հարցում ուսանողական խորհուրդների դերի մասին, հարցրինք՝ ինչպե՞ս կարող են նրանք ինչ-որ բան փոխել, եթե համատարած «հանրապետականացված» են: Ս. Երիցյանն ասաց. «Բուհերը, առավել եւս ուսանողական խորհուրդները, պիտի լինեն ապաքաղաքականացված»:

«Առավոտը» զրուցեց նաեւ քննարկմանը ներկա ուսանողների հետ: Հյուսիսային համալսարանի ուսանողուհի Նարինե Մելքոնյանը, ուսանողների պասիվության մասին մտահոգությունների վերաբերյալ ասաց. «Այն, որ ուսուցումը ուսանողակենտրոն չէ, միայն ուսանողները մեղավոր չեն: Արտասահմանում դա նկատելի է, քանի որ ուսուցումն այնտեղ այլ կարգի է»: Իսկ Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանող Յուրի Վարդանյանը մտահոգվեց. «Բուհը չի վստահում ուսանողին, պետությունն էլ՝ բուհին: Այդ անվստահության պատճառն այն է, որ ուսանողները առողջ քննադատությունը չեն տարբերում պախարակումից: Իսկ ուսանողական խորհուրդները կարծես սոցիալ-մշակութային կենտրոններ լինեն, որոնք միայն արշավներ, զվարճալի միջոցառումներ են կազմակերպում, այնինչ՝ պիտի ապահովեն բուհի անձնակազմի եւ ուսանողության միջեւ երկխոսություն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել